HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վանաձորի 2 խոշոր տեքստիլ գործարաններում կորոնավիրուսի օջախներ են հայտնաբերվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության օգոստոսի 20-ի նիստում, մինչ օրակարգին անցնելը, առողջապահության նախարարին խնդրեց կորոնավիրուսային իրավիճակի մասին տալ գնահատական։

«Երեկ արձանագրվել է 263 նոր դեպք՝ կատարված 1993 հետազոտություններից։ Գնահատելով և համեմատելով նախորդ 2-3 շաբաթների իրավիճակը՝ կարող ենք հանգել, որ ունենք իրավիճակի կայունացում, և դրան նախորդող անկման միտումը կարծես թե դադարել է առնվազն 2-3 շաբաթվա համար։ Սակայն բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը կրկին մնում է ավելի քան կառավարելի, որևէ խնդիր չունենք։ Հաշվի առնելով այն տնտեսական ակտիվությունը և ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում՝ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, կարծում եմ, որ շատ դժվար է լինելու մեր օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի, և կարծես թե մեր որոշումն այնպիսին է, որ այդ իրավիճակը պահպանվելու է։ Նման կառավարելիության վիճակում պահպանելու համար գոնե դրված կանոնները և դեռ առկա սահմանափակումները պետք է պահպանենք»,- հայտնեց Արսեն Թորոսյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ իրականում կայունություն ասվածը հարաբերական է, որովհետև կայունությունը ցանկացած պահի կարող է փոխվել և դառնալ անկայունություն․

«Ընդհանուր առմամբ, մենք ավելորդ ոգևորությամբ ենք արձագանքում թվերի նախընթաց անկմանը։ Իհարկե, մեր օրական միջին թվերը ավելի քան կրկնակի հուլիսի հետ համեմատած նվազել են, բայց եթե մենք ճիշտ չարձագանքենք իրավիճակին, մենք արագ կվերադառնանք էլի հուլիսյան իրավիճակին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կրկին արձանագրեց, որ կառավարության քաղաքականությունը եղել է այն, որ որևէ քաղաքացի առանց բուժօգնության չպետք է մնա, և իրենք կարողացել են դա ապահովել և կապահովեն առնվազն այն ծավալների պարագայում, որ եղել է հուլիսի սկզբին։

«Մենք գիտենք, որ պարտադիր կարգով 100 նոր դեպքերից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու, պարտադիր։ Այսինքն՝ սա Հայաստանի համար խնդիր չէ, ամբողջ աշխարհում է էդպես։ Հարցն այն է, որ մեր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով։ Իհարկե, նաև վարչական լծակները պետք է օգտագործվեն, նաև ոստիկանությունը պետք է շատ ակտիվ ջանքեր գործադրի, որպեսզի դիմակի կրման կանոնների չպահպանման դեպքերը պատշաճ արձանագրվեն և վարչական արձանագրում ստանան, բայց կրկին իմ արձանագրումը մնում է նույնը, որ անհատական պատասխանատվությունը պայքարի ամենարդյունավետ միջոցն է։ Իմ տպավորությունն այն է, որ մենք անհատական պատասխանատվության մակարդակում մեր զգոնությունը պահանջվածից և իրատեսականից ավելի ենք թուլացրել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը կոչ արեց քաղաքացիներին առավելագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները։

Արսեն Թորոսյանն էլ անդրադարձավ նաև տնտեսվարողների պատասխանատվության հարցին՝ նշելով, որ Լոռու մարզը, հատկապես՝ Վանաձոր քաղաքը, կորոնավիրուսի դեպքերով շարունակում էր ավելի բարձր տեղում լինել․

«Այնպես է ստացվել, որ տարբեր տեսակի հաստատություններից վերցրած թեստերից գրեթե բոլոր տեղերում ունենք զրոյական արդյունք, բացառությամբ՝ 2 խոշոր տեքստիլի գործարաններից։ Նրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել, ասիմպտոմ։ Դա նշանակում է, որ էդ ֆաբրիկայում կանոններն ընդհանրապես չեն պահպանվում»,- հայտնեց նախարարը։

Վարչապետը հանձնարարեց զբաղվել նշված 2 տեքստիլ ընկերություններով։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ ոչ միայն Վանաձոր քաղաքում գործող տեքստիլներում, այլև ընդհանուր առմամբ այդ ոլորտում վերահսկողական աշխատանքները շարունակվում են։  

«Ըստ էության, բոլոր սահմանված կանոնները պահպանվում են, և ամենայն հավանականությամբ, այդ վարակիրները, որոնք հայտնվում են տեքստիլ արդյունաբերության ոլորտում, շատ հնարավոր է, որ դրսից են բերվում»,- ասաց Արթուր Ասոյանը։

Սակայն վարչապետը չհամաձայնեց Արթուր Ասոյանի այս մտքին՝ նշելով, որ եթե բոլոր տեղերը ստուգվում են, զրո է, իրենց մոտ՝ 50, նշանակում է՝ իրենք են օջախը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter