HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան հոսող տրանսֆերտները կես տարում 17.4%-ով կրճատվել են

Արտասահմանից Հայաստան ուղարկվող գումարները շարունակում են կրճատվել։ Առավել տեսանելի է Ռուսաստանից հոսող գումարների նվազումը. այս տարի արտագնա աշխատանքի մեկնողները ստիպված են եղել մնալ հայրենիքում։

Այս տարվա առաջին կիսամյակում բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան է ուղարկվել մոտ 716 մլն դոլարին համարժեք գումար։ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տրամադրած տվյալները վկայում են, որ նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ այս տրանսֆերտենրը նվազել են 151 մլն դոլարով կամ 17.4 %-ով։

Սրանք արտերկրից ֆիզիկական անձանց ուղարկած գումարներն են։ Սովորաբար, այս գումարներում մեծ կշիռ են ունենում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների ուղարկած փողերը։

Փետրվարից արդեն պարզ էր, որ տրանսֆերտները նվազելու են, քանի որ մեր հայրենակիցների գերակշիռ մասն այս տարի նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով այդպես էլ չմեկնեց Ռուսաստան։ Բացի այն, որ սահմաններն են փակ եղել, նաև արտասահմանից աշխատանքի առաջարկներ չեն եղել։

Միայն Ռուսաստանից այս տարվա առաջին վեց ամսում (2020 հունվար-հունիս) Հայաստան է ուղարկվել 317 մլն դոլար, որը կազմում է դեպի Հայաստան դրամական փոխանցումների 44 %-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Ռուսաստանից ստացվող գումարները կրճատվել են 127 մլն դոլարով կամ 28.6 %-ով։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ տրանսֆերտների կրճատումը գլխավորապես պայմանավորված է Ռուսաստանի գործոնով։

Մյուս երկրներից ուղարկվող գումարները ևս պակասել են։ Սակայն, ակնհայտ է, որ նվազումն ավելի փոքր տեմպերով է։ Այս տարվա առաջին կիսամյակում դրանք կազմել են 398 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ նվազելով 5.6 %-ով։

Այդուհանդերձ, եթե առանձնացնում ենք, տեսնում ենք, որ մի քանի երկրներից Հայաաստան ուղարկվող գումարներն ավելացել են։ Օրինակ՝ եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում ԱՄՆ-ից Հայաստան է ուղարկվել 128 մլն դոլար, ապա՝ այս տարվա նույն ժամանակաշրջանում այն կազմել է 141 մլն դոլար։

Հայաստանից ևս ավելի քիչ գումար է դուրս եկել

Ինչպես արտասահմանից են ֆիզիկական անձինք պարբերաբար գումարներ ուղարկում Հայաստան, այնպես էլ՝ Հայաստանից է ուղարկվում դեպի արտասահման։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտասահման էլ փոխանցվել մոտ 523 մլն դոլար։

Հետաքրքիր է, որ գումարների այս արտահոսքը կրճատվել է նույն տեմպերով, որքանով ներհոսքը՝ 17.8 %-ով (կամ 113 մլն դոլարով)։

Սակայն, Հայաստանից դուրս եկող գումարների կրճատումը ոչ միայն համավարակի ու դրա առաջացրած տնտեսական հետևանքներով, մարդկանց եկամուտների նվազմամբ է պայմանավորված, այլև՝ այն հանգամանքով, որ նախորդ տարի ավտոմեքենաների ներմուծումն էր մեծապես ազդել աճի վրա, իսկ այս տարի այդ գործոնը չկա։ Քանի որ ավտոմեքենաների մաքսազերծումը 2020 թվականից էական թանկանալու էր, հայաստանցիները շտապել են հասցնել մեքենաներ ներմուծել 2019-ին, և գումարները մեքենաների սեփականատերերին են փոխանցել բանկերի միջոցով, որն էլ արտացոլվել է տրանսֆերտների վիճակագրության մեջ։

Հայաստանից արտասահման դրամական փոխանցումներում ևս ամենամեծ կշիռը Ռուսաստանին է։ Այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստան է փոխանցվել 189 մլն դոլար՝ 9.2 %-ով պակաս նախորդ տարվա նույն կիսամյակի ցուցանիշից։

Իսկ դեպի այլ երկրներ ընդհանուր առմամբ փոխանցվել է 334 մլն դոլար, որը նվազել է 22.1 %-ով։

Տրանսֆերտների ցուցանիշներն առավել մանրամասն ներկայացված են ստորև գտնվող գրաֆիկում։ Միայն հիշեցնենք, որ զուտ ներհոսքը, որն արտացոլված է այստեղ, ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը։ 

Օգոստոսի 12-ին պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի հետ սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ։

Սա նշանակում է՝ կանոնավոր չվերթերի վերկանգնումը կարող է նպաստել, որ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք պլանավորել էին այս գարնանը մեկնել, բայց արտակարգ դրության պատճառով մնացին հայրենիքում, կարող են կրկին վերադառնալ իրենց աշխատանքներին։ Սա էլ իր հերթին կազդի Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ծավալի վրա։

Սակայն, այս պահին արտագնա աշխատանքի մեկնողների խնդիրը ոչ միայն փակ սահմաններն են, այև՝ աշխատանքի հրավերների չեղարկումներն ու հետաձգումները։ Ռուսաստանում ևս համավարակի ազդեցությունը տնտեսության վրա զգալի է, բազմաթիվ աշխատատեղեր կրճատվել են, շինարարական աշխատանքները դանդաղել են և այլն։ Այնպես որ, միայն սահմանների բացումը դեռևս չի նշանակում, որ ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնողների խնդիրները շուտափույթ լուծվելու են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter