HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլի» պատգամավորն ինքնախոստովանական է որակում պատերազմին պատրաստ չլինելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արեն Մկրտչյանը ոչ կոռեկտ է որակում այն, որ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը հանրայնացրել է հանձնաժողովում` դռնփակ հանդիպմանն արված իր ներածական խոսքը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը: Օգոստոսի 19-ին Սերժ Սարգսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել` 2016 թվականի ապրիլյան պատերազմի թեմայով, որի սկզբում հնչեցրեց հանձնաժողովի նիստի ժամանակ ասած իր ներածական խոսքը:

«Ես դիտել եմ միայն իր խոսքի ներածական մասը, և կարծում եմ՝ կոռեկտ չէր հրապարակել հանձնաժողովի աշխատանքներից հատված` քաջ գիտակցելով, որ հանձնաժողովի անդամները որևէ հրապարակում անելու իրավունք չունեն, քանի որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ամբողջությամբ փակ են եղել և հրապարակման ոչ ենթակա»,- ասաց Մկրտչյանը:

Ըստ մեր զրուցակցի` շատ անհարմար իրավիճակում կհայտնվի պաշտոնաթող նախագահը, եթե հանրայնացվի այն, ինչ ասել է ինքը Սարգսյանի ներածական խոսքից հետո: Արեն Մկրտչյանը, հղում անելով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքերին, ասաց, որ արդեն հանրայնացվել է` Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը քսանից ավելի մարտական դիրքի կորուստ է արձանագրել:

Հանձնաժողովի անդամը պնդում է`մեկ տարի շարունակ ծանրաբեռնված աշխատում են, նույնիսկ արձակուրդ չեն մեկնել, բազմաթիվ պաշտոնյաների են լսել, այդ ամենը տեսաձայնագրվել է, ավելի քան 100 ժամ տեսաձայնագրված նյութ կա հանձնաժողովում, ուսումնասիրվել են 1000 էջանոց փաստաթղթեր, և առաջիկայում ամփոփիչ զեկույցը կհրապարակվի:

Մամուլի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը պնդում է, որ 2016-ին հետախուզությունը թերացել է, և հայկական կողմը չի իմացել, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողությունների է պատրաստվում: Սարգսյանի այս խոսքերը «Իմ քայլի» պատգամավորն ինքնախոստովանական հայտարարություն որակեց` հիշեցնելով, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը 2016-ին Սարգսյանն է եղել:

«Եթե հետախուզությունը թերացել է, կարծում եմ՝ դժվար չէ կռահել՝ ով է թիվ մեկ պատասխանատուն: Իր ենթակայության տակ գտնվող հետախուզությունը, ըստ Սերժ Սարգսյանի, որևէ տեղեեկություն չի ունեցել սպասվող մարտական գործողությունների մասին, սա ինքնախոստովանական հայտարարություն է: Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, դա առանց մեկնաբանության կթողնեմ, որովհետև զեկույց ենք պատրաստում»,-ասաց նա:

Հանձնաժողովի անդամներն այժմ զեկույցի ամփոփման փուլում են։ Այն, ըստ ամենայնի, լինելու է բավական ծավալուն, սակայն հանձնաժողովի անդամները խնդրի առջև են հայտնվել` այնպես անել, որ իրենց հայտարարությունները որևէ կերպ ազգային անվտանգության սպառնալիքի չվերածվեն, սակայն տան նաև հանրությանը հուզող հարցերի պատասխանները:

Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը լրացել է հունիսի 4-ին, զեկույցը հրապարակվելու է աշնանային նստաշրջանի ընթացքում: Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում լսել է բազմաթիվ գործող ու նախկին պաշտոնյաների. միակ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որ հրաժարվել է հանձնաժողով ներկայանալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն է:

Լուսանկարում` պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter