HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սերժ Սարգսյան. «Չենք իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմական գործողության, մեր հետախուզությունը թերացել է»

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսը սկսեց ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին իր  ներածական խոսքից, որն ասել է ապրիլի 16-ին խորհրդարանում՝ հանձնաժողովի նիստին: Սարգսյանը դռնփակ նիստին, դիմելով պատգամավորներին, հարց է ուղղել` կա արդյոք մեկը, որը կասկած ունի քառօրյա պատերազմում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ և կարող է մասնագիտորեն հիմնավորել, թե Ադրբեջանը հաղթել է քառօրյա պատերազմում:

Սարգսյանն ընդգծեց` որոշակի թերացումներով հանդերձ Հայաստանի ռազմական, քաղաքական, պետական ու քաղաքացիական գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս, իսկ թերացումների վերաբերյալ առկա է Պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի հույժ գաղտնի զեկույցը, որը հավանաբար հասանելի է եղել քննիչ հանձնաժողովի անդամներին: Ըստ Սարգսյանի` ապրիլյան դեպքերի ժամանակ հնարավոր էր չհամաձայնել Մոսկվայում կնքված հրադադարի հաստատմանը, սակայն հավանականությունը մեծ էր, որ ռազմական գործողությունները շարունակելու դեպքում հայկական կողմի զոհերը մի քանի տասնյակ ավելի կլինեին:

Երրորդ նախագահը չցանկացավ գնահատական հնչեցնել հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ՝ ասելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպման ամբողջ տեսագրությունն իրեն փոխանցելու դեպքում չհրապարակել հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ:

Հարցին, թե որ փուլում է հաջորդ իշխանությանը հանձնել Հայաստանի և Արցախի միջև փոխօգնության համաձայնագրի փաստաթուղթը, Սարգսյանն արձագանքեց, որ այն ամբողջությամբ պատրաստ է եղել հաստատման համար:

«Ես կարծում եմ, որ նման համաձայնագրի ստորագրումը նման է լինելու դիվանագիտական իսկանդերի կրակոցի, ուստի պետք է անել ճիշտ ժամանակին, որ հավելյալ վտանգներ չտեսնենք, դրա անհրաժեշտությունը, խորապես համոզված եմ, լինելու է»,- ասաց Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն անդրադարձավ տարիներ շարունակ ամենաշատ քննարկված հարցին` հետախուզությունը տեղեկություններ ունեցե՞լ է արդյոք լայնածավալ պատերազմական գործողությունների վերաբերյալ, թե ոչ: Սարգսյանը վստահեցրեց` սպասվող պատերազմի մասին տեղեկությունները շրջանառվել են մարդկանց կողմից, ովքեր հնարավորություն չեն ունեցել ամբողջական ծանոթություն ունենալ հետախուզական տեղեկություններին, կամ եթե ունեցել են, լավ չեն պատկերացնում` ինչ է նշանակում հետախուզական տեղեկություններ:

«Մենք չենք իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմական գործողության, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, այստեղ տարակուսելի ոչինչ չկա: Մենք նախնական տեղեկություններ ունեցել ենք արդեն ամսի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին, որ Ադրբեջանից կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հեռախուզության թերացմանը երրորդ նախագահն ասաց, որ նույնիսկ աշխարհի լավագույն հետախուզական բանակները թերացումներ ունենում են:

Սերժ Սարգսյանն անդրադարձավ ապրիլյան պատերազմից հետո Գերմանիայում հնչեցրած իր խոսքերին` 80-ականների զենքերի վերաբերյալ, որը հանրությունը միանշանակ չընդունեց: Սարգսյանը հիշեցրեց, որ այդ տարի Գերմանիան ԵԱՀԿ-ում նախագահում էր, և պատահական չէին իր խոսքերը:

«Եթե դիվանագիտական լեզվով թարգմանենք, ապա սա էր` հարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ աչք եք փակում Ադրբեջանի կողմից մինչև ատամները զինվելու հանգամանքի վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը»,-ասաց նա:

Սարգսյանը վստահեցրեց` նույնիսկ աշխարհի լավագույն բանակներն իրենց զինանոցներում ունեն 80-ականների արտադրության զենքեր: Ավելին` հայտարարեց, եթե գտնվի ժամանանակից բանակ, որն իր զինանոցում նման զենքեր չունի, պատրաստ է հրապարակավ հայտարարել, որ այդ գործից ոչինչ չի հասկանում: Ըստ Սարգսյանի` այդ թեմայով շահարկումները քաղաքական դրդապատճառներով են արվում, կամ էլ թեմային չտիրապետելն է պատճառը:

Հարցին, թե ինչու քառօրյա պատերազմի ժամանակ չկիրառվեց իսկանդերը, Սարգսյանը մանրամասնեց` քանի որ լայնածավալ պատերազմ չէր, և դրա օգտագործումը «կրակոց կլիներ թնդանոթներից ճնճղուկների վրա. այդ զինատեսակի առաջին առաքելությունը հակառակորդին զսպելու մեջ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter