
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առցանց քննարկմանն անդրադարձ եղավ կեղծ դիտորդներին
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հանրային քննարկումները շարունակվում են: Քննարկումները նախաձեռնել է ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը, սակայն թեմատիկ մի քանի հատվածներ տարբեր կազմակերպությունների միջոցով են մշակվում: Օգոստոսի 21-ի քննարկման թեման ընտրական վարչարարությունը, դիտորդներ, վստահված անձինք էին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանը տեղական դիտորդների առնչությամբ այն խնդիրը բարձրացրեց, որ չկա ֆիլտրում, թե ովքեր կարող են դառնալ դիտորդներ, ինչը կուսակցություններն օգտագործում են ի նպաստ իրենց: Ըստ բանախոսի` շատ դեպքերում կուսակցությունները գրանցում են «դիտորդների» և օգտագործում նրանց որպես վստահված անձ: Սա հանգեցնում է նրան, որ ավելի շատ ռեսուրս ունեցող կուսակցություններն ավելի շատ ներկայացուցիչ են կարողանում գրանցել, որոնք իրական դիտորդի դեր չեն ստանձնում:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն այս երևույթը երկու մասի բաժանեց` կեղծ կազմակերպություններ, որոնք դիտորդություն են իրականացնում և անհատ դիտորդներ, որոնք կարող են ծառայել և որպես դիտորդ, և որպես վստահված անձ: Այվազյանի խոսքով` փորձը ցույց է տալիս, որ ԿԸՀ-ն չի ուսումնասիրում այն կազմակերպությունները, որոնք դիմում են որպես դիտորդ գրանցվելու համար: Վերջինս հիշատակեց դեպքեր, երբ գործունեությունը կասեցված կազմակերպությունը կարողացել է գրանցվել որպես դիտորդ: Սոնա Այվաազյանն առաջարկեց, որ ԿԸՀ-ն ունենա լիազորություն ստուգելու կազմակերպությունների գրանցումը և հնարավորություն` ուժը կորցրած ճանաչել հավատարմագրումը, երբ բացահայտվում է, որ դիտորդական կազմակերպությունը քարոզչություն է իրականացնում կոնկրետ կուսակցության օգտին:
Քննարկման մասնակիցներից Ատոմ Մխիթարյանը, առաջարկեց ընտրությունների կազմակերպման ամբողջ գործընթացը վերապահել ներքին գործերի նախարարությանը` ասելով, որ կան լուրեր` նման նախարարություն է ձևավորվելու: Բանախոսի ներկայացմամբ` դիտարկել է Ֆրանսիայի ընտրական գործընթացների կազմակերպումը, որտեղ ամբողջ պատասխանատվությունը դրված է ներքին գործերի նախարարության վրա: Ըստ նրա` այս մեթոդը ենթադրում է անկողմնակալություն` հատկապես կուսակցությունների կողմից, քանի որ այդ դեպքում հանձնաժողովի անդամնրը կլինեն ոչ թե կուսակցականներ, այլ պետական ծառայողներ, ովքեր վերապատրաստման դասընթացներ կանցնեն:
ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանն ընդգծեց` պետք է հաշվի առնել նաև մարդկային ռեսուրսի հարցը, քանի որ այդ դեպքում մոդելը ենթադրում է ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից իրականացում: Դանիելյանի խոսքով` պետք է հաշվի առնել նաև վստահության ու գրագիտության կոմպոնենտը:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ընդգծեց` որպես ընտրական պրոցեսների կազմակերպիչների մեկը ընտրական հանձնաժողովների կոնտինգենտից դժգոհ է, քանի որ հանձնաժողովները շատ դեպքերում չեն համալրվում որակյալ կադրերով, որ հնարավոր լինի որակյալ ընտրություն անել:
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյան առաջարկեց թույլ չտալ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք կատարած ու դատապարտված անձանց ընտրվել հանձնաժողովի անդամի պաշտոնում` անկախ նրանից դատվածությունը մարված է, թե ոչ:
Ըստ նրա` ցանկալի կլինի նախատեսել ԸՕ-ում ԶԼՄ-ներով հրապարակվող տեղեկությունները մշտադիտարկելու պարտականություն` խախտումները բացահայտելու նպատակով: Նրա խոսքով` շատ դեպքերում մամուլի հրապարակումներն անտեսվում են տեղամասային հանձնաժողովի կողմից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը խոսեց այն մասին, որ չնայած ընտրական հանձնաժողովի անդամները նշանակվում են խորհրդարանական խմբակցությունների կողմից, սակայն հանձնաժողովներում կան մարդիկ, որոնք այդ պաշտոնին են դեռ 1990-ականերից ու նույնիսկ տեղյակ չեն, որ ԸՕ-ն փոխվել է: Ըստ Գրիգորյանի` հիմնական խնդիրներն առաջանում հենց այդ մարդկանց հետ, որոնք ավանդաբար շարունակում են լինել հանձնաժողովներում ու կիրառել իրենց լոկալ իշխանությունը:
Մեկնաբանել