HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանական «Charite» կլինիկան հայտարարել է, որ Նավալնին թունավորվել է

Գերմանական «Charite» կլինիկան, որտեղ բուժվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հայտարարել է, որ հետազոտության արդյունքները վկայում են քաղաքական գործչի թունավորման մասին։

Գերմանացի բժիշկների պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ «կլինիկական հետազոտությունները վկայում են, որ պացիենտը թունավորվել է  խոլինէսթերազի ինհիբիտորների խմբի նյութով»։ «Թունանյութի ճշգրիտ բաղադրությունն անհայտ է, իրականացվում է մանրակրկիտ հետազոտություն։ Թույնի առկայությունը մի քանի անգամ հաստատվել է անկախ լաբորատորիաներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Խոլինէսթերազի ինհիբիտորները միջոց են, որոնք նպաստում են ուղեղի նյարդաբջիջների միջև կապերի բարելավմանը։ Երբեմն դրանք օգտագործվում են դեմենցիա ունեցող պացիենտների բուժման համար։ Հնարավոր կողմնակի ազդեցություններից են փսխումը, մկանային սպազմերը, գլխացավը և հալյուցինացիաները։

Կլինիկան նաև հավելել է, որ պացիենտը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում և նախկինի պես գտնվում է արհեստական կոմայի մեջ։ «Նրա առողջական վիճակը մնում է ծանր, սակայն ներկայումս կյանքին ուղղակիորեն սպառնացող վտանգ չկա»,- նշվում է հիվանդանոցի հաղորդագրության մեջ։

Նավալնու մամլո խոսնակ Կիրա Յարմիշը գրել է, որ ընդդիմադիր գործչի վիճակի վերաբերյալ կանխատեսումներ չկան։

«Ախտորոշումից ելնելով պացիենտը բուժվում է ատրոպին հակաթույնով։ Հիվանդության ելքը շարունակում է մնալ անհայտ, և հնարավոր բացասական հետևանքները, հատկապես նյարդային համակարգի վրա, ներկայումս չեն կարող բացառվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Ռուսաստանի իշխանություններին կոչ են արել «մինչև վերջ և ամբողջ ծավալով» բացահայտել եղելությունը և պատժել բոլոր նրանց, որոնք կարող էին կապ ունենալ Նավալնու թունավորման հետ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա ինքնաթիռում վատացել էր ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնու առողջական վիճակը։ Կիրա Յարմիշի խոսքերով՝ Տոմսկի օդանավակայանում Նավալնին միայն թեյ է խմել։ Օդանավի ուղևորները հրապարակել են տեսանյութ, որտեղ լսվում է, թե ինչպես է ճչում ընդդիմադիր գործիչը։

Օմսկում օդանավի արտակարգ վայրէջք կատարելուց հետո՝ Նավալնին հոսպիտալացվել է։ Այնտեղ նա միացվել է թոքերի արհեստական շնչառության ապարատին։ Օգոստոսի 22-ի առավոտյան Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել է Բեռլին։ Նրա աջակիցներից Լեոնիդ Վոլկովի խոսքերով՝ չարթերային թռիչքի համար վճարել են Բորիս Զիմինը և նրա ընտանիքին պատկանող հիմնադրամը, իսկ տեղափոխումը կազմակերպել է «Cinema for Peace» հիմնադրամը։

Ավելի վաղ, Նավալնու կողմնակիցները պնդում էին, որ նրան թունավորել են, սակայն ռուս բժիշկները թունավորման հետքեր չեն հայտնաբերել։ Չի հարուցվել նաև քրեական գործ՝ հնարավոր թունավորման մեղադրանքով։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter