HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտցիները պահանջում են «Թեղուտ» ՓԲԸ-ում իրենց ապահովել աշխատանքով կամ վերադարձնել իրենց հողերը

Երեկ՝ օգոստոսի 24–ին, Թեղուտ ՓԲԸ-ի 1-ին  անցակետի մոտ հավաքված գյուղացիները պահանջում էին կամ վերադարձնել իրենց հողը կամ աշխատատեղ տալ Թեղուտ ՓԲԸ-ում: Նրանք պահանջում են նաև շրջակա միջավայրն աղտոտելու, իրենց տնտեսությանը վնասներ հասցնելու համար Թեղուտի և Շնողի թոշակառուներին վճարել 40 հազարական դրամ նպաստ, ինչպես վճարում են Սյունիքի մարզի Արծվանիկի պոչամբարի հարակից համայնքի բնակիչներին։

Թեղուտի վարչական ղեկավար Ֆրունզե Նորեկյանի ասելով՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար Կառավարության որոշումով գերակա շահ է ճանաչվել Թեղուտի վարելահողերի 80 տոկոսը: Հողից զրկված թեղուտցիների ապրուստի միակ միջոցը մնացել է հանքում աշխատելը, սակայն հողատերերից ոչ բոլորին է տրվել «Թեղուտ« ՓԲԸ-ում աշխատելու հնարավորություն:

Հանքը վերաշահագործելուց հետո Շնող համայնքի գյուղացիներին «Թեղուտ» ՓԲԸ-ն աշխատանքի է ընդունում Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանի  միջոցով: «Էսօր Շնող համայնքի ղեկավարն է որոշում, թե ով պետք է աշխատի «Թեղուտ» ՓԲԸ-ում, որ վաղը կամ մյուս օրը ընտրություններին ասի՝ քեզ գործի եմ ընդունել, դե գնա վարչապետին կամ Պողոսին ու  Փիլիպոսին ընտրի, թե չէ գործից հանել կտամ»,- ասում է թեղուտցի Ռաշիդ Մելքոնյանը: Բողոքի ակցիան կազմակերպած Թեղուտի բնակիչ Մարտին Շախկյանի ասելով՝ գյուղացիների հետ հրապարակային հանդիպումներին «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն հայտարարում է, որ այստեղ ինքը ճանաչում է մեկ մարդու՝ Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին:

Դավիթ Չիթչյանը 52 տարեկան է: Նրա 1 հա հողը վերցվել է հանքի շահագործման համար, իր ասելով՝ հողի դիմաց առ այսօր գումար չի ստացել և չի էլ ուզում ստանալ: «Իմ հողը հետ եմ  ուզում կամ աշխատանք եմ ուզում»,- ասաց Դավիթը:

Դավիթ Չիթչյանն այլ հող  չունի, տնամերձի հույսին է: Տղաները ծառայել վերադարձել են, նրանք նույնպես աշխատանք չունեն: Դավիթ Չիթչյանը դիմել է Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանին, սակայն վերջինս պատասխանել է, թե չի կարող Դ. Չիթչյանի ընտանիքի որևէ անդամի «Թեղուտ» ՓԲԸ-ում տեղավորել աշխատանքի: Աշխատանքի հարցով ընկերության անցակետի մոտ հավաքված թեղուտցիները նույնպես մի քանի անգամ գնացել են Դավիթ Ղումաշյանի մոտ, սակայն պատասխան չեն ստացել:

«Հետքի» հետ զրույցում Դավիթ Ղումաշյանը հայտնեց, որ ներկայում Թեղուտ գյուղում 800 մարդ է գրանցված, նրանցից այս պահին ընկերությունում աշխատում է 148-ը: Նախկինում աշխատել է 205-ը: Շնողում 3 հազար մարդ է գրանցված, ընկերությունում աշխատում է 253  մարդ: Քարկոփ բնակավայրից հանքում աշխատում է 17 բնակիչ: Դավիթ Ղումաշյանը հավաքված թեղուտցիներին հայտնեց  նաև, որ վերջին 2,5 ամսում 4 թեղուտցիներ և 9-ը շնողցիներ են ընդունվել «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանքի:

Գյուղացիները նկատում են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանքի ընդունվելու գործում մեծ դերակատարություն ունի նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյան։ «Այն մարդիկ, ովքեր ընկերությունում բարձր պաշտոններ զբաղացրին, դրանք լրիվ Արեն Մկրտչյանի ընկերներն էին, որոնք ներկայանում էին «Թեղուտ» ՓԲԸ-ի վերաբացողներ»,- հայտնեց Մարտին Շախկյանը:

Թեղուտցի Ալբերտ Ջավախյանը նույնպես դժգոհեց ԱԺ պատգամավորից. «Եկել էր Թեղուտ հանդիպման: Դահլիճում մի հատ թեղուտցի չկար: Իր ամբողջ թիմը հետը բերել էր: Ասաց՝ պարտադիր չէ, որ միայն թեղուտցիներն աշխատեն «Թեղուտ» ՓԲԸ-ում: Չհասկացանք, Ալեն Մկրտչյանը տեղյա՞կ էր, որ Կառավարության  որոշումով մեր հողերը գերակա շահ են ճանաչվել և բռնազավթվել են «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից, ու հիմա մենք ո’չ աշխատանք ունենք, ո’չ հող»,- ասաց Մ. Ջավախյանը:

Իրենց պահանջները ներկայացնելու համար թեղուտցիները ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանի մասնակցությամբ 2019թ.-ի օգոստոս ամսին ժողով էին հրավիրել:  Պատգամավորը Թեղուտից  զանգահարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, հանդիպում է եղել նրանց  միջև, բայց  թեղուտցիների հարցն այդպես էլ չի լուծվել: 2019թ.-ի  ապրիլի 16-ին «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր ղեկավարների հետ հանդիպմանը գյուղացիները  բացատրել են, որ  գերակա շահ ճանաչված իրենց հողերից զրկվելուց հետո ապրելու ուրիշ միջոց չունեն: Հիշեցրել են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի նախկին տերերը հողերը վերցնելիս խոստացել են իրենց 30 և ավելի տարիներ ապահովել աշխատանքով: Բացատրել են նաև, որ այդ խոստումը չկատարելու դեպքում հողից զրկված գյուղացիները գոյատևելու համար կամ պետք է գողություն անեն «Թեղուտ» ՓԲԸ-ից կամ արտագաղթեն:

Անցած տարվա  հոկտեմբերի 26-ին իրենց վիճակի մասին գյուղացիները 112 ստորագրությամբ դիմում են հանձնել Վանաձոր այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետի աշխատակազմից պատասխանել են, թե դիմումում նշված հարցերի լուծումը  դուրս է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածով ամրագրված կառավարության իրավասության շրջանակներից: Գյուղացիներին միաժամանակ հիշեցրել են, որ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները:

Թեղուտից նույնաբովանդակ դիմում է ուղարկվել նաև «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյին: Վերջինս իր պատասխանում նշել է, որ Թեղուտ ՓԲԸ-ի վերագործարկունից հետո  ընկերության ազատ հաստիքների համալրման պարագայում  առաջնահերթությունը տրվել է Շնող խոշորացված համայնքի բնակիչներին: Մարտին Շախկյանն ասում է՝ ինքն անձամբ «Թեղուտ» ՓԲԸ-ին հող չի տվել, իր 1900 քմ հողը որպես գերակա շահ դատարանի վճռով բռնազավթել են: «Հողիս դիմաց նոտարի դեպոզիտ հաշվին դատարանի վճռով փոխանցել են 220  հազար դրամ, մինչև օրս ի նշան բողոքի ես չեմ վերցրել այդ գումարը»,- ասաց նա:  

Թեղուտցի Եղիշե Հոբոսյանի խոսքով՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն զավթել է իր 1 հա 3000 մ հողը: «Հողս խոտհարք էր, որտեղ  տարեկան նույնիսկ երկու հունձ էր լինում: Ես 1հա 3000մ իմ խոտհարքից ստացել եմ մինչև 250 և ավելի տուկ խոտ: Դա իմ ընտանիքի եկամտի աղբյուրն էր, որը պետք է փոխանցվեր իմ սերունդներին: Ընտանիքով 5 անձ ենք, չենք կարողանում ապրել»,-ասաց Եղիշե Հոբոսյանը:

Ցույցին ներկա Արմենուհի Մարգարյանը պատմեց, որ հարկադրաբար 6,5 հա հող են տվել  հանքի շահագործման համար: Հիմա իր ընտանիքի 6 անդամներից ոչ մեկը աշխատանք չունի։ «Մեր 6,5 հա հողը մեզ ընտիր կպահեր»,- ասաց Արմենուհի Մարգարյանը:

Մայիս Ջավախյանն ավարտել է  Երևանի  ճարտարագիտական համալսարանի հանքերի բացում բաժինը: Մայիսն աշխատել է Կաշենի հանքում: Ամուսնանալուց հետո գյուղ է վերադարձել: Նորածին երեխա ունի: Ընտանիքում միայն եղբայրն է աշխատում։ «Ինչո՞ւ պետք է իմ ընտանիքի հոգսը եղբայրս քաշի: Եթե մասնագիտությանս համապատասխան աշխատանք չկա, ես պատրաստ եմ բանվոր աշխատել»,-ասաց նա: Մայիսն աշխատանքի  հարցով դիմել է Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանին, սակայն մերժում է ստացել: 

Մինչ գյուղացիները «Հետք»-ին պատմում էին հանքի պատճառով ծագած իրենց սոցիալական խնդիրների մասին, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ  Գուրջանյանը և համայնքապետ Դավիթ Ղումաշյանը մոտ 2,5 ժամ բանակցություններ էին վարում Վլադիմիր Նալիվայկոյի հետ: Նրանց սպասելուց հոգնած  թեղուտցիները 14:00-ի սահմաններում ավտոմեքենաներով փակեցին «Թեղուտ» ՓԲԸ-ը մտնող ճանապարհը: Րոպեներ անց «Թեղուտ» ՓԲԸ-ից դուրս եկած Թումանյանի ոստիկանապետ Արտակ  Գուրջանյանը ցուցարարներին ասաց, թե «Թեղուտ» ՓԲԸ-ում ղեկավարություն է փոխվել, ընկերության ներկա ղեկավարության համար արդիական է գյուղացիներին աշխատատեղերով ապահովելու հարցը, և ընկերությունում աշխատանքի ընդունելիս  շարունակելու են առաջնահերթությունը տալ համայնքի գյուղացիներին:  Ոստիկանապետը ցուցարարներին առաջարկեց փողոցում չզրուցել և հարցերը քննարկել Շնող համայնքի ակումբում: Ցուցարարները չհամաձայնեցին: Նրանք վիրավորվեցին իրենց նկատմամբ Վլ. Նալիվայկոյի անտարբերությունից։ «Նույնիսկ չիջավ մեզ հետ զրուցելու»,- դժգոհեցին որոշ ցուցարարներ:

3,5 ժամ «Թեղուտ» ՓԲԸ-ի ճանապարհը փակ մնաց: Ժամը 5:30-ին «Թեղուտ» ՓԲԸ-ից ցուցարարներին հայտնեցին, որ առաջիկա օրերին Մոսկվայից Թեղուտ է գալու «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետեր Նորիկ Պետրոսյանի ներկայացուցիչը՝ տեղում թեղուտցիների պահանջները քննարկելու և լուծումներ գտնելու համար: «Մեր պահանջները չկատարելու դեպքում մենք նորից փակելու ենք «Թեղուտ» ՓԲԸ-ի ճանապարհը»,- հայտնեց Մարտին Շախկյանը: Ժամը 5:30-ին ցուցարաները բացեցին ճանապարհը և դադարեցրին ցույցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter