
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկումներից էր բաց համամասնական ընտրակարգին անցնելու մոդելը
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առցանց քննարկումները շարունակվում են։ Օգոստոսի 25-ին անդրադարձ եղավ Ազգային ժողովի ընտրությունների ընտրակարգին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանում հաճախ կուսակցություններն անձակենտրոն են, և կուսակցական էլիտայի ձևավորումը հիմնված չի եղել քաղաքական գործիչների կշռի, այլ` ոչ դասական քաղաքական նկատառումների հիման վրա:
Ըստ պատգամավորի` խնդրահարույց է այն, որ քաղաքացիները հնարավորություն չեն ունենում ազդեցություն ունենալ կուսակցության ներքին էլիտայի ձևավորման վրա: Պատգամավորն առաջարկում է բաց համամասնական ընտրացուցակի մոդելը, ինչը նրա համոզմամբ կզարգացնի կուսակցությունների ներքին ժողովրդավարությունը, քաղաքացիները հնարավորություն կստանան որոշել, թե ում են ավելի գնահատում տվյալ կուսակցությունում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն արձագանքեց` իր համար միանշանակ է, որ համամասնական ընտրակարգ է հարկավոր, սակայն բաց թե փակ ցուցակներով այն արդեն քննարկման հարց է: Տիգրանյանը հետաքրքրվեց Գորգիսյանից, թե արդյոք ըստ իրեն բաց ընտրացուցակը կնպաստի, որ ընտրողները քննարկեն ընտրական ծրագրերը և ոչ թե անձանց:
Գևորգ Գորգիսյանն արձագանքեց` փակ ցուցակների դեպքում ամբողջ քարոզարշավը վերածվում է նախագահական ընտրությունների, և ընտրողները գնում են անձերի հետևից` առանց ծրագրեր կարդալու, իսկ բաց ցուցակների դեպքում թիմերը գաղափարական կոմպոնենտն ավելի են կարևորում: Ընտրողները տեսնում են անձանց, ովքեր պատրաստվում են իրականացնել այդ ծրագրերը:
Ըստ Գորգիսյանի` փակ ընտրացուցկաների դեպքում ամբողջ պատասխանատվությունն առաջին համարի վրա է, իսկ հաջորդիվ կարող են հայտնվել անձինք, ովքեր անընդունելի են հանրության համար:
Աշխատանքային խմբի ղեկավար «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն անդրադարձավ ընտրական դաշինքների խնդրին: Ըստ պատգամավորի` դեռևս 1995 թվականից սկսած բոլոր խորհրդարանական ընտրություւնների ժամանակ կարևոր համամասնություն են կազմել դաշինքները, որոնք որպես կանոն ձևավորվել են ընտրություններից մի քանի ամիս առաջ: Դանիելյանի խոսքով` դրանք միավորվել են անձակենտրոն մի քանի կուսակցությունների շուրջ, որոնք գաղափարական հենք չեն ունեցել, միավորել են աջերին, ձախերին, լիբերալներին, սոցիալիստներին, և նպատակն է եղել հնարավարություն ունենալ խորհրդարանում հայտնվելու:
Անդրադարձ եղավ նաև ընտրացուցակներում կանանց և տղամարդկանց քվոտային: Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշատակեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի օրինակը, որը երկու անգամ պատգամավորական մանդատը վայր է դրել, և երկու դեպքում էլ նրան փոխարինել է ցուցակում հաջորդ թեկնածուն, որը կին չի եղել: Պատգամավորն առաջարկեց օրենքում ամրագրել, որ կին պատգամավորի մանդատը վայր դնելու դեպքում նրան փոխարինին կին պատգամավոր:
«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ, «Womennet.am» կայքի խմբագիր Թամարա Հովնաթանյանն առաջարկեց ընտրական օրենսգրքում ապահովել կանանց և տղամարդկանց մասնակցության 50-50 համամասնություն: Գորգիսյանը այս առաջարկը ոչ իրագործվող որակեց` նկատելով, որ կանայք այդքան էլ հետաքրքրված չեն քաղաքականություն մուտք գործելով, և նման նախապայմանը խնդիր կարող է առաջացնել կուսակցությունների համար: Գորգիսյանը հիշատակեց դեպքեր, երբ կանանց քննադատական խոսքերին անձնական վիրավորանքներ են հասցրել` թիրախավորելով վերջիններիս կին լինելու հանգամանքը:
Մեկնաբանել