HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՄԻԵԴ-ի պարզաբանումից հետո Բուզանդի փողոցի բնակիչներ Էմմա Թունյանն ու ընտանիքի անդամները նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք են ներկայացրել

Երեւանի Բուզանդի փողոցում գտնվող իրենց բնակարանից 2005 թվականին պետության կարիքների համար վտարված քաղաքացիներ Էմմա Թունյանը, վերջինիս ամուսինը՝ Սաշիկ Սաֆյանը, որդիներ Գևորգ և Միհրան Սաֆյանները նոր հանգամանքի հիմքով բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան։ Բողոքը ներկայացրել է նրանց ներկայացուցիչ Կարապետ Բադալյանը՝ մինչև նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 6-ի որոշմամբ դատավոր նշանակվելը։

Հիշեցնենք, որ իրենց պատկանող սեփականությունից զրկվելուց 14 տարի անց՝ 2019-ի փետրվարին Սաֆյանները հասել էին առաջին ատյանի դատարանի մի վճռի, համաձայն որի՝ դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել էր վճարել իրենց բնակարանի, ինչպես նաև 240 քմ մակերեսով հողամասի օտարման դիմաց չվճարված համարժեք փոխհատուցման գումարները։ Այս վճիռը կայացվել է այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ն արձանագրել է նրանց սեփականության իրավունքի խախտման փաստը։ Այդ ժամանակ նրանց նյութական վնասի դիմաց տրամադրվել է 30.000 եվրո գումար, որը դիմումատուների պնդմամբ՝ բնակարանի դիմաց հատուցման ենթակա գումարի 1/10-րդն անգամ չի կազմում, ուստի դիմումատուները դատարան դիմելով՝ պահանջել են Հայաստանի օրենքով համարժեք փոխհատուցում։ Իսկ համարժեք փոխհատուցումը Հայաստանի օրենքով՝ անշարժ գույքի՝ շուկայական արժեքից 15 %-ից ավելի գումարն է։

Առաջին ատյանի դատարանը վճռել է՝ «Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Էմմա Թունյանի, Սաշիկ Սաֆյանի, Գևորգ Սաֆյանի, Միհրան Սաֆյանի բռնագանձել 46.533.173.9 (քառասունվեց միլիոն հինգ հարյուր երեսուներեք հազար հարյուր յոթանասուներեք դրամ իննսուն լումա) ՀՀ դրամ` որպես Բուզանդի փողոցում գտնվող նրանց բնակարանի օտարման դիմաց չվճարված համարժեք փոխհատուցման գումար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Էմմա Թունյանի բռնագանձել 114 843 600 (հարյուր տասնչորս միլիոն ութ հարյուր քառասուներեք հազար վեց հարյուր) ՀՀ դրամ` որպես 240 քմ մակերեսով հողամասի օտարման դիմաց չվճարված համարժեք փոխհատուցման գումար:

Կառավարությունը, սակայն, առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է, և Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարել է, Թունյանի ու ընտանիքի անդամների՝ իրենց բնակարանի համար օրենքով նախատեսված համարժեք հատուցում վճարելու հայցապահանջն՝ ամբողջությամբ մերժվել է:

Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է պատճառաբանություն, թե «Թունյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռից հետևում է, որ դրանով փոխհատուցման ենթակա գումարները սահմանվել են ոչ միայն սեփականության իրավունքի խախտման դիմաց, այլ նաև որպես դիմումատուների գույքի օտարման դիմաց արդարացի փոխհատուցում, այսինքն՝ ՄԻԵԴ-ի գործով սահմանել է հայցվորների վնասի հատուցում ամբողջ ծավալով, ինչը կատարվել է։

Սաֆյաններն այս որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել, որը վարույթ չի ընդունվել։

Այժմ վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելիս որպես նոր հանգամանք Սաֆյանները վկայակոչել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նմանատիպ մեկ այլ՝ «Հակոբյանն ու Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին տրված պարզաբանմանը։

2019 թվականի հոկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է 2005 թվականին պետության կարիքների համար իրենց բնակարանից վտարված քաղաքացիներ Վարսենիկ Հակոբյանի ու Հեղինե Ամիրխանյանի իրավունքների խախտման փաստն ու Հայաստանի Հանարպետությանը պարտավորեցրել 250 հզ եվրո փոխհատուցում հատկացնել նրանց։ 2005-ին, երբ վերը նշված անձինք վտարվել են իրենց բնակարանից, նրանց դեպոզիտ հաշվին կառուցապատողը փոխանցել է 60 մլն դրամ գումար, որը նրանց չեն վերցրել և դիմել են ՄԻԵԴ։

2019 թվականի հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը պարզաբանման համար դիմում է ներկայացրել ՄԻԵԴ՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք «Հակոբյանն ու Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի սահմանած 250 մլն դրամ փոխհատուցման գումարի մեջ մտնո՞ւմ է նաև 60 մլն դրամը, ինչին ի պատասխան ՄԻԵԴ-ը մարտ ամսին պատասխանել է, որ 60 մլն դրամ գումարը պատկանում է դիմումատուներին՝ որպես փոխհատուցման գումար, իսկ 250 մլն դրամը, որ սահմանել է ՄԻԵԴ-ը, պետք է դիմումատուներին տրվի՝ որպես սեփականության իրավունքի խախտման գումար։

«Հակոբյանն ու Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով», փաստորեն, ՄԻԵԴ-ը նույն դիրքորոշումն է հայտնել, ինչ պնդում էին դիմումատուներն ու նրանց ներկայացուցիչ Կարապետ Բադալյանը, ուստի այս հանգամանքը նկատի ունենալով է նոր հանգամանքի հիմքով բողոք ներկայացվել վճռաբեկ դատարան։

Հատկանշական է, որ եթե Հակոբյանի ու Ամիրխանյանի դեպոզիտ հաշվին բնակարանից վտարելիս 60 մլն գումար է փոխանցվել, ապա 2005-ին Էմմա Թունյանին ու Սաֆյաններին անշարժ գույքի դիմաց որևէ փոխհատուցում չի տրամադրվել կամ դեպոզիտ արվել ԴԱՀԿ-ում: Այսինքն՝ նրանք զրվել են իրենց սեփականությունից՝ առանց որևէ գումար ստանալու։

Ի դեպ, Թունյանն ու մյուսներն այժմ ստիպված են պետությանը վճարել նաև գրեթե այն ամբողջ գումարը, որը ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել նրանց, քանի որ գործով դատական պաշտպանության համար պետական տուրքի գումարը կազմում է շուրջ 11 մլն դրամ։ Դրանից 2.5 մլն դրամ գումարն արդեն բռնագանձվել է, շուրջ 8 մլն դրամի գույք գտնվում է կալանքի տակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter