HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպայում հայտնաբերվել են կորոնավիրուսով կրկնավարակման դեպքեր

Բելգիայի և Նիդերլանդների վիրուսաբաններն օգոստոսի 25-ին հայտնել են այդ երկրներում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքերի մասին։ Նիդերլանդներում կրկնավարակման մասին, որտեղ վարակվածը թույլ իմունիտետ ունեցող տարեց մի տղամարդ է, NOS ռադիոընկերության եթերում հայտնել է վիրուսաբան Մարիոն Կոպմանսը։ 

Նա նշել է, որ վիրուսի գենոմի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խոսքը հենց կրկնակի վարակման դեպքի մասին է, այլ ոչ թե առաջին վարակման հետևանքի։ «Մենք շնչառական այլ հիվանդություններից գիտենք, որ անհնար է այսպիսի հիվանդությունների համար ձեռք բերել ցմահ իմունիտետ։ Եվ պետք չէ այլ բան ակնկալել նաև COVID-19-ից»,- ընդգծել է Կոպմանսը։

Բելգիայի վիրուսաբան Մարկ վան Ռանստը, VTM հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, հայտարարել է, որ իրենց նախկին պացիենտներից մեկը կորոնավիրուսով կրկնակի վարակվել է ապաքինումից երեք ամիս անց։ «Սա վատ նորություն է։ Մենք հույս ունեինք առավել երկարատև իմունիտետի, այլ ոչ թե մի քանի ամիս»,- նշել է վիրուսաբանը։ 

Օգոստոսի 24-ին Հոնկոնգի համալսարանի գիտնականները հայտնել են կորոնավիրուսով կրկնավարակման առաջին գիտականորեն հաստատված դեպքի մասին։ 33-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել առաջին անգամ վարակվելուց 4,5 ամիս անց, իսկ գենոմի ուսումնասիրությունը հաստատել էր, որ խոսքը գնում է նոր վարակման մասին։ Նույն օրը ռուսական լրատվամիջոցները հայտարարել էին, որ կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվել է Տուվայի ղեկավար Շոլբան Կարա օօլը։ Վերջինս առաջին անգամ վարակվել էր 2020 թվականի մայիսին։

Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 23,9 միլիոն մարդ, 819 913-ը մահացել են, իսկ ավելի քան 16,4 միլիոնը՝ ապաքինվել։

Լուսանկարը՝ REUTERS/Stephane Mahe

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter