HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամություն ունեցող երկու երեխաների մայրը երազում է տուն ունենալու մասին

«Ինձ ասում են՝ ինչի՞ չեք սովորեցնում Ձեր երեխաներին ճաշ եփել։ Ասում եմ՝ լսեք, աուտիզմով երեխա է, մյուսը՝ առաջին կարգի հաշմանդամ է, ես ո՞նց իրենց ասեմ՝ արի ճաշ եփի։ Ասում են՝ ականջի հետեւ եք գցում, չեք ուզում։ Ասում են՝ ո՞նց եք պատկերացնում Ձեր երեխաների կյանքը 20 տարի հետո, երբ իրենք պիտի Ձեզ խնամեն, այլ ոչ թե Դուք իրենց։ Ասում եմ՝ գիտեք, ես չեմ եկել քննարկելու ձեզ հետ իմ ապագան, իմ երեխաների ապագան է ինձ հետաքրքրում»․ 47-ամյա Մերի Մարտիրոսյանն այսպիսի պատասխաններ է ստանում, երբ դիմում է տարբեր գերատեսչական մարմինների եւ հիմնադրամների՝ բնակարան ստանալու համար։

Վերջինիս եւ նրա երկու երեխաների՝ Սիրանուշի ու Սամվելի հետ հանդիպել ենք նախորդ կիրակի Երեւանի զբոսայգիներից մեկում։ 20-ամյա Սիրանուշն առաջին խմբի հաշմանդամ է։ Նա ախտորոշվել է մանկական ուղեղային կաթվածով, իսկ 18-ամյա եղբայրն, ով երկրորդ խմբի հաշմանդամ է, ունի աուտիզմ։

Համավարակի այս օրերին կիրակին միակ օրն է, երբ նրանք երեքով տնից դուրս են գալիս՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի այցելելու համար։ Արդեն 20 տարի է՝ ամեն կիրակի ընտանիքն այդ եկեղեցի է գնում։ Մերին ասում է, թե եկեղեցին իրենց երկրորդ տունն է, մինչդեռ նրանք առաջին՝ սեփական տուն մինչ օրս չունեն։  

Մայրն ասում է, որ երեխաների ծնվելուց հետո մինչ օրս վարձակալած բնակարններում են ապրել։ Արդեն 12 տուն են փոխել։ Մերին երեխաների հորից բաժանվել է դեռ այն ժամանակ, երբ Սիրանուշն ու Սամվելը փոքր էին։ Կարճատեւ համատեղ կյանքի էջը Մերին արդեն թերթել է։ Սիրանուշի ու Սամվելի հայրն այժմ ամուսնացած է, երեխաներ ունի, ու Մերին չի ցանկանում վերապատմել պատմությունը՝ նրա երեխաներին ցավ չպատճառելու համար։

Մերին հպարտությամբ է նայում իր երկու զավակներին։ Հետո որդուն խնդրում է տեղը զիջել ինձ։ Սամվելն առանց առարկության տեղից վեր է կենում, գնում հարեւան նստարանին է նստում։ Այսօր տնից մինչեւ այգի Սիրանուշի սայլակը նա է քշել։ Մայրն ասում է, որ տղան հաճախ է իրեն օգնում այդ հարցում։

Մերին կյանքի 20 տարիները հյուսվել են երեխաների կյանքի հետ։ Երեխաների կրթության համար նա հրաժարվել է թարգմանչուհու, լրագրողի ու մանկավարժի իր գործից։ Երբ երեխաները դեռ փոքր էին, Մերիի մայրն օգնում էր նրան, եւ նա աշխատելու հնարավորություն ուներ։ Մասնավորապես՝ մինչեւ Սիրանուշի դպրոց հաճախելը մայրը ռուսերեն էր դասավանդում մասնավոր դպրոցում, որի տնօրենը նրան առաջարկել էր աշխատանքի անցնելու դեպքում հետագայում դպրոց ընդունել երեխաներին։ Սակայն Մերին ասում է, որ նա խոստումն այդպես էլ չկատարեց։ «Տնօրենն ինձ կանչեց, ասաց՝ քո աղջկա պես երեխա պիտի չսովորի իմ դպրոցում, որովհետեւ ես կկորցնեմ մնացած աշակերտներին»,- վերհիշում է զրուցակիցս։ Սիրանուշը մեկ շաբաթ էր հաճախել էր այդ դպրոց ու գոհ էր։

«Էնքան լավ եմ հիշում այդ օրը։ Ես լացելով բարձրանում էի Մերգելյանի այգու մոտով, զանգեցի նախարարություն, ասացին՝ ձեր տարածքում ներառական կրթությամբ երկու դպրոց կա․ մեկը՝ Շիրվանզադեի, մյուսը՝ Գայի անվան դպրոցներն էին»,- նշում է Մերին։

Քանի որ Շիրվանզադեի անվան դպրոցը թեքահարթակ չուներ, եւ ինքը Սիրանուշին պետք է գրկած տաներ, ընտրեց երկրորդը, որտեղ նաեւ դասարաններն էին փոքր, ինչը, ըստ Մերիի, կրթության տեսանկյունից ավելի արդյունավետ էր։ Դրանից հետո նա դադարեց դասավանդել։

Առաջին երկու-երեք տարիներին տանը մասնավոր պարապմունքներ էր անում, բայց երբ Սամվելն սկսեց հաճախել դպրոց, դրանք էլ դադարեցրեց։ «Դպրոցում ինչ լինում էր, գցում էին տղայիս վրա։ Նրան անգամ շիզոֆրենիկ հանեցին։ Սերժ Սարգսյանին նամակ էին գրել, թե մեր դպրոցում գիժ է սովորում, պետք է հանել․․․ Այդ ժամանակվանից թողեցի ամեն ինչ եւ սկսեցի նստել դասերին, որ տղայիս ներուժը բացահայտվեր»,- պատմում է 47-ամյա մայրը։ Հավելում է, որ որոշ ժամանակ անց Սամվելը դարձավ «Մեղու», «Կենգուրու» եւ այլ մրցույթներից դպրոցին պարգեւներ եւ առաջին մրցանակներ բերողը։

Երբ Սիրանուշն ու Սամվելն աշակերտ էին, Մերին ավելի հեշտ էր կազմակերպում օրը, քանի որ երեքով օրն անցկացնում էին նույն դպրոցում, իսկ հիմա նրանք սովորում են տարբեր հաստատություններում։

Սամվելը սովորում է ինֆորմատիկայի ուսումնարանի ծրագրավորման բաժնի 3-րդ կուրսում։ Օրվա մեծ մասը նա զբաղված է ծրագրավորմամբ, մայրն ասում է, որ նոր խաղային ծրագրեր է ստեղծել։ Վարձակալած բնակարանի մի սենյակը հենց 18-ամյա Սամվելինն է, որտեղ նա իր աշխարհն է ստեղծել։ Այդտեղ նաեւ փայտարվեստով է զբաղվում։

Սիրանուշն էլ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի եւ վոկալի բաժնի 4-րդ կուրսի ուսանող է։ Հաջորդ տարի պատրաստվում է դիմել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Չնայած երաժշտական նախասիրություններին՝ Սիրանուշը ժամանակին տարբեր խմբակներ է հաճախել՝ կարուձեւի, կարպետագործության, ասմունքի, թատերական, լուսանկարչության։

-Ո՞նց եք կազմակերպում ձեր օրը, ո՞նց եք հասցնում,- հարցնում եմ Մերիին։

-Առավոտյան վեր ենք կենում, միասին գնում ենք տղայիս քոլեջը, աղջիկս այդտեղ գրադարանում սպասում է, գրքերն է հանում, դաս է անում, հետո տղայիս հետ գնում ենք աղջկաս քոլեջ։ Նա էլ իր դասերն է անում այնտեղ։ Դրանից հետո գալիս ենք տուն, ֆիզիոթերապիան ենք պարապում, ապա գնում ենք «Թումո»,- պատմում է 47-ամյա մայրը։

Սիրանուշն էլ, Սամվելն էլ սիրում են կարդալ։ Սիրանուշն, օրինակ, նույն գիրքն ընթերցում է եւ՛ հայերեն, եւ՛ ռուսերեն։ Ասում է, թե երբ սկսում է որեւէ գիրք կարդալ, նախ հեղինակի կենսագրությանն է ծանոթանում, քանի որ ցանկանում է հասկանալ, թե նա ինչ ճանապարհ է անցել։ Մերին ավելացնում է, թե «կոպեկ-կոպեկ» հետ է գցում, որ գրքեր գնի երեխաներին։

«Հիմա մեր ամբողջ երազանքը տուն ունենալն է»

Մեր ամբողջ զրույցում կարմիր թելի պես անցնում է բնակարան ունենալու մասին խոսակցությունը։ Զրուցակիցս ասում է, որ հիմա դա իրենց գերակա խնդիրն է։ Մերին ուզում է, որ երեխաներն ապահովված լինեն բնակարանով, եւ իրենից հետո քույր ու եղբայր միասին լինեն։ «Եթե իմ երեխաներն այդ ուղեղը, մտավոր հնարավորությունները չունենային, ես չէի պայքարի, կասեի՝ դե, կմեռնեմ, էրեխեքիս խնամքի տուն կտանեն․ բայց երկուսն էլ կարող են ունենալ փայլուն ապագա»,- նկատում է զրուցակիցս։

Ասում է՝ եթե իրենց տունն ունենան, այն կհարմարեցնի հաշմանդամություն ունեցող երեխաներին։

Ամիսներ առաջ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Մերիի ընտանիքին առաջարկել էր 28 քմ տարածքով սենյակ Երեւանի Թբիլիսյան խճուղում։ Մերին նշում է, որ դա ոչ թե մեկսենյականոց բնակարան է, այլ հենց մի սենյակ, որտեղ երեք չափահաս մարդիկ պետք է ապրեին նույն տեղում։ Ըստ նրա՝ եթե երեխաները հաշմանդամություն չունենային, գուցե համակերպվեին, բայց Սամվելին իր տարածքն է անհրաժեշտ, որովհետեւ համակարգչի մոտ երկար նստելուց հետո սովորություն ունի քայլել։

Մերին նկատում է, որ երբեք չի զլացել աշխատել, ժամանակ է եղել, որ խմորեղեն է պատրաստել, տարել խանութներ՝ վաճառելու համար։ Բացի դրանից՝ լավ կարուձեւ գիտի, բայց հիմա իր ամբողջ օրը ներդնում է երեխաների համար։ Ներկայում Մերին երեխաների հարցում իրեն օգնող հարազատ չունի։ Ասում է, որ երբ տարբեր գերատեսչությունների ու հիմնադրամների է դիմում բնակարան հատկացնելու համար, առաջարկում են գիշերային հերթափոխով աշխատանք գտնել։ Նկատում է, թե այդ մարդիկ չգիտեն՝ ինչ ասել է սայլակով մարդու խնամք, երբ ամեն պահի նրա կողքին պիտի լինես։

«Մեր ամենամեծ երազանքն է տուն ունենալը։ Ես ուզում եմ, որ իմ երեխաները լավ ապագա ունենան»,- ասում է Մերին՝ հավելելով, թե մի օր Սամվելը մի գեղեցիկ աղջկա կսիրի, կամուսնանա ու լավ երեխաներ կունենա, ու նույնն էլ ասում է Սիրանուշի մասին։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (2)

Ալինա
Ճանաչում եմ Մերիին և իր հրաշք երեխաներին և միշտ հպարտացել եմ Մերիի կամքի ուժով և միշտ պայքարող իր լավատռսությամբ։ Ցանկանում եմ, որ վերջապես ունենան այդքան ցանկալի և սպասված տունը և առողջ լինեն բոլորը միասին։
Ալինա
Ճանաչում եմ Մերիին և իր հրաշք երեխաներին և միշտ հպարտացել եմ Մերիի կամքի ուժով և միշտ պայքարող իր լավատռսությամբ։ Ցանկանում եմ, որ վերջապես ունենան այդքան ցանկալի և սպասված տունը և առողջ լինեն բոլորը միասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter