HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սեուլում փակում են դպրոցներն ու եկեղեցիները, իսկ Արգենտինայում կտրուկ աճում է կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը

Հարավային Կորեայում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակման դեպքերը։ Արդեն 12-րդ օրն է, ինչ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվում 100-ից ավելի մարդու մոտ։ Օգոստոսի 25-ին կորեական իշխանությունները հայտնել են 280 նոր դեպքերի մասին։ Այս հանգամանքով պայմանավորված երկրի իշխանությունները որոշել են Սեուլում և հարակից շրջաններում փակել դպրոցներն ու մանկապարտեզները։ Երեխաները հեռավար կրթություն կստանան մինչև սեպտեմբերի 11-ը։ Բացառություն է արվել միայն ավարտական դասարանների աշակերտների համար, որոնք դեկտեմբերին կմասնակցեն բուհերի ընդունելության քննություններին։

Մայիսին, երբ հնարավոր էր դարձել վերահսկել կորոնավիրուսի տարածումը, Հարավային Կորեայում աշակերտները վերադարձել էին դպրոց։ Սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում, միայն Սեուլում և հարակից շրջաններում, կորոնավիրուսով վարակվել է մոտ 200 աշակերտ և ուսուցիչ։

Հարավային Կորեայում վարակման դեպքերի մեծ մասը կապված են բողոքական եկեղեցիների հետ, որոնց անդամները, մոտ մեկ շաբաթ առաջ, մասնակցել են հակակառավարական խոշորամասշտաբ ակցիաների։ Համավարակից ի վեր առաջին անգամ Սեուլի իշխանությունները քաղաքացիներին պարտադրել են թե՛ փողոցում, և թե՛ փակ հաստատություններում դիմակներ կրել։ Որոշ ժամանակով էլ փակ են եկեղեցիները, գիշերային ակումբները և կարաոկեները։

Աշխարհի տարբեր երկրներից մոտ 50 000 մարդու վրա էլ կփորձարկվի Օքսֆորդի համալսարանի մշակած կորոնավիրուսի պատվաստանյութը, որպեսզի ստուգվի դրա արդյունավետությունը և անվտանգությունը։ Պատվաստանյութի մշակմանը, Օքսֆորդի համալսարանի հետ միասին, մասնակցել է նաև «AstraZeneca» դեղագործական ընկերությունը։ Կլինիկական փորձարկումներին մասնակցում են մոտ 10 հազար բրիտանացի կամավորներ, ևս 10-ը՝ Բրազիլիայից և ՀԱՀ-ից։ Օքսֆորդի համալսարանի գիտնականները հույս ունեն, որ այն կփորձարկվի նաև ամերիկացի 30 000 կամավորի վրա։

Ինդոնեզիայի Բալի կղզու իշխանությունները հայտարարել են, որ մինչև այս տարվա վերջ կղզին չի ընդունի արտասահմանցի զբոսաշրջիկներին։ Ավելի վաղ նշվում էր, որ սեպտեմբերից կղզին, ամեն դեպքում, կընդունի զբոսաշրջիկներին, սակայն իշխանությունները որոշել են հրաժարվել այդ որոշումից՝ կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառով։ Կորոնավիրուսի համավարակից ի վեր այնտեղ հայտնաբերվել է 4 576 դեպք, 52 մարդ մահացել է։ Ինդոնեզիայում էլ հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 155 000 դեպք, մահացել՝ 6 759-ը։ Սա ամենաբարձր ցուցանիշն է Հարավարևելյան Ասիայի երկրների շրջանում։

Արգենտինայում էլ գրանցվել է մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսի նոր դեպքերի ամենամեծ աճը (8 713 նոր դեպք), մահացել 381 մարդ։ Երկրի առողջապահության նախարարի խոսքերով՝ չնակած Բուենոս Այրեսում և հարակից շրջաններում գործում են կարանտինային խիստ միջոցներ, մյուս շրջաններում աճում են վարակման ցուցանիշները։

Համաձայն Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Բուենոս Այրեսում (5656)։ Ընդհանուր առմամբ Արգենտինայում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 350 000 մարդ, մահացել` 7366-ը։ Արգենտինան, Պերուի, Մարոկկոյի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ միասին, որոշել է մասնակցել չինական «China National Biotec Group» ընկերության կողմից մշակած պատվաստանյութի փորձարկումներին։

Լուսանկարը՝ AP Photo/Ahn Young-joon

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter