HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ, սպառնալիքներ և պայթեցված մեքենա․ ջավախքահայ պատգամավորը պնդում է, որ իրեն ուզում են դուրս մղել քաղաքականությունից

Վրաստանի խորհրդարանի ջավախքահայ պատգամավոր Հենզել Մկոյանն ասում է, որ իր և իր ընտանիքի շուրջ կատարվող իրադարձությունները և հնչած սպառնալիքները զուտ քաղաքական ենթատեքստ ունեն, և միակ նպատակն այն է, որ իրեն դուրս մղեն քաղաքականությունից։ Այդ մասին «Հետքի» հարցերին պատասխանելիս ասաց Հենզել Մկոյանը։

Հենզել Մկոյանը, հիշեցնենք, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է 1999 թվականից։ Խորհրդարանական վերջին՝ 2016թ.-ի ընտրություններին ներկայացրել է «Վրացական երազանք» կուսակցությունը։ Սակայն այս տարի հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կուսակցությունն իրեն չի առաջադրել, այլ առաջադրել է Ախալքալաքի շրջանից ընտրված Սամվել Մանուկյանին։

Պրն Մկոյան, ովքե՞ր են այդ մարդիկ կամ ուժերը, որոնք ուզում են, որ Դուք դուրս գաք քաղաքականությունից, անուններ կարո՞ղ եք նշել։

Ես անուններ գիտեմ։ Ես ունեմ տեսաուղերձ, նաև դիմում եմ գրել մեր երկրների դեսպանատներին, բացի դրանից՝ դիմումներ եմ գրել մեր հայկական սփյուռքին՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլ երկրներում, եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներից որևէ մեկին ինչ-որ բան պատահի, այդ տեսաուղերձը նույն օրը կհրապարակվի և կուղարկվի համապատասխան երկրներ, և այդ անունները պարզ կդառնան։ Այս պահին չեմ կարող անուններ տալ, որովհետև դատախազությունը գործ է բացել։ Չգիտեմ ինչու՝ ես գլխավոր դատախազին եմ դիմում գրել, նրանք դա ուղարկել են շրջանային ոստիկանություն, որը և քննում է այն։ Դա ինձ անհասկանալի է, որովհետև եթե խորհրդարանի պատգամավորը գլխավոր դատախազին է գրում, որ իրեն սպառնում են սպանել, իրենք պետք է քննեին այդ գործը։

Ի՞նչ սպառնալիքներ եք ստացել։

Հուլիսի 20-ին ինձ զանգել և զգուշացրել են, որ ընտրություններին չմասնակցեմ, ասացին՝ «թե չէ քո թանկագինը քո ձեռքից կվերցնենք»։ Դրանից հետո՝ հուլիսի 24-ին, զանգել, մեծ գումար են պահանջել, ասին՝ «այլապես գիտենք որտեղ ես գտնվում, քեզ կսպանենք»։ Իմ ամբողջ ընտանիքի վիճակը շատ ծանր է, բոլորը տարբեր դեղորայքներ են ընդունում ամեն օր։

Իմ եղբոր մեքենան օգոստոսի 21-ին պայթեցրին։ 3 տոննանոց մեքենան 4 մետրից ավելի շպրտվեց ճանապարհի մի ծայրից մյուսը։ Եղբայրս կոնտուզիա ստացավ, մի ականջը չի լսում, հրաշքով փրկվեց, որովհետև մեքենայի անվտանգության բարձիկները բացվել էին։ Պայթյունից դիմացի շենքում կահույքներ են ընկել, մահճակալներն են տեղից շարժվել, և քաղաքի մեջ 3 կմ հեռավորությամբ այդ պայթյունը լսվել էր։ Դա մահափորձ էր, կարելի է ասել՝ ահաբեկչություն։ Այդ ամենն արվել էր իմ դեմ, որովհետև այդ մեքենայով ես մեկ օր առաջ շրջել էի, մտածել են՝ այդ մեքենայի մեջ ես եմ։

Եղբայրս ամենամեծ հայ բիզնեսմենն է Վրաստանում։ 300-ից ավելի աշխատատեղ է ստեղծել, բոլորը տեղացիներ են։ Այսօր իմ եղբայրը 1200-1400 հոգու ապրուստ է ապահովում, որ նրանք մնան և ապրեն Ջավախքում, իսկ իրեն պայթեցնում են։ Եղբայրս մտածում է, որ գուցե որպես հայ չեն ուզում, որ ինքն աշխատի կամ բիզնես անի, դրա համար են պայթեցնում։

Այս տարի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Ձեզ չի առաջադրել, այլ առաջադրել է Սամվել Մանուկյանին։ Ձեր կարծիքով՝ Ձեր հակառակո՞րդն է այս ամենի հետևում, որ ուզում են մրցակցությունից դուրս բերել Ձեզ։

Չեմ կարծում, որ այդ մարդը նման բաներ անի։

Ձեր անձի շուրջ այդ իրադարձությունները սկսեցին զարգանալ նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի հետ տեղի ունեցած բախումից հետո։ Գուցե դա՞ է պատճառը։

Այո, իր կողմից սկսվեց այդ ամեն ինչը։ Իր որդին 2019թ․ հոկտեմբերին եղբորս ճանապարհը կտրեց և քարով խփեց, եղբորս տեսողությունը 40 տոկոսով կորավ, ընկերը գլխուղեղի ցնցում ստացավ։ Դրանից հետո նա մարտի 26-ին 3 անգամ կրակեց իմ վրա։ Այդ լարվածությունը սկսվեց, բայց այս պայթեցումը ես չեմ կարողանում կապել իր հետ, որովհետև ես ապացույց չունեմ։ Բայց այն, որ իր տղան իմ եղբորը խփել է, գործ հարուցած չէ, իմ վրա 3 անգամ կրակել է, մահափորձ է կատարել, այդ գործն էլ խուլիգանության հոդվածով է քննվում, դրա հետ ես համաձայն չեմ։ Բայց առաջին գործը երկրորդ գործի հետ ես չեմ կարող կապել․ մեքենայի պայթեցումը չեմ կարող ասել, որ իրենք են արել։

Ինչ վերաբերում է սպառնալիքներին՝ արդեն ասացի, որ ունեմ անուններ, և եթե ինչ-որ սպանություն կատարվի, հայկական համայնքը մեկ ժամվա մեջ կիմանա այդ մասին։

Սպառնալիքների գործով ոչինչ չի՞ հայտնաբերվել, հեռախոսահամարներ չե՞ն ֆիքսվել, որոնցից ստացել եք զանգերը։

Կան համարներ։ Դատախազությունը եկել է, մեկ ժամից ես էլ եմ գնալու, 10-ից ավելի վկաներ կան։

Դուք իշխող կուսակցության հետ որևէ կոնֆլիկտ կամ հակասություն ունեցե՞լ եք վերջին շրջանում։

Ոչ, ես իշխող կուսակցության հետ ոչ մի հակամարտություն չունեմ, նորմալ հարաբերություններ ունեմ։ Ես համարում եմ, որ այդ թիմի անդամ եմ, իրենց կողմից վատ բան չեմ տեսնում։

Ձեր ընտանիքը դեռ Ջավախքո՞ւմ է, դուրս չե՞ք բերել երկրից։

Չէ, դեռ Ջավախքում է։

Որոշե՞լ եք՝ առաջիկա ընտրություններին ինքնառաջադրվելու եք, թե ոչ։

Դեռ չեմ որոշել, բայց ժողովուրդը շատ խիստ պահանջում է, որովհետև ես 21 տարի ժողովրդին և պետությանն եմ ծառայել, և ես այդ կապը՝ ժողովրդի ու պետության, լավ եմ պահել և ոչ մի սխալ թույլ չեմ տվել։

Եթե, այնուամենայնիվ, որոշեք ինքնառաջադրվել, ի՞նչ հարցեր են կուտակված Ջավախքում, որ պետք է դեռ լուծում ստանան Ձեր միջոցով։

Ջավախքում 21 տարվա մեջ հարյուրավոր խնդիրներ եմ լուծել, բայց կան կիսատ հարցեր, որոնք դեռ պետք է լուծել անպայման։ Դա իմ ծրագրի մեջ կա՝ դպրոցների, հողի սեփականաշնորհման, գյուղերի բարեկեցության և զարգացման հարցերն են իմ ծրագրերում։

Լուսանկարը՝ Հենզել Մկոյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter