HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երևան-Արմավիր ավտոճանապարհի մերձակա հատվածները վերածվում են աղբանոցի

Միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Էջմիածին և Մեծամոր քաղաքների հատվածում օրեցոր գոյանում են աղբի նոր կույտեր՝ հիմնականում շինարարական: Ճանապարհի այն հատվածում, որտեղից երևում է Էջմիածին քաղաքի մուտքը, նույնիսկ գոմաղբ է թափված: Որոշ հատվածներում կան նաև քիչ քանակության կենցաղային աղբի կույտեր:

Շինարարական աղբին ավելանում են նաև տեղ-տեղ ավելացող ավտոմեքենաների ջարդոնները: Ճանապարհամերձ որոշ հատվածներ մաքրվել են անպիտան մեքենաների ջարդոններից, սակայն դրանք իսպառ վերացած չեն:

Նախկինում գրել էինք, որ Էջմիածնի համայնքապետարանը որոշել է կոշտ միջոցներ ձեռնարկել չսահմանված կամ չնախատեսված տեղերում աղբ թափողների նկատմամբ: Համայնքապետարանում որոշել են տուգանել այն սուբյեկտներին, ովքեր երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր կթափեն չնախատեսված վայրերում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ նմանատիպ դեպքերում ֆիզիկական անձի նկատմամբ նշանակվում է 100 000-150 000 դրամի չափով տուգանք, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 200 000-300 000 դրամի չափով:

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ պարբերաբար շրջայց են կատարում և համայնքապետերի հետ աշխատելով՝ վերացնում են չնախատեսված վայրերում թափված աղբը:

«Այսօր էլ կխոսեմ իրենց հետ, տեսնեմ ինչ վիճակ է»,- ասաց Աշոտ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ ճանապարհով օրը մեջ անցնում է և աղբ չի նկատել: 

Նշենք, որ նոր աղբակույտերն արդեն մեկ շաբաթից ավել՝ չեն տեղափոխվել, պարբերաբար հետևում էինք, հետևաբար այդ տարածքով անցնող մարզպետարանի պաշտոնյաների համար այն չպետք է աննկատ մնար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter