HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Նազարյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում մակագրվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։

Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Վերաքննիչ դատարանից։ Մակագրումը տեղի է ունեցել օգոստոսի 25-ի երեկոյան։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի, օգոստոսի 8-ին մերժել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն պաշտոնեական լիազորությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Նազարյանը  օգոստոսի 6-ին ձերբակալվել է, որի դեմ նրա պաշտպանները բողոք են ներկայացրել։

Հատուկ քննչական ծառայությունը օգոստոսի 6-ին հաղորդագրություն է տարածել քրեական գործի մասին՝ հայտնելով, որ Ռոբերտ Նազարյանը, 2011 թվականի սեպտեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կայացած նիստերի ընթացքում ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով սակագնային արտոնություններ է սահմանել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար։ Մասնավորապես՝ բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը։ Նազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նշենք, որ բացի Ռոբերտ Նազարյանից այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, հանձնաժողովի անդամներ Շիրազ Կիրակոսյանն ու Մուշեղ Կոշեցյանը։

Նիկոլայ Գրիգորյանի նկատմամբ ի սկզբանե խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Շիրազ Կիրակոսյանին կալանավորելու միջնորդությունը առաջին ատյանի դատարանը մերժել է, որի դեմ դատախազությունը բողոք է տարել Վերաքննիչ դատարան, սակայն դեռևս գործը չի մակագրվել։

Մուշեղ Կոշոցյանը միակ մեղադրյալն է, ում նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն երեկ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, բավարարել է նրա պաշտպանների բողոքը, և Կոշեցյանը նույնպես ազատ է արձակվել։

Լուսանկարում՝ Ռոբերտ Նազարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter