Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու։ Դատարանը հայտնեց, որ երբ որոշումը պատրաստ լինի, կողմերն այդ մասին տեղյակ կպահվեն:
Նշենք, որ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը սկսվել էր այսօր՝ ժամը 12:00-ից։ Գագիկ Խաչատրյանը նիստին չէր մասնակցում։ Դատարան դիմում էր ուղարկել այն մասին, որ առողջական վիճակով պայմանավորված՝ ի վիճակի չէ ներկայանալ դատարան։
Այսօր նիստի ընթացքում դատախազ Գևորգ Սարգսյանը պնդեց, որ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է թողնվի անփոփոխ։
Պաշտպան Երեմ Սարգսյանը դիրքորոշում հայտնեց, որ իր պաշտպանյալին կալանավորելու հիմքեր չկան, միջնորդեց նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառել՝ առնվազն գրավի տեսքով։
Նշենք, որ վաղը՝ օգոստոսի 27-ին, լրանում է Խաչատրյանի նախնական կալանքի տակ գտնվելու առավելագույն` 1 տարի ժամկետը, և եթե դատարանը մինչ այդ որոշում չկայացնի, ապա նա պետք է ազատ արձակվի։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն, ըստ մեղադրանքի, 2008 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 4-ը հանդիսանալով կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, այնուհետև 2008թ. հունիսի 4-ից մինչև օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահը, իսկ 2008թ. օգոստոսի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը զբաղեցնելով կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014թ. ապրիլի 26-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 8-ը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 373 մլն դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված Հիդրոապարատ ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34 մլն դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: Նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34 մլն ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2 մլրդ 624 մլն դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Լուսանկարում՝ դատավոր Արթուր Մկրտչյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել