HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արայիկ Հարությունյանը համապետական ծնողական ժողովին անդրադարձավ Covid-19-ի պայմաններում դպրոցների վերաբացմանը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը համապետական ծնողական ժողով էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձավ այն հարցին, թե ինչպես պետք է իրականացվի դասապրոցեսը նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո։

Նախարարի պնդմամբ մարտ ամսից սկսած հեռավար կրթության նպատակն էր կրթության անընդհատությունն ապահովել, որ հետագայում լրջագույն խնդիրների չբախվեն։ Ըստ նրա՝ նպատակը կարողացել են ապահովել։

Նախարարի խոսքով՝ դիտարկումները ցույց են տվել, որ ծնողների մեծամասնությունը ցանկացել է, որ դպրոցները վերաբացվեն, իսկ ոչ պաշտոնական հարցման արդյունքում պարզվել է, որ ծնողների 80 % -ը պատրաստ է երեխաներին տանել դպրոց։ Քանի որ կորոնավիրուսով վարակվածների թվի անկում կա, ապա հնարավոր է եղել դպրոցների վերաբացումը. «Սակայն մենք չպետք է նպաստենք, որ Covid-19-ով վարակման թիվն ավելանա, որովհետեւ եթե կարճ ժամանակ հետո էդ թիվն էնքան ավելանա, կորն էնքան վեր թռնի, որ մենք ստիպված լինենք դպրոցը նորից փակել, սա մեծ խնդիր է լինելու կրթական համակարգի համար։ Էդպես բացել-փակել, անցնել առկայի, հետո հեռակայի... մենք ամեն ինչ անում ենք, որ դա թույլ չտանք»,- նշեց նախարարը։

Նրա պնդմամբ՝ եթե կանոնները պահպանվեն, ապա երեխաները կստանան նորմալ կրթություն, չեն հիվանդանա, վիրուս չեն տարածի։ Նախարարը մեկ անգամ եւս շեշտեց, որ պահպանվելու են Առողջապահության նախարարության եւ պարետատան սահմանած կանոնները, որոնք վերաբերում են ինչպես ախտահանմանը, այնպես էլ սոցիալական հեռավորության պահպանմանը, դիմակների կրմանը։ Ըստ նախարարի՝ այս կանոնները պահպանելով 95 %-ով կանխելու են վարակի տարածումը։

Աշակերտները դպրոցներում կմնան երեքից հինգ ժամ։

Իսկ նախարարությունը հետեւելու է իրավիճակի զարգացմանը, եւ ըստ դրա՝ որոշումներ կկայացնի։ Հնարավոր է փոփոխություններ կատարվեն կրթական ուղեցույցում։

Նախարարն այս ամենը համեմատեց պատերազմի հետ, իսկ նախարարության կատարած աշխատանքը քննադատելը համեմատեց մարտի դաշտում զենքի ընտրության հարցի հետ։ «Մենք միասին պետք է առաջ գնանք եւ հաղթահարենք համավարակը՝ միաժամանակ ապահովելով երեխաների կրթության իրավունքը եւ կրթության շարունակականությունը»։

Արայիկ Հարությունյանը կոչ արեց ծնողներին համագործակցել ուսուցիչների հետ, որպեսզի աշակերտներն ամրապնդեն ստացած գիտելիքները։ «Առավոտյան երբ երեխաները դասի են գնում, ջերմաչափեք, որպեսզի բարձր ջերմության դեպքում դպրոց չտանեք։ Դպրոցում երեխաներին ջերմաչափելու են, եթե բարձր ջերմություն ունենան աշակերտները, ապա ծնողներին կտեղակացնեն եւ համապատասխան միջոցներ կձեռնարկեն»,- հավելեց նա։ Իսկ խրոնիկ բարձր ջերմություն ունեցողների դեպքում ծնողները պետք է այդ մասին նախապես տեղեկացնեն։

Անդրադառնալով առաջին դասարանցիներին սեպտեմբերի 14-ին դպրոց ուղեկցելուն՝ Հարությունյանը խնդրեց ծնողներին, որ երեխային մեկական անձ ուղեկցի։

Դասամիջոցներին դասարանից դուրս չգալու վերաբերյալ ասաց, որ այսպես վարակի տարածումը կկարողանան վերահսկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter