HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը քիչ առաջ հրապարակեց որոշում, որով անփոփոխ թողնվեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ Խաչատրյանի նկատմամբ ազատազրկմանը չառնջվող խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, մերժվեց։

Նշենք, որ Խաչատրյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը տեղի է ունեցել երեկ, տևել շուրջ 8 ժամ, որից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Գագիկ Խաչատրյանն անազատության մեջ է ուղիղ մեկ տարի։ Նա, ինչպես նաև եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը ձերբակալվել են  2019 թվականի օգոստոսի 27-ին, ապա՝ կալանավորվել։

Կարեն Խաչատրյանը գործի նախաքննության ընթացքում երկու անգամ ազատ է արձակվել, սակայն այդ որոշումները բեկանվել են։ Նա նույնպես այս պահին գտնվում է կալանքի տակ։

Այս փուլում, այսինքն՝ գործը դատական քննության նախապատրաստելիս դատավոր Արթուր Մկրտչյանը պետք է անդրադառնա նաև Կարեն խաչատրյանի խափանման միջոցի հարցին։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն, ըստ մեղադրանքի, 2008 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 4-ը հանդիսանալով կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, այնուհետև 2008թ. հունիսի 4-ից մինչև օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահը, իսկ 2008թ. օգոստոսի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը զբաղեցնելով կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014թ. ապրիլի 26-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 8-ը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնն,  իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է Հայաստանի  պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 373 մլն դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34 մլն դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից:

Նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34 մլն ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2 մլրդ 624 մլն դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter