HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է, որի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր տեղի է ունեցել բողոքի գործով դատական նիստ։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի մայիսի 25-ին։

Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարան են ներկայացրել մեկ ամիս առաջ Հայաստանի առաջատար մասնագետների մասնակցությամբ անցկացված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, համաձայն որի՝ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա է ողնաշարի ստենոզ՝ ավելի բացասական դինամիակայով, քան նախկինում էր արձանգրվել, Խաչատրյանն ունի վիրահատության կարիք։

«Մենք ասում էինք, որ Գագիկ Խաչատրյանն ունի վիրահատության կարիք՝ ողնաշարի ստենոզի հետ կապված, վարույթն իրականացնող մարմինը, մեղադրանքի կողմը ներկայացնում է շատ կասկածելի պայմաններում՝ ընդամենը ժամերի ընթացքում ձեռք բերված միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացություն, որի համաձայն՝ Գագիկ Խաչատրյանը ոչ միայն վիրահատության, այլ նաև բուժման կարիք չունի, և սա այն դեպքում, երբ 2019 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հսկայական կոնսիլիում էր եղել հենց քննիչի հանձնարարությամբ,  և առողջապահության նախարարության առաջատար մասնագետների կողմից արձանագրվել էր, որ Խաչատրյանի մոտ ողնաշարի ստենոզ է առկա, կա վիրահատության անհրաժեշտություն։ Դրանից հետո փորձաքննություն էր եղել, հիվանդությունը հաստատվել էր։ Այն բանից հետո, երբ դիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու հարցով, մի քանի  ժամվա ընթացքում միջգերատեսաչական փորձաքննության պատասխան ստացվեց, որ Խաչատրյանը վիրահատության կարիք չունի։ Այժմ դատարան ենք ներկայացրել պետության կողմից նշանակված  նոր կոնսիլիումի եզրակացություն, համաձայն որի՝ նորից վերահաստատվել է, որ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա  ողնաշարի ստենոզ՝ ավելի բացասական դինամիկայով , անհրաժեշտ է վիրահատություն»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Վերջինս, հղում կատարելով Առողջապահության նախարարի գրությանը, ասաց, որ Խաչատրյանի վիրահատությունը Հայաստանում իրականացնել հնարավոր չէ։

Ըստ Երեմ Սարգսյանի՝ Գագիկ Խաչատրյանը խոշտանգման է ենթարկվում։

«Եվրոպական դատարանն իր նախադեպերում հստակ արձանագրում է, որ եթե անձը գտնվում է քրեակատարողական հիմնարկում և բուժում չի թույլատրվում, դրա հետևանքով առողջության բացասական դինամիկա է արձանագրվում, մշտական ցավեր են առաջանում, որոնք առօրյա կյանքում լուրջ դժվարություններ են առաջացնում և վնասում ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես, բարոյապես, և այս ամենը լինում է երկարատև, դա դիտարկվում է որպես խոշտանգում»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն ազազատության մեջ է 2019 թվականի օգոստոսի 27-ից։ Ձերբակալվել, ապա կալանավորվել է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter