HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փնտրելով ֆիզիկայի ուսուցիչ.  ֆիզիկան անհրապույր առարկա է դարձել դիմորդների համար

2020-2021 ուսումնական տարում ոչ մի դիմորդ չի ընտրել ֆիզիկա մասնագիտությունը մանկավարժական մասնագիտացում ունեցող բուհերից որևէ մեկում. սա նշանակում է, որ չորս տարի անց տեսականորեն մենք կարող ենք ֆիզիկայի նոր ուսուցիչ չունենալ: ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում հատկացված բոլոր տեղերը չեն համալրվել` անվճար հատկացված 27 տեղերից համալրվել է 21-ը, վճարովի 33 տեղերից` վեցը (թափուր տեղերի մրցույթի տվյալները ներառյալ): ԵՊՀ-ում ֆիզիկա մասնագիտությունն ընտրած ուսանողները մանկավարժի որակավորում ստանալու համար պետք է լրացուցիչ վճարովի մանկավարժական դասընթաց անցնեն, որպեսզի կարողանան բավարարել մանկավարժի համար սահմանված պարտադիր պայմաններին:

2019-2020 ուսումնական տարում Հանրապետության 32 դպրոցներում ֆիզիկա առարկա չի դասավանդվել: Ֆիզիկայի առարկա 2019-2020 ուսումնական տարվա ընթացքում չի դասավանդվել օրինակ Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցում, Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցում, Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցում և այլն: Ֆիզիկայի ուսուցչի կարիք է արձանագրվել Հանրապետության գրեթե բոլոր մարզերի տարբեր համայնքներում: Ցանկն ամբողջությամբ կարող եք տեսնել ստորև:

Գնահատման և թեստավորման կենտրոնից (ԳԹԿ) խնդրել էինք վերջին տասը տարիների դիմորդների նախընտրած և թափուր մնացած բաժինների վիճակագրությունը` հատկապես բնագիտական առարկաների մասով, սակայն մեկ ամիս անց չենք ստացել հարցման պատասխանը: Այս տարվա դիմորդների մասնագիտական նախապատվություններն ու թափուր մնացած բաժինները խոսում են այն մասին, որ տարիներ անց Հայաստանը կարող է կանգնել հատկապես բնագիտական ուղղության ուսուցիչներ չունենալու խնդրի առաջ:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018-2019 ուսումնական տարում ֆիզիկական գիտությունների մասնագիտությունների գծով պետական բուհեր է ընդունվել 73 ուսանող, նույն մասնագիտությունների գծով շրջանավարտների թիվը կազմել է 209: Այս ցուցանիշը ուսանողների նախընտրած մասնագիտությունների մոտ 1 %-ն է կազմում (8200 ուսանողների հաշվով), իսկ շրջանավարտների` 1,5 %-ը  (ընդհանուր` 13714 շրջանավարտ):

Ինչու երիտասարդ ֆիզիկոսը չնախընտրեց ուսուցչի մասնագիտությունը

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Ֆիզիկայի ինստիտուտի) երիտասարդ գիտաշխատող, ՖՄԳԹ Վաչիկ Խաչատրյանը (էքսպերիմենտալ և միջուկային ֆիզիկայի մասնագիտացմամբ) աշխատում է գիտական լաբորատորիայում, զուգահեռաբար` արդեն երրորդ տարին աշխատում է որպես մեքենայական ուսուցման ինժեներ (Data Scientist), այժմ InteinAir կազմակերպությունում է աշխատում: Նա պատմում է, որ ֆիզիկայի հանդեպ ընդգծված հետաքրքրությունը դպրոցական վերջին տարիներին է ունեցել, մինչ այդ ավելի հետաքրքրվել է մաթեմատիկայով: Լինելով գյուղական համայնքի բնակիչ (Վարդենիսի Ակունք գյուղ)՝ Վաչիկը մասնագիտության ընտրության հարցում դժվարությամբ է կողմնորոշվել, ասում է գյուղի բնակիչների համար մասնագիտություն ընտրելը հեշտ չէ, ֆակուլտետները ճանաչողական տեսանյութեր չեն ունեցել, որոնք կուղղորդեին դիմորդներին, ու պարզ լիներ՝ կոնկրետ մասնագիտությունն ընտրելիս ինչ մասնագետ կարող ես դառնալ, որքան վաստակել և այլն:

Կողմնորոշման համար Վաչիկը դիմել է համալսարանական ընկերներին, որոնք էլ առաջարկել են սովորել կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ ու աշխատել որպես ծրագրավորող, կամ ռադիոֆիզիկա ու աշխատանք գտնել «Սինոփսիս» ընկերությունում, կամ էլ ընդունվել Ֆիզիկայի ֆակուլտետ: Վերջին տարբերակի վրա էլ կանգ է առել Վաչիկի ընտրությունը: Առաջարկվող տարբերակներում ուսուցչի մասնագիտությունը չի եղել, Վաչիկը պատմում է` մայրն ուսուցիչ է եղել (այժմ չի դասավանդում), և տարիներ շարունակ իրենց տանը տեսել է այդ մասնագիտության բարդությունները, ինչն էլ իրեն չի գրավել, սակայն, այնումենայնիվ ոչ ֆորմալ դասավանդում իրականացրել ու իրականացնում է: Ուսուցչի դերը ևս առանցքային է եղել մասնագիտության ընտրության հարցում, քանի որ ուսուցիչն է այն մարդը, ով սեր է առաջացնում դեպի առարկան:

Ասում է` գյուղական դպրոցներում ֆիզիկան հիմնականում դասավանդվում է որպես խնդիրների շարք, որոնք կարելի է մաթեմատիկայի միջոցով լուծել, մինչդեռ հնարավոր է շատ հասարակ նյութերով, նույնիսկ տնային պարագաներով կարևոր փորձեր անել, սակայն դպրոցներում հավանաբար մտածում են, որ այդ ամենը ծախսատար է, և նման լաբորատորիաներ սարքելու անհրաժեշտություն չկա:

 Ֆիզիկայի իրական դասավանդման ձևը, սակայն, Վաչիկը բացահայտել է ոչ դպրոցում, ոչ էլ համալսարանում, այլ «ԱՅԱՍ» տիեզերական ընկերությունում:

«ԱՅԱՍ» տիեզերական ընկերությունը հիմնադրվել է 1988 թվականին, զբաղվում է կրթական ու գիտահետազոտական աշխատանքներով, հիմնադիրը Ավետիք Գրիգորյանն է: Կենտրոնում կարող են հավաքվել տարբեր տարիքային խմբի անձինք՝ տեխնիկական գիտությունների վերաբերյալ նախնական պատկերացումներից մինչև հարաբերականության ընդհանուր տեսության մասին գիտելիքներով ու սովորել:

«Ես էնտեղ տեսա, թե ինչպիսին է լինում իրական ուսուցիչը, ինչպես է տարբեր տարիքային խմբի մարդկանց համար հետաքրքրություն առաջացնում առարկայի նկատմամբ: Էնտեղ սովորեցի` ինչպես պետք է բացատրել ֆիզիկան, ոչ դպրոցներում, ոչ նույնիսկ համալսարանում առարկայի տեսություն նման ձևով բացատրել չէի տեսել»,- պատմում է Վաչիկը: Դասընթացն ավարտելուց հետո Վաչիկը դարձել է ակումբի անդամ, մեկ տարի դասավանդել Երևանի 87 դպրոցում` արտադասարանական խմբակում և ժպիտով պատմում է` մինչ օրս էլ աշակերտների հետ շփվում է:

Ըստ մեր զրուցակցի` դասավանդելը ամենալավ ձևն է սեփական գիտելիքներն ամրապնդելու համար, ուստի որակյալ մասնագետները պետք է ժամանակ գտնեն ու մասնակցեն գիտելիքի փոխանցման պրոցեսին` թե բուհերում, թե մասնավոր կրթական ծրագրերում:

Երիտասարդ գիտաշխատողի համոզմամբ կրթությունը, գիտությունը և ինդուստրիան փոխկապակցված են, ու խնդիր է առաջանում, երբ մի օղակը վատ է աշխատում: Գիտության ներկայիս վիճակը, մեղմ ասած, լավ չէ, աշխատավարձերը ցածր են, ֆինանսավորումը քիչ է, սարքավորումները չեն թարմացվում, հետևաբար Հայաստանի գիտությունը հետ է մնում համաշխարհային գիտության մեջ իր ներդրումն ունենալուց: Սա էլ իր հերթին նպաստում է որակյալ մասնագետների թվի կտրուկ նվազման: Գիտության ամենավերջին գիտելիքը չի փոխանցվում կրթական հատվածին: Ինդուստրիային հարկավոր չէ հին գրականությամբ ուսումնասիրված ծրագրավորման գիտելիքներով մասնագետներ: Որակյալ մասնագետների փնտրտուքները բերում են կրթական հաստատություններ, և երիտասարդ մասնագետները գիտությունը զիջում են ինդուստրիային: Դրա հետևանքով տուժում է գիտությունը, ինչն էլ իր հերթին ազդում է կրթության վրա:

«Գիտությամբ զբաղվելը աշխատանք է, չպետք է դասել կամավորական աշխատանքների շարքին, պետք է պետական մակարդակով պահանջներ ներկայացնել, թե ինչ խնդիր է դրված գիտության առջև, ինչ է պահանջվում գիտաշխատողներից: Այդ պահանջները պետության կողմից հստակ չեն ներկայացվել, թե օրինակ՝ ինչ է պահանջվում Ֆիզիկայի ինստիտուտից, ինչ՝ Քիմիայի ինստիտուտից»,- ասում է Վաչիկ Խաչատրյանը:

Նրա համոզմամբ` գիտությունը շատ լայն է, այն նպաստում է աշխարհհայացքի ընդլայնմանը, և գիտնականը կարող է հետաքրքրվել ուղղությամբ, որը պետության համար արժեք չի ստեղծում: Ասում է` գիտությունն այդ պարագայում նմանվում է սպորտաձևի, որ ինչ-որ մեդալի ենք արժանանում, և այդքանով սահմանափակվում: Գիտությամբ զբաղվողի պետական պահանջ չկա, ոլորտը թերֆինանսավորված է, գիտությունը նմանվում է շուկայի․ չկա պահանջարկ, չկա` առաջարկ:

ԿԳՄՍ նախարարությունում խնդրի մասին տեղյակ են, փորձում են լուծումներ գտնել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը բնագիտական հոսքի առարկաների նկատմամբ դիմորդների հետաքրքրության պակասը բացատրում է նախ և առաջ մասնագիտական կողմնորոշմամբ, որովհետև դպրոցում աշակերտները, մասնագիտություն ընտրելով, չեն պատկերացնում, թե ինչ գիտելիքներ են անհրաժեշտ այդ մասնագիտությամբ ուսանելու համար: Ստացվում է մի իրավիճակ, երբ աշակերտներն ընտրում են այն առարկաները, որոնք իրենց պետք են գալու քննություն հանձնելու և բուհ ընդունվելու համար: Որպես օրինակ մատնանշում է այն, որ տնտեսագիտական ուղղությամբ կրթությունը շարունակել ցանկացողը չի ձգտում ավագ դպրոցում խորացված ուսումնասիրել աշխարհագրություն, նախապատվություն է տալիս միայն օտար ու հայոց լեզուներին, մաթեմատիկային:

«Հարցրեք ցանկացած ծրագրավորողի և նա կասի, որ ծրագրավորման համար պետք է իմանալ մաթեմատիկա, ֆիզիկա և օտար լեզու, իսկ ինչ քննություններով են ընդունվում ծրագրավորման ֆակուլտետ` մաթեմատիկա և օտար լեզու, ֆիզիկա չկա, և աշակերտները մտածում են, որ արգելքը հաղթահարելու համար մաթեմատիկան և օտար լեզուն բավարար են: Հետագայում ունենում են խնդիրներ, մասնակի ձևով են գիտությունն ուսումնասիրում, և այդ հանգամանքն իհարկե իր հետքը թողնում է»,- ասում է Արտաշես Թորոսյանը:

Ըստ նախարարության փորձագետի` բնագիտական ուղղության առարկաների հանդեպ դիմորդների հետաքրքրության պակասն ունի խորքային պատճառներ, և դեռ Խորհրդային Միության գոյության վերջին տարիներից այս խնդիրը սկսել է զարգանալ: Տարրական դպրոցում բնագիտական ուղղությունից աշակերտներն ուսումնասիրում են միայն մաթեմատիկա, բոլոր հումանիտար առարկներում, անգամ տեքստերում բնագիտական տերմինաբանություն գործնականում չկա, բնության երևույթների մասին տեքստերում ոչինչ չկա, որ աշակերտը նաև տեքստերի ընթերցանության ժամանակ ուշադրությունը կենտրոնացնի այդ առարկաների վրա: Ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաներն աշակերտներն արդեն յոթերորդ դասարանում են ուսումնասիրում, երբ բացարձակ հետաքրքրություն չկա այդ գիտությունների նկատմամբ: Մեծ դեր ունի նաև այն, որ ծրագիրն ու դասագրքերը ծանրաբեռնված են, աշակերտները դժվարանում են սովորել, բացի այդ` փորձեր չեն կարողանում իրականացնել:

«Մի բան է բացատրես տատանողական շարժման օրենքները մաթեմատիկական արտահայտությամբ, և մեկ այլ բան է ճոճանակից բեռը կախես, շարժես ու խնդրես աշակերտին բացատրել այդ տատանումը»,- ասում է մասնագիտությամբ ֆիզիկոս մեր զրուցակիցը:

Հանրակրթության առարկայական նոր չափորոշիչների մշակման ժամանակ այս խնդիրները քննարկվել են, բնագիտական առարկաների ուսուցիչները երկու հիմնական հարց են բարձրացրել` նյութը պետք է լինի այնպիսին, որ աշակերտի համար ընկալելը հեշտ լինի, և դասը սկսվի փորձով, աշակերտը տեսնի երևույթը, որոշակի եզրակացություններ անի, որից հետո ստանա գիտական բացատրությունը: Նախարարությունը երկու պահանջն էլ հաշվի է առել: Չափորոշիչներում նաև ամրագրվել է այն, որ բոլոր առարկաները պետք է սերտորեն կապված լինեն, թեմայի աղյուսակի վերջին տողի վրա գրված է լինելու, թե այս թեման սովորելու համար աշակերտները ինչ պետք է իմանան հայոց լեզվից, ինչ` մաթեմատիկայից, ինչ` կենսաբանությունից, ինչ` ֆիզիկայից:

Իսկ թե որքանով հագեցված կլինեն դպրոցները լաբորատոր սարքավորումներով, որպեսզի չափորոշիչներում դրված պահանջներն իրագործվեն, Թորոսյանն ասում է` կան բազմաթիվ փորձեր, որոնց համար հատուկ սարքավորումներ անհրաժեշտ չեն, սակայն նոր չափորոշիչների ներդրման հետ մշակվել է բոլոր բնագիտական առարկաների համար լաբորատոր սարքավորումների ցուցակ, և բոլոր դպրոցները այդ լաբորատորիաները ժամանակի ընթացքում ստանալու են: Նաև մշակվում են  վիրտուալ լաբորատորիաներ, որտեղ փորձերը կարող են կատարվել հեռավար, հատկապես վտանգավոր փորձերը` էլեկտրականության, թունավոր նյութերի և այլնի:

Ինչ է մտադիր իրականացնել նախարարությունը հարցին, որ տարիներ անց չկանգնենք բնագիտական ուղղության ուսուցիչներ չլինելու խնդրի առջև, Թորոսյանն ասում է` կարճ լուծումը հեռավար կրթությունն է, որը չի սկսվել կորոնավիրուսային համավարակով, դրանից առաջ էլ նախարարությունն աշխատանքներ իրականացրել է: Հայաստանում կան հեռավոր, բարձր լեռնային գյուղեր, փոքր բնակավայրեր, որտեղ ֆիզիկապես հնարավոր չէ ապահովել բոլոր առարկաների ուսուցիչներ: Մի տարբերակ կա՝ այդ խնդիրը լուծել գործուղման միջոցով կամ հարակից առարկաների ուսուցիչների վերապատրաստմամբ, որ երկու առարկա դասավանդեն կամ կազմակերպեն հեռավար եղանակով:

Նախարարությունն առաջիկայում նախաձեռնելու է ուսուցիչների կամավոր ատեստավորում և այն ուսուցիչները, որոնք կանցնեն այդ ատեստավորումը,  նրանց աշխատավարձը մի քանի անգամ ավելանալու է: ԿԳՄՍ-ի պաշտոնյան պնդում է` նախարարությունը ձգտում է մանկավարժի աշխատանքը դարձնել ֆինանսական առումով գրավիչ:

«Ինչի ֆիզիկայի և մաթեմատիկայի մեր ուսուցիչները պակասեցին, որովհետև այդ երիտասարդները, նույն ժամանակը ծախսելով որպես ծրագրավորող աշխատելու վրա, ավելի շատ կվաստակեն, քան դպրոցում ուսուցիչ աշխատելով»,- ասում է նա:

ԿԳՄՍ նախարարության մասնագիտական կրթության քաղաքականության մշակման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանն էլ բնագիտական ուղղության առարկաների նկատմամբ հետաքրքրության պակասը պայմանավորում է աշխատաշուկայում այդ մասնագիտություններով աշխատանք գտնելու խնդրով, քանի որ ավելի շատ պահանջարկ կա տնտեսագիտություն, շուկայագիտություն, իրավագիտություն, հասարակայնության հետ կապերի մասնագիտացումների դեպքում: Ըստ մեր զրուցակցի` հասարակագիտական ուղղության մասնագիտությունների հանդեպ ավելի մեծ պահանջարկ կա, քան` բնագիտականի:

«Մենք վերջին երեք տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի մոտ 200 տեղով ավելացրել ենք բնագիտատեխնիկական ուղղվածության մասնագիտություններում հատկացված տեղերի քանակը, բայց, ցավոք սրտի, որոշ մասնագիտությունների դեպքում այդ խնդիրը դեռ ունենք»,- ասում է Ալեքսանյանը:

Եթե 2019-2020 ուսումնական տարում նախարարությունը հատկացված անվճար տեղերից 50,49 %-ը (813 դիմորդ) տրամադրել է բնագիտատեխնիկական ուղղվածության մասնագիտությունների համար, ապա արդեն 2020-2021 ուսումնական տարում այդ թիվն աճել է 5 %-ով դառնալով` 55,84 % (1008 դիմորդ):

Այս տարվանից արդեն գործելու է եկամտային հարկի վերադարձի ծրագիրը աշխատող ուսանողների համար (մագիստրատուրա, ասպիրանտուրա, օրդինատուրա), որոնց մասնագիտությունների ցանկը հաստատել է Կառավարությունը: ԿԳՄՍ նախարարության մասնագիտական կրթության քաղաքականության մշակման բաժնի պետն ասում է` ընտրված մասնագիտությունների 90 %ը բնագիտական ուղղություն ունի:

«Ամեն ինչ փորձում ենք անել խնդիրը շտկելու համար, որովհետև մենք էլ ենք հասկանում, որ այդ խնդիրն արդիական է»,- նշեց նա:

Կրթության փորձագետը գլոբալ փոփոխությունների կարիք է տեսնում

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը երկու խնդիր է առանձնացնում, որոնք հանգեցնում են ֆիզիկա, քիմիա առարկաների հանդեպ հետաքրքրության նվազման: Առաջինը ծրագրավորում մասնագիտությունն է, որը բավական եկամտաբեր է, և երեխաները, որոնք հակումներ ունեն այդ գիտությունների նկատմամբ, ընտրում են ծրագրավորում մասնագիտությունը: Մյուս պատճառն էլ այն է, որ այդ երկու առարկաներն ավելի դժվար առարկաներ են, սովորելու համար հաճախ ավելի մեծ ջանք է հարկավոր, քան այլ առարկաների դեպքում է, և դրանով պայմանավորված՝ կա դիմորդների կտրուկ պակաս:

«Տարբերակներից մեկն այն է, որ այդ ֆակուլտետներում ուսումը դառնա անվճար, բայց իհարկե դա էլ վերջնական լուծում չէ, պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնել այդ առարկաների դասավանդմանը դպրոցում, ստեղծել լաբորատորիաներ, կազմել այնպիսի դասագրքեր, որ փոքրուց երեխաների մոտ այդ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրություն առաջանա»,- ասում է փորձագետը:

Խաչատրյանի համոզմամբ` այս խնդրի լուծման համար պետք է այդ մասնագիտությունների գծով բուհական մասնագիտությունը դարձնել անվճար` պայմանով, որ իրենք հետագայում աշխատեն որպես ուսուցիչներ: Կամ լինի այնպիսի արտոնություն, որ ով ավարտելուց հետո պատրաստ է աշխատել որպես ուսուցիչ, պետությունը վերջինիս վճարած ուսման վարձն իրեն վերադարձնի, սա կարող է օրինակ խթան հանդիսանալ, որ ԵՊՀ ֆիզիկայի բաժնում սովորող ուսանողները հետագայում ցանկանան դպրոցում աշխատել:

Կրթության փորձագետը, սակայն, համոզված է, որ խնդիրը գլոբալ հարթությունում պետք է դիտարկել ու առհասարակ մտածել ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու մասին: Քանի դեռ ուսուցիչները շատ ցածր աշխատավարձ են ստանում, և վերջիններիս նկատմամբ չկա հարգանք, նրանք գտնվում են հանրային պարսավանքի ներքո, անդադար քննադատության թիրախում, ուստի նաև այդ պատճառով է, որ շատերը չեն ցանկանում ուսուցչի մասնագիտություն ընտրել:

Ինչ վերաբերում է նախարարության մշակած մասնագիտությունների ցանկին աշխատող ուսանողների համար, որոնց վճարած եկամտային հարկը կարող է փոխհատուցվել մագիստրատուրայում, ասպիրանտուրայում ուսանելիս, Սերոբ Խաչատրյանն ասում է, որ նման ծրագիրը լուծում չէ, քանի որ ուսանողը մագիստրատուրա ընդունվելու համար նախ պետք է բակալավրի որակավորում ունենա, բացի այդ` մանկավարժության գծով մասնագիտություններ այդ ցանկում գրեթե չկաՆ: Կա ԵՊՀ ֆիզիկայի գծով մասնագիտություն, բայց ֆիզիկայի ուսուցիչների համար այդ արտոնությունը չի գործում, և այդ իմաստով խնդիրը լուծված չէ:Փորձագետը որպես խնդրի լուծում չի տեսնում նաև հեռավար դասապրոցեսը, ըստ նրա` այն ծայրահեղ քայլ է, սակայն ցավով ընդգծում է` մեկ-երկու տարի անց մենք իսկապես չենք ունենալու ֆիզիկայի, քիմիայի ուսուցիչներ:

Հ.Գ․ Նախորդ ուսումնական տարում ֆիզիկայի ուսուցիչների թիվը մոտավորապես 30-ով նվազել է:

Լուսանկարները` Անի Սարգսյանի:

Գլխավոր լուսանկարը` pixabay.com-ի:

 

Մեկնաբանություններ (2)

Համեստ Մելիքյան
Կարելի է մաթեմատիկա առարկայի նման բարձրացնել ֆիզիկայի դերը, այն պարտադիր դարձնելով և ոչ թե ընտրության վրա թողնելով օտար լեզվի հետ։
Համեստ Մելիքյան
Այսպիսի խոսքեր, որ տարիներով մտածել եմ, ու կարդում եմ, շատ էի սպասում։ Շնորհակալություն պարոն Թորոսյան, պարոն Խաչատրյան։ Ի հավելումն՝ որպես լուծում կառաջարկեի ֆիզիկա առարկայից նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու համար, այն դարձնել պարտադիր քննություն Ձեր նշած ֆակուլտետներում (ծրագրավորման և այլն)։ Չնայած գնում ենք նրան, որ չլինեն միասնական քննություններ, սակայն մաթեմատիկա առարկայից համահավասար պետք է դասից նաև ֆիզիկան։ Այդ ժամանակ սովորողը քամահրանքով չի վերաբերվի առարկային և ուսուցչին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter