
Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չեն մասնակցի Մխիթարյանը, Ղազարյանը, Ադամյանը. մյուսները պատրաստ են
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Ազգերի լիգայի 2020-2021 թթ. խաղարկության առաջիկա խաղերին մասնակցելու հրավեր ստացած 23 ֆուտբոլիստների անունները:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին ընդգրկված է Ազգերի լիգայի գալիք խաղարկության 3-րդ կամ «C» դիվիզիոնի (լիգայի) 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Վրաստանի հավաքականները: Սեպտեմբերի 5-ին մեր թիմը հյուր կգնա Հս. Մակեդոնիային, իսկ ամսի 8-ին կընդունի Էստոնիային:
Ահա այն ֆուտբոլիստները, ովքեր հրավիրվել են հավաքին:
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Ղազախստան)
Անատոլի Այվազով – «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո – «Շիրակ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)
Խոակին Կապառոսը, մեկնաբանելով հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ընտրությունը, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է. «Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Ինձ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սեւիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները եւ խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100-տոկոսանոց նվիրումով:
Խոսել եմ նաեւ Գեւորգ Ղազարյանի հետ: Նա նշեց, որ մկանային վնասվածք ունի, թիմի մարզումային գործընթացին չի մասնակցել: Սարգիս Ադամյանը նույնպես նոր է ապաքինվել վնասվածքից եւ վերականգնման փուլում է: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել եւ երկու ֆուտբոլիստներին էլ չհրավիրել մոտակա հավաքին:
Նորեկներին հրավիրել ենք՝ ելնելով նրանց ցուցադրած խաղից: Բազմաթիվ հանդիպումներ ենք դիտել ինչպես մարզադաշտերում, այնպես էլ տեսանյութերով: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն այս պահին իրենց դիրքերում լավագույններն են եւ շատ մրցունակ են: Խոսել եմ նրանցից յուրաքանչյուրի հետ եւ ծանոթ եմ բոլորի կարողություններին:
Մենք անընդհատ կապի մեջ ենք նաեւ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ եւ այս պահին ունենք 60 ֆուտբոլիստից բաղկացած թեկնածուների ցուցակ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ թիմերի մեկնարկային կազմում 2 հայ ֆուտբոլիստ ընդգրկելու որոշումը նույպես շատ կարճ ժամկետում կտա իր պտուղները: Կարծում եմ, որ, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները, հրապարակված ցուցակն ամենօպտիմալն է, որ կարող էր լինել»:
Լուսանկարում՝ Խ. Կապառոսը
Մեկնաբանել