HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թուրքիայի նկատմամբ տնտեսական լուրջ պատժամիջոցները հղի են Էրդողանի գահընկեցությանը հանգեցնելու հեռանկարով»

Հարցազրույց թուրքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Հայկ Գաբրիելյանի հետ

-Պարոն Գաբրիելյան, տարածաշրջանում, ըստ էության, խաղաղությունը չափազանց փխրուն է։ Խոշոր խաղացողների կամ դաշինքների վերադասավորումներ են տեղի ունենում։ Այս համատեքստում կենտրոնական դեր ունի Թուրքիան, որը սադրիչ գործողություններով իր դեմ է տրամադրում մյուսներին։ Արեւելյան Միջերկրականում լարվածության ֆոնին Անկարան այս պահին ինչպիսի՞ դիրքավորում ունի հայ-ադրբեջանական ճակատում դադա՞ր է վերցրել, թե՞ կարող են լինել նոր սրացումներ, որոնցում ակտիվ ներգրավվածություն կունենա Թուրքիան։

-Ընդհանուր առմամբ, Էրդողանն այլեւս չի կարողանում գործունեություն ծավալել՝ առանց արտաքին թշնամիների կերպարներ ստեղծելու։ Քանի որ Թուրքիայի տնտեսական վիճակը բավական բարդ է, Էրդողանը փորձում է իր քաղաքացիներին սնել ռազմատենչ հայտարարություններով, ստեղծել այնպիսի տպավորություն, որ Թուրքիան իբրեւ թե բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով, որոնք ցանկանում են մասնատել այն, սակայն ինքը հերոսական կռիվ է տալիս նրանց դեմ եւ թույլ չի տալիս անել դա։ Հենց արտաքին թշնամիների առկայությունն Էրդողանին հնարավորություն է տալիս երկրի տնտեսական խնդիրների պատասխանատվությունը բարդել նրանց վրա եւ չընդունել սեփական սխալները։

Առայժմ որոշակի դադար է վերցված, ավելի շուտ Թուրքիան ու Ադրբեջանը զբաղված են «հաշվապահությամբ», թուրքական կողմը հաշվարկում է, թե Ադրբեջանն ինչպես եւ ինչքան պետք է փոխհատուցի իրեն տավուշյան թեժացման ժամանակ եւ դրա ավարտից հետո Ադրբեջանին ցուցաբերած բանավոր (հայտարարություն) եւ գործնական (համատեղ զորավարժություններ) աջակցության դիմաց։ Իսկ հայ-ադրբեջանական ճակատում ընդհանրապես միքանիօրյա սրացումներն ու թեժացումներն անպակաս են լինելու նաեւ հետագայում, քանի որ դա Թուրքիային հնարավորություն է տալիս ամրապնդել իր դիրքերն Ադրբեջանի նկատմամբ, նրան դարձնել իրենից ավելի կախյալ։ Իսկ մասշտաբային պատերազմն այս տարածաշրջանում ձեռնտու չէ Թուրքիային, որն Ադրբեջանի դաշնակիցն է եւ ՆԱՏՕ-ի անդամ է, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն է Հայաստանի դաշնակիցը, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է։ Արդյունքում ստացվում է, որ մասշատաբային պատերազմի դեպքում Ռուսաստանն ու Թուրքիան կհայտնվեն դրանում ուղիղ ներգրավելու եւ միմյանց դեմ պատերազմելու վտանգի առջեւ, ինչից կողմերն ամեն կերպ ձգտելու են խուսափել։

-Բազմիցս նշել եք, որ Ադրբեջանը «կթու կով» է Թուրքիայի համար, եւ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսն էլ բլեֆ է։ Ո՞ր դեպքում այդ պետությունները կարող են առերեսվել բլեֆին։ Տարածաշրջանում ընթացող զարգացումները, ինչպես օրինակ, մի կողմից՝ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը, մյուս կողմից՝ Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմական համագործակցությունը, կարո՞ղ են փորձաքար լինել Անկարայի ու Բաքվի համար։

-Այդ բլեֆին կողմերը բախվում են ամեն օր։ Նախկինում քանիցս տեսել ենք, որ Թուրքիան մշտապես բանավոր աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ կապված Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ եւ դրա փոխարեն Ադրբեջանից կորզել տնտեսական զիջումներ, օգուտներ։ Հենց դրա համար է Թուրքիան շարունակ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը շաղկապում ոչ թե Հայաստանի կողմից Կարսի հայտնի պայմանագրի (ներկայիս սահմանի) ընդունման եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելու հետ (Հայաստանին ներկայացրած 3 նախապայմաններից երկուսը, որոնք ուղիղ առնչվում են Թուրքիային), այլ հենց Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ (Հայաստանին Թուրքիայի ներկայացրած երրորդ նախապայմանը, որն ուղիղ չի առնչվում նրան)։

Միեւնույն ժամանակ մենք չենք տեսել, որ «եղբայրական» Ադրբեջանը նույն եռանդով բանավոր աջակցություն հայտնի Թուրքիային՝ կապված շրջակա տարածաշրջաններում նրա տարատեսակ գործողությունների հետ։ Հենց այս ամենը «մեկ ազգ, երկու պետություն» թեզի բլեֆային բնույթի վառ ցուցիչներ են։ Իսրայելի ու Ադրբեջանի լավ փոխհարաբերությունները նույն շարքից են․ ինչո՞ւ Ադրբեջանը չի վատթարացնում Իսրայելի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ «եղբայրական» Թուրքիան երկար ժամանակ վատթարացրել է Իսրայելի հետ հարաբերությունները։ Չէ՞ որ նույն Թուրքիան «հանուն Ադրբեջանի» (իրականում հանուն Ադրբեջանից տնտեսական օգուտներ կորզելու) գրեթե երկու տասնամյակ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը։ Ինչո՞ւ Իլհամ Ալիեւը չի միանում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու ֆոնին Էրդողանի այն հայտարարությանը, որ հաջորդ քայլը լինելու է (Հին Երուսաղեմում գտնվող եւ մուսուլմանների երրորդ գլխավոր սրբավայր) Ալ Աքսա մզկիթը «ազատագրելը»։

Իմ կարծիքով՝ տավուշյան թեժացումից հետո Թուրքիան Ադրբեջանից արդեն իսկ պահանջել է վերանայել Իսրայելի հետ ռազմական կապերը, իսրայելական զենք (հատկապես ԱԹՍ) գնելու փոխարեն գնել թուրքական զենք (ԱԹՍ)։ Այս հարցում որպես հիմք վերցնում եմ վերջերս (Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարի այցի ֆոնին) Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած այն հայտարարությունը, թե Թուրքիան առաջիկայում կդառնա Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Նկատենք, որ 2015-2019 թթ․ Ադրբեջանի թիվ 1 ռազմական մատակարարն է դարձել Իսրայելը (60 տոկոս), երկրորդ տեղում Ռուսաստանն է (31 տոկոս), երրորդը՝ Թուրքիան (3,2 տոկոս)։ Այս պատկերը նույնպես չի տեղավորվում «մեկ ազգ, երկու պետություն» թեզի համատեքստում, եւ Թուրքիան ձգտում է շտկել իրավիճակը։

-Իսրայելցի մասնագետները Թուրքիան ավելի մեծ սպառնալիք են որակել իրենց երկրի համար, քան Իրանը։ Ինչպիսի՞ն է Անկարայի արձագանքը։ Էրդողանը վախենալու կամ զգուշանալու տեղ ունի՞, թե՞ թուրք-իսրայելական այս սառեցումն էլ անցողիկ է։

-Ես կասեի, որ Էրդողանը մտահոգվելու կարիք ունի։ Բանն այն է, որ ավելի քան 10 տարի առաջ նա որոշեց կտրուկ վատթարացնել Իսրայելի հետ բավական լավ հարաբերությունները, որպեսզի արաբական (մուսուլմանական) աշխարհը նրան ընկալի որպես առաջնորդ։ Սակայն դա տեղի չունեցավ, եւ ներկայում Էրդողանը կորցրել է թե՛ Իսրայելը, թե՛ գրեթե ողջ արաբական աշխարհը։ Իսրայելը վերջապես սկսում է դուրս գալ «թուրքական թմբիրից» եւ գիտակցել, որ քանի դեռ Թուրքիայի ղեկին Էրդողանն է, թուրք-իսրայելական հարաբերությունները երբեք չեն կարող հասնել 1990-ականների եւ անգամ 2000-ականների սկզբների մակարդակին։ Խալիֆի հավակնություններով Էրդողանն ինքնահռչակ ստանձնել է համայն աշխարհի մուսուլմանների իրավապաշտպանի դեր, եւ նա ամեն անգամ պարզապես դատապարտված է շարունակ քննադատել Իսրայելին՝ կապված Գազայի հատվածում, Արեւմտյան ափում եւ այլուր նրա գործողությունների հետ, որոնք շոշափում են մուսուլմանների շահերը։

Այնպես որ Իսրայելի ու Թուրքիայի փոխհարաբերությունները Էրդողանի նախագահության պայմաններում չունեն ոչ միայն կարգավորվելու հեռանկար, այլեւ ունեն է՛լ ավելի վատթարանալու հեռանկար, քանի որ Թուրքիան Իսրայելին սկսել է դուրս մղել Ադրբեջանի զենքի շուկայից, փորձում է արգելափակել Իսրայելից դեպի ԵՄ «EastMed» գազատարի կառուցումը, բարձրացնում է Իսրայելում միջուկային զենքի առկայության հարցը, Իսրայելին մեղադրում է պետական ահաբեկչության մեջ, խոչընդտում է Իսրայել-ՆԱՏՕ փոխհարաբերություններին եւ այլն։

-Օգոստոսին ականատես եղանք Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական հեռակա «փոխհրաձգության»։ Հայաստանն անվերապահ աջակցություն հայտնեց Հունաստանին եւ Կիպրոսին, իսկ Թուրքիան, ի պատասխան, անթաքույց սպառնաց։ Ի՞նչը դրդեց Անկարային արձագանքել նման ջղաձիգ ձեւով։ Փոքրիկ Հայաստանը նյարդայնացնու՞մ է Թուրքիային։

-Տարածքային առումով փոքրիկ լինելը ոչ մի կապ չունի, Հայաստանն Այսրկովկասի ամենամարտունակ բանակն ունեցող երկիրն է, տարածաշրջանի միակ երկիրը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո ունեցել է ոչ թե տարածքային կորուստներ, այլ՝ տարածքային ձեռքբերումներ։ Իր տարածքով Հայաստանին (ներառյալ Արցախը) կրկնակի զիջող Իսրայելն ունի ավելի արդիական ավիացիա, տանկեր, սուզանավեր, քան տարածքով նրանից 35 անգամ մեծ Թուրքիան։ Նույն կերպ էլ տարածքային պլանում Հայաստանից (ներառյալ Արցախը) 37 անգամ մեծ Մոնղոլիայի զինված ուժերն իրենց թվակազմով մի քանի անգամ զիջում են մեր զինված ուժերին։

Վերադառնալով Թուրքիայի արձագանքին՝ նշեմ, որ այդ երկրին իսկապես նյարդայնացնում է, որ Հայաստանը կարծիք է հայտնում իր տարածաշրջանից դուրս գտնվող հարցերի շուրջ, ավելի կոնկրետ աջակցում է Թուրքիայի հետ մեծ խնդիրներ ունեցող Հունաստանին ու Կիպրոսին։ Այստեղ գործ ունենք նաեւ թուրքական կողմի նախանձի հետ, քանի որ նա գիտակցում է, որ Հայաստանն ու Հունաստանը, չլինելով «մեկ ազգ, երկու պետություն», միմյանց աջակցություն հայտնում են անշահախնդիր, առանց  միմյանցից տնտեսական զիջումներ կորզելու ակնկալիքի՝ ի տարբերություն «եղբայրական երկրներ» Թուրքիայի ու Ադրբեջանի։ Եվ վերջապես Հայաստանի կողմից Հունաստանին ու Կիպրոսին աջակցություն հայտնելը «մեկ ազգ, երկու պետություն» բլեֆի հերթական վառ ցուցիչն է։

Բանն այն է, որ ստացվում է, որ Հայաստանը ավելի շուտ է (օգոստոսի 15-ին) իր աջակցությունը հայտնում նույն Հունաստանին, քան «եղբայրական» Ադրբեջանը՝ Թուրքիային (օգոստոսի 17-ին)։ Ընդ որում՝ ես վստահ չեմ, որ եթե Հայաստանն աջակցություն չհայտներ Հունաստանին, Ադրբեջանն իսկապես աջակցություն կհայտներ Թուրքիային՝ անգամ տավուշյան թեժացման ժամանակ նրանից ստացած աջակցությունից հետո։ Բանն այն է, որ Արեւելյան Միջերկրականում աջակցություն հայտնելով Թուրքիայի գործողություններին՝ Ադրբեջանը ռիսկի է դիմում իր դեմ տրամադրել Թուրքիայի հետ վատ հարաբերություններ ունեցող երկրներին (Իսրայել, Ֆրանսիա, Եգիպտոս, Հունաստան, ԱՄԷ, Կիպրոս), ինչը, իհարկե, ցանկալի չէ նրա համար։

Դրա համար էլ զարմանալի չէր, որ իր հայտարարություններում ադրբեջանական կողմն ավելի շատ դատապարտում էր Հայաստանի կողմից Արեւելյան Միջերկրականում տիրող իրավիճակի մասին կարծիք հայտնելը, քան աջակցում էր այդ տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին։ Կարծում եմ, որ հետագայում նույնպես որքան հաճախ Հայաստանն իր աջակցությունը հայտնի Հունաստանին ու Կիպրոսին, առնվազն նույնքան հաճախ Ադրբեջանը հարկադրված է լինելու աջակցություն հայտնել Թուրքիային ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը (ՀԿԹՀ), որին համայն աշխարհում ճանաչել է միայն Թուրքիան։ Ադրբեջանի կողմից ՀԿԹՀ-ի չճանաչելը նույնպես «մեկ ազգ, երկու պետություն» բլեֆի ցուցիչներից են։ Ամեն դեպքում այս հարցը դեռ Թուրքիայի զինանոցում է, եւ ես հավատում եմ, որ Թուրքիան շուտով կբարձրացնի նաեւ Ադրբեջանի կողմից ՀԿԹՀ-ի ճանաչման հարցը, ինչը չափազանց անցանկալի է Ադրբեջանի համար՝ կապված Արցախյան հիմնախնդրի (Արցախի միջազգային ճանաչման) հետ։

-Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի դերն ու պոտենցիալը Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները զսպելու գործում։

-Ես, իհարկե, չեմ գերագնահատում մեր երկրի դերն ու պոտենցիալն այդ հարցում, մյուս կողմից էլ այն չեմ համարում զրոյական։ Հայաստանն աշխատում ու աշխատելու է տարածաշրջանի երկրների հետ՝ զսպելու համար Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները։ Դրանք բավական լավ ֆոն են ստեղծում Հայաստանի համար, ընդ որում՝ թե՛ տարածաշրջանի կարեւոր երկրների հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում ավելի խորացնելու (Հունաստան, Կիպրոս, Իսրայել, ԱՄԷ, Եգիպտոս), թե՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու (Սաուդյան Արաբիա) համար։

Կարծում եմ, որ մենք կարող ենք ԱՄԷ-ի եւ/կամ Եգիպտոսի միջնորդությամբ լուծել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը, որը սուննի աշխարհում առաջատարության համար պայքարում Թուրքիայի թիվ մեկ մրցակիցն է։ Ընդ որում՝ իմ տպավորություններով Թուրքիան (Էրդողանը) այդ հարցում բավական առաջ է անցել Սաուդյան Արաբիայից (շատ ավելի ակտիվ է մուսուլմաններին առնչվող խնդիրներն արծարծելու առումով), ինչը չի կարող չմտահոգել վերջինիս։ Հայաստանի համար նպատակահարմար է ստեղծված իրավիճակում տարածաշրջանային երկրների հետ նորանոր եռակողմ ու քառակողմ մեխանիզմներ ձեւավորելը եւ զարգացնելը՝ չմոռանալով հանդերձ, որ, ի տարբերություն այդ երկրների, Թուրքիան մեր անմիջական հարեւանն է։

-Արաբական երկրների, ԵՄ մի շարք անդամների, Իսրայելի ու Հայաստանի հակաթուրքական ներկա դիրքավորումը սպառնալիք կամ փորձությու՞ն է Անկարայի համար։ Ի՞նչ եք կարծում՝ ստեղծված իրավիճակը դիսկոմֆորտ առաջացնու՞մ է մեր հարեւանի ղեկավար շրջանակներում, թե՞ «թուրքական դիվանագիտություն» կոչվածն առանց դժվարության ունակ է հաղթահարել նման խոչընդոտները։

-Թուրքիայի շրջակա տարածաշրջաններում ստեղծված վիճակը որեւէ լավ բան չի խոստանում նրան, քանի որ Թուրքիան մեկուսացվում է տարածաշրջանում, եւ նման պարագայում նրա քիչ թե շատ հույսը մնում է Ռուսաստանը։ Արդյունքում կարող է զգալի մեծանալ Ռուսաստանից Թուրքիայի կախվածությունը։ Թուրքիայի համար իսկական սպառնալիքն ամերիկյան ու եվրոպական հնարավոր տնտեսական պատժամիջոցներն են՝ կապված համապատասխանաբար Ռուսաստանից «S-400» զենիթահրթռային համալիրներ գնելու եւ Էգեյան ու Միջերկրական ծովերում Թուրքիայի վերջին ագրեսիվ գործողությունների հետ։

Այդ պատժամիջոցները կարող են չափազանց ծանր դրության մեջ դնել Թուրքիայի տնտեսությունը, որն առանց այդ էլ ունի զգալի խնդիրներ։ Արդյունքում Թուրքիայում էականորեն կաճի դժգոհությունն իշխանություններից, մարդիկ դուրս կգան փողոցներ ու կտապալեն Էրդողանի իշխանությունը։ Պետք է հասկանալ մեկ բան․ Էրդողանը մեծ հաշվով անում է այն ամենը, ինչը նրան թույլ են տալիս Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։ Եթե նա իմանար, որ «S-400» համակարգերը գնելու դեպքում անմիջապես տնտեսական լուրջ պատժամիջոցներ կստանար ԱՄՆ-ից, եթե նա իմանար, որ Արեւելյան Միջերկրականում ու Էգեյանում իրեն նման կերպ (սանձարձակ) պահելու դեպքում անմիջապես տնտեսական լուրջ պատժամիջոցներ կստանար ԵՄ-ից, եթե նա իմանար, որ Սիրիայի հյուսիս ռազմական ներխուժում(ներ) իրականացնելու կամ Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու դեպքերում անմիջապես տնտեսական լուրջ պատժամիջոցներ կստանար Ռուսաստանից, ինչպես նաեւ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից, ապա մի քանի տասնյակ կամ հարյուր անգամ ավելի շատ կմտածեր այդ քայլերին գնալու նպատակահարմարության մասին եւ, ըստ ամենայնի, չէր գնա այդ քայլերին․ Թուրքիայի նկատմամբ տնտեսական լուրջ պատժամիջոցները, ինչպես նշեցի վերեւում, հղի են Էրդողանի գահընկեցությանը հանգեցնելու հեռանկարով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter