HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 2 հոգի

Այսօր՝ օգոստոսի 29-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից տեղեկություն է ստացվել, որ Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Էդգար Մ-ն (ծնված 1979 թ) մահացել է։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենքում։ Մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 

Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, շենքի փլուզված հատվածից և հարակից բնակարաններից իրականացրել են 19 քաղաքացու տարհանում։

Կինոլոգիական խումբն իրականացրել է որոնողափրկարարական աշխատանքներ։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 08։20-ի սահմաններում փլատակներից դուրս է բերվել երկու տուժած քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տուժած Սվետլանա Ս-ի (ծնված 1949 թ) առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ տուժած Էդգար Մ-ինը (ծնված 1979 թ)՝ ծայրահեղ ծանր։

Ժամը 13։01-ին՝ մոտ հինգ ժամ շարունակվող որոնողափրկարարական աշխատանքներից հետո, փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել Արթուր Ղ-ի (ծնված 1962 թ) դին։

Տարհանման և որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել են ինժեներական տեխնիկա (ավտոկռունկ, ինքնաթափ, ավտոզամբյուղ), ինչպես նաև՝ ոստիկանության հատուկ տարհանման ծառայության ավտոքարշակը։

‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի կողմից շենքի բոլոր մուտքերում և բնակարաններում  կատարվել է ակնադիտական հետազոտություն։

Բնակելի շենքի փլուզված հատվածն ուսումնասիրելու նպատակով անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է նաև օդային հետախուզություն և մշտադիտարկում։

Պարզվել է, որ վնասվել են Ռայնիսի փողոցի թիվ 20 և 22 տների, ինչպես նաև՝ շենքի փլուզված հատվածի հարակից բնակարանների պատուհանների ապակիները։

Աշխատանքներում ներգրավվել են 72 փրկարար ծառայող, ԱԻՆ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից, ոստիկանության, շտապօգնության և այլ ծառայությունների ներկայացուցիչներ։

Փրկարարներն իրականացրել են շինության թուլացած և կախված կառուցատարրերի ապամոնտաժում, փլատակների քանդման և տարածքից բեռնատարներով հեռացման աշխատանքներ։

գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter