HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդիկ. ստերեոտիպեր, օրենքներ ու իրականություն

2002 թվականին «Փարոս» կամերային երգչախմբի հիմնադիր եւ երաժշտական տնօրեն Արմեն Ալավերդյանը ստեղծեց «Ունիսոն» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը, որն այլ հարցերի թվում պետք է զբաղվեր նաեւ «Փարոս» երգչախմբի ադմինիստրատիվ խնդիրներով:

«Ունիսոնի» ամերիկացի բարերար Ռոջեր Շտրաուխի եւ նրա հայ կնոջ կողմից անհատույց տրամադրված գրասենյակն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամների կարիքներին:

«Փարոսը» գրասենյակում փորձ է անում շաբաթը երկու անգամ: Երգչախմբի անդամները գրասենյակ հասնում են բացառապես տաքսիներով, քանի որ մեր հասարակական տրանսպորտը հարմար չէ նույնիսկ այսպես կոչված «առողջ» մարդկանց համար: Իսկ եթե հաշվի առնենք, որ մեր երկրում հաշմանդամների համար աշխատատեղեր սահմանված չեն, եւ նրանք պարտադրված են ապրել թոշակով, որը բավականացնում է հազիվ թե մի կտոր հաց ու կարագին, տաքսին իսկական շռայլություն է: Դրան գումարած, որ շատ վարորդներ հրաժարվում են անվասայլակով մարդկանց տեղափոխել: Երգիչները երազում են հատուկ կահավորած սեփական ավտոբուսի մասին, սակայն այն ձեռքբերելու համար ֆինանսներ են անհրաժեշտ:

Երաժիշտներն ընդունում են, որ ժամանակի հետ հաշմանդամների հանդեպ հասարակության վերաբերմունքի մեջ դրական տեղաշարժեր կան, սակայն դրանք շատ քիչ են դեռեւս գոյություն ունեցող խնդիրների համեմատ: Կարեւորագույն խնդիրներից մեկն այն է, որ հաշմանդամների ինտեգրմանը հասարակություն ամենից առաջ խոչընդոտում են տեխնիկական պատճառները: Ո՛չ շենքերը, ո՛չ փողոցները, ո՛չ այլ հասարակական վայրերը հարմարեցված չեն հաշմանդամների համար:

Շուշանիկն ապրում է մի շենքի չորրորդ հարկում, որտեղ վերելակ չկա: Նա ի վիճակի է քայլելու հենակի օգնությամբ, դրա համար թեեւ դժվարությամբ, բայց կարողանում է իջնել աստիճանները: Սակայն երգչախմբում կա անվասայլակով մի աղջիկ, ով չի կարողանում գալ փորձի ամեն անգամ, երբ իրենց շենքում վերելակն անսարք է:

Քաղաքի կենտրոնում կառուցվել են թեք հարթակներ անվասայլակների համար: Սակայն ինչպես ամեն ինչ, դա էլ են արել հայկական եղանակով:

«Մեր աղջիկներից մեկը քաղաքի կենտրոնում չկարողացավ մայթից իջնել փողոց, որովհետեւ թեք հարթակի դիմաց դրված էր ծաղկե թումբ: Էլ չենք խոսում այն մասին, որ այդ հարթակները հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին եւ նույնիսկ վտանգավոր են անվասայլակով մարդկանց համար, ովքեր ի վիճակի չեն հավասարակշռությունը պահպանել: Հատկապես այն սայլակներում, որոնք մատչելի են Հայաստանում»,- պատմում է Շուշանիկը:

«Անվասայլակները յուրաքանչյուր չորս տարին մեկ անվճար տրամադրվում են պետության կողմից: Քանակով ապահովում են, բայց որակը գնալով ավելի է վատանում: Եթե հաշմանդամը վարում է քիչ թե շատ ակտիվ կյանք, սայլակը դիմանում է ամենաշատը մի քանի ամիս: Կան կազմակերպություններ, որոնք իբր ուզում են օգնել հաշմանդամներին. սայլակներ են ներմուծում եւ բաժանում՝ առանց հարցնելու հաշմանդամների կարծիքը: Այդ սայլակները, որպես կանոն, շատ ցածր որակի են եւ նույնիսկ կարող են վտանգավոր լինել հաշմանդամի համար: Իսկ ինքնուրույն սայլակ ձեռք բերելը գրեթե անհնար է: Այստեղ չես գնի, իսկ արտասահմանից պատվիրելը նախ շատ թանկ է եւ պրոբլեմատիկ, հետո էլ՝ սխալ, քանի որ յուրաքանչյուր հաշմանդամ ունի իր առանձնահատուկ կարիքները, եւ գնել սայլակ հենց այնպես, առանց տեսնելու ու փորձելու, չի կարելի»,- ասում է Արմեն Ալավերդյանը:

Արմեն Ալավերդյան Դավիդ Բաբայան Լուիզա Սուքիասյան

«ՄԵր հասարակության մեջ հաշմանդամների վերաբերյալ կան հետաքրքիր ստերեոտիպեր,- ասում է «Փարոսի» մասնակից Դավիթ Բաբայանը:- Օրինակ՝ ասում են «առողջ մարդիկ եւ հաշմանդամները» կամ՝ «նորմալ մարդիկ եւ հաշմանդամները»: Դուրս է գալիս, որ հաշմանդամը հիվանդ է ու աննորմալ: Մարդիկ կարծում են, որ եթե ոտքերդ չեն աշխատում, ապա գլուխդ էլ չի աշխատում»:

«Իսկ հաշմանդամը նույնպիսի մարդ է, ինչպես մնացածները,- ավելացնում է Շուշանիկը:- Հաշմանդամն արթնանում է առավոտյան, եւ ինչպես մնացած մարդիկ, տեսնում է նոր ֆիլմի գովազդը հեռուստացույցով եւ ուզում է երեկոյան գնալ կինո, իսկ հետո՝ ընկերների հետ նստել սրճարանում: Բայց ինչպե՞ս»:

Իրոք, ինչպե՞ս բարձրանալ «Մոսկվա» կամ «Նաիրի» կինոթատրոնների աստիճաններով հաշմանդամի սայլակում, առանց կողմնակի օգնության: Իսկ կողմնակի օգնությունը ենթադրում է առնվազն երեք ուժեղ մարդ, ովքեր կկարողանան սայլակը բարձրացնել աստիճաններով:

Եվրոպական երկրներում, որոնց թվում այդքան երազում ենք հայտնվել, հաշմանդամների համար շենքերում ու մետրոյում գործում են հատուկ վերելակներ, ավտոբուսներում կան թեք հարթակներ: Ավտոբուսի դռան մոտի նստարանները ծալվում են՝ տեղ ազատելով սայլակների համար: Իսկ մեր երթուղայիններում մեծ տառերով գրված է, որ սկզբի նստատեղերը երեխաների եւ հաշմանդամների համար են: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս հաշմանդամը անվասայլակով պիտի տեղ գտնի նստած ու կանգնած ուղեւորներով լեցուն երթուղայիններում կամ ու՞ր պիտի դնի սայլակը, եթե նույնիսկ բարի մարդիկ օգնեն նրան բարձրանալ երթուղային ու տեղավորվել նստարանին:

Եվրոպական երկրներում գործում են օրենքներ, որոնցով գործատուն, օրինակ, պարտադրվում է աշխատատեղերի 10%-ը հատկացնել հաշմանդամներին, եթե ձեռնարկությունում աշխատում է, օրինակ, հարյուրից ավելի մարդ: Հակառակ դեպքում նա պարտավորվում է հաշմանդամների հարցերով զբաղվող կազմակերպություններին վճարել որոշակի գումար:

«Իսկ Հայաստանում,- ասում է Դավիթ Բաբայանը, ով անվասայլակում է հայտնվել պատանի տարիքում սպորտային վնասվածքի արդյունքում,- հաշմանդամն ունի երկու ելք՝ կամ սկսել սեփական բիզնեսը, կամ տեղավորվել «Ունիսոնի» նման կազմակերպություններում (Դավիթը եւ «Փարոսի» մի քանի այլ կատարողներ աշխատում են «Ունիսոնում»):

Լինում են դեպքեր, երբ հաշմանդամներն ընդունվում են աշխատանքի, օրինակ՝ մեր երգիչներից մեկն աշխատում է հեռախոսային օպերատոր տաքսի ծառայությունում: Սակայն նման դեպքերը եզակի են: Պետք է այնպես անել, որ հաշմանդամին աշխատանքի ընդունեն ոչ թե խղճահարությունից դրդված, այլ որովհետեւ դա սահմանված է օրենքով:

«Փարոսի» մենակատար Լուիզա Սուքիասյանը գրեթե ամբողջությամբ կորցրել է տեսողությունը սնկից թունավորվելու արդյունքում:

«Խնդիրն այն է,- ասում է նա,- որ քանի որ հաշմանդամների համար չկան աշխատատեղեր, ապա աշխատանքային ստաժ էլ չես կարող հավաքել ծերության թոշակի բարձրացման համար: Ես նաեւ երգում եմ Կույրերի միավորման կոմբինատում: Քանի որ այն պետական է, ես այնտեղ ստանում եմ 4000 դրամ աշխատավարձ, ինչը 1000 դրամով քիչ է հաշմանդամության թոշակիցս: Չնչին գումար է, իհարկե, բայց այդպես գոնե ստաժ եմ հավաքում»:

Հայաստանում հաշմանդամն օրենքով կարող է սովորել համալսարանում պետպատվերով:

«Ենթադրենք հաշմանդամը պետպատվերով ընդունվել է ինստիտւտ,- ասում է Արմեն Ալավերդյանը:- Որեւէ մեկը մտածե՞լ է, թե նա ինչպես է այնտեղ սովորելու: Նախ՝ ինչպե՞ս է մտնելու ինստիտուտ: Եթե մտնի էլ, մի քանի ժամ անցկացնելու է դասախոսություններին, բնական է մտածել՝ իսկ ինչպե՞ս է օգտվելու սանհանգույցից»:

«Այսպես կոչված «առողջ» մարդիկ համոզված են, որ եթե անվասայլակում ես, ապա միայն պետք է ուտես, քնես, հեռուստացույց նայես, ավելիին ընդունակ չես,- ասում է Դավիթը:- Մենք «Ունիսոնում» ձգտում ենք հակառակն ապացուցել: Եվ «Փարոսն», իհարկե, ամենաազդեցիկ միջոցներից մեկն է դա անելու. չէ՞ որ մարդիկ, ում հասարակությունը համարում է հիվանդ, դուրս են գալիս բեմ ու երգում են պետական կապելայից ոչ պակաս, եւ դա մարդկանց ստիպում է մտածել: Առաջին անգամ հանդիսատեսը գալիս է նայելու հաշմանդամներին, երկրորդ անգամ արդեն գալիս է մեր երգը լսելու»:

«Մեր նպատակն «Ունիսոնում»,- հավելում է Շուշանիկը,- ապացուցելն է նախ եւ առաջ հենց հաշմանդամին, հետո էլ՝ հասարակությանը, որ հաշմանդամն իրավունք ունի եւ կարող է ակտիվ կյանք վարել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում («Ունիսոնը» մասնաճյուղ ունի Մեղրիում): Հասարակության՝ հաշմանդամի հանդեպ վերաբերմունքի մեջ, իրոք, փոփոխություններ կան: Օրինակ՝ առաջ կարող էիր դուրս գալ փողոց, մարդիկ մոտենում էին, լացում էին՝ վա՜յ, բալա ջան, էդ ո՞նց է պատահել: Հիմա այդպիսի բան չես տեսնի: Հիմա մարդկանց գիտակցությանը կամաց-կամաց հասնում է, որ հաշմանդամը նույնպիսի մարդ է, ինչպես մնացածը, եւ խղճահարություն նրան պետք չէ»:

Արմեն Ալավերդյանը համաձայն է դրա հետ: «2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մենք մոնիտորինգ անցկացրեցինք, հետազոտեցինք, թե որքանով են Երեւանի ընտրատեղամասերը հարմար հաշմանդամների քվեարկելու համար: 423-ից միայն 10 ընտրատեղամասեր հաշմանդամները ֆիզիկապես կարող էին գնալ ու ընտրել: Երբ հարցը բարձրացրեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջեւ եւ այլ պետական ատյաններում, մեզ ասացին՝ դե լավ, էլի, էդպիսի խնդիր չկա, թող իրենք գան, հասնեն, մենք էլ կօգնենք, կհրենք, մարդ ենք, հայ ենք վերջապես: Հիմա ոչ մի պաշտոնյա նման անհեթեթ պատասխան չի տալիս: Հիմա բոլոր նախարարներն ընդունում են, որ խնդիր, իրոք, կա, եւ այն պետք է լուծել:

Նաեւ մշակել ենք «Հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար հասարակական վայրերի եւ հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման մասին» օրինագիծ, որն արդեն մտել է ԱԺ-ի օրակարգ եւ պետք է մոտակա նիստերում քննարկվի: Հուսով ենք՝ այն կընդունվի: Չէ՞ որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում բնակվում է 140 000 հաշմանդամ, իսկ դա փոքր թիվ չէ Հայաստանի համար:

Չի կարելի միանշանակ ասել, թե հասարակական կազմակերպությունները ոչինչ չեն անում հաշմանդամների ինտեգրման համար: Նրանք բավականին մեծ գործ են արել թեկուզ հասարակության իրազեկման հարցում: Բայց նաեւ ԶԼՄ-ները պիտի ավելի ակտիվ լինեն: Նրանք ունեն կրկնակի խնդիր՝ իրազեկել հասարակությանը հաշմանդամների մասին եւ իրազեկել հաշմանդամներին իրենց իրավունքների եւ հասարակական կազմակերպությունների գործունեության մասին: Թե չէ մեզ մոտ՝ Հայաստանում, հաշմանդամները կարծում են, որ ՀԿ-ն մի տեղ է, ուր կարելի է զանգահարել եւ, կոպիտ ասած, ողորմություն խնդրել:

Փոփոխություններ, կրկնում եմ, անխոս, կան, սակայն ռեալ ձեռքբերումների մասին ես կխոսեմ, երբ հաշմանդամները կարողանան աշխատել, սովորել, օգտվել հասարակական տրանսպորտից եւ անարգել տեղաշարժվել հասարակական վայրերում»,- ասում է Արմեն Ալավերդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter