HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տուրիզմին եւ ժամանցին միտված ծրագրերի զարգացում Շիրակի մարզի խոշորացված համայնքներում

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հանրապետության 52 խոշորացված համայնքում: 30 ամիս տեւողությամբ ծրագրի ընդհանուր բյուջեն 1 մլն 120 հազար եվրո է, որտեղ Եվրոպական Միության ներդրումը կազմում է 1 մլն եվրո (89%), մնացյալ գումարը համայնքային ներդրում է լինելու:

Ծրագրի նպատակն է աջակցել Կառավարության երկարաժամկետ բարեփոխումներին և ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները՝ տեղական զարգացման կայուն մասնակցային ծրագրեր մշակելու և իրականացնելու գործում, բարձրացնել քաղաքացիների դերն ու մասնակցությունը խոշորացված համայնքների զարգացման գործում՝ նախ և առաջ «քաղաքացու բյուջե» նախաձեռնության միջոցով, մշակել համայնքային փորձնական ծրագրեր զբոսաշրջության և բացօթյա ժամանցի ոլորտում։ 

Շիրակի մարզի 7 խոշորացված համայնքում եւս ակնկալվում է ծրագրերի իրականացում: Ներկայում հավաքվում են գաղափարներ, որոնք պետք է նպաստեն խոշորացված համայնքների կազմում գտնվող բնակավայրերի ճանաչելիությանն ու տուրիզմի առումով հետագա զարգացմանը: Համայնքներին հատկացվող գումարները մեծ չեն՝ 2000 եվրո, եւս 500 եվրոյով իր մասնակցությունն է հաստատում համայնքը: Ծրագրի Շիրակի մարզի պատասխանատու Արինա Մեծոյանը «Երկխոսության մեդիա ակումբ»-ում գյուղական տուրիզմի զարգացման վերաբեյալ քննարկման ժամանակ, տեղեկացրեց, որ համայնքի մասնակցությունը պարտադիր չէ, սակայն ցանկալի է ու խրախուսելի: Եթե խոշորացված համայնքի ավագանին հավանություն է տալիս ներկայացվող ծրագրին եւ հաստատում բյուջեից մասնաբաժին հանելու հնարավորության մասին, ապա Եվրամիությունը եւս 500 եվրո է ավելացնում նախատեսված գումարին:

«Համայնքի մասնակցությունը նախ եւ առաջ պատասխանատվություն է իրականացվող ծրագրի նկատմամբ: Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ դրամաշնորհային ծրագրերը հավերժ չեն, եւ պետք է հետագայում համայնքներն ինքնուրույն զարգացնեն նմանատիպ գաղափարները»,-նկատում է ծրագրի պատասխանատուն: Ամասիա խոշորացված համայնքում գործող «Պլաստիկե խճանկարների համայնք` Ամասիա» նախաձեռնության համակագող Հարություն Հարությունյանն ասում է, որ իրենք դիմել են ծրագրին՝ վստահ, որ այն ինչ առաջարկում են իրականացնել 10 գյուղական բնակավայրերում պիտի առաջին հերթին խթանի զբոսաշրջությունը:

«Մեր առաջարկած ծրագիրը երեք բաղադրիչ ունի՝ կրթական, զբոսաշրջային եւ բնապահպանական: Օրինակ՝ պլաստիկե շշերի կապարիչներով խճանկարների պատրաստում կբերի նրան, որ մարդիկ այլեւս բնության մեջ այն չեն նետի՝ մարդը կրթվում է, անում է օգտակար բան եւ պահպանում է բնությունը: Զբոսաշրջային առումով պատրաստվում ենք օգտագործել Ամասիայի, Աշոցքի եւ Արփիի տարածաշրջանների ներուժը: Պատկերացրեք եռանկյունի, որի գագաթներն այս խոշորացված համայնքներն են եւ տուրիստական երթուղին մշակելիս մենք դրանք կապելու ենք իրար»,- ասում է Հարություն Հարությունյանը:

Շիրակի մարզի հյուսիսային գյուղերը հարուստ չեն պատմամշակությային հուշարձաններով, սակայն շատ են բնության հուշարձանները: Տարածաշրջանը ճանաչելի դարձնելու համար նախաձեռնության անդամները ձգտելու են օգտագործել հենց այդ ներուժը: Նշված տարածաշրջանները հատկապես գրավիչ են ձմռանն ու ամռանը: Դահուկ, սնոուբորդ քշելու համար Ծաղկաձոր գնալու փոխարեն կարելի հասնել Աշոցք եւ Ամասիա, կայաքինգի համար կառաջարկեն Ախուրյան գետի հնարավորությունները: 

15 բնակավայր Սարապատ խոշորացված համայնքի համար Հողմիկ գյուղի բնակչուհի, «Սարապատ՝ գեղատեսիլ համայնք» ծրագրի ղեկավար Շուշան Վարդանյանն առաջարկում է կառուցել Ձմեռ պապի տուն: Շիրակյան Լապլանդիա ունենալու գաղափարը նոր չէ: Այն շրջանառության մեջ է դրվել մոտ 10 տարի առաջ եւ որպես նստավայր՝ առաջարկվել Եղնաջուր, Շաղիկ կամ Գառնառիճ գյուղերը՝ Ցուրտավ լեռան հարեւանությամբ: Շուշան Վարդանյանի փոխանցմամբ, իրենք Ձմեռ պապի տունը ցանկանում եմ կառուցել Թորոսգյուղում, որ գտնվում է Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի հարեւանությամբ եւ հասանելի է ցանկացածին:

«Տնակն աշխատելու նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ, մարդկային շփումը գրեթե բացառում ենք,-բացատրում է Շուշանը,- ցանկացողը պետք է օնլայն գրանցվի, եւ երբ ժամանի, դռերն ավտոմատ կբացվեն իր համար համապատասխան տեղեկատվությունը ստուգելուց հետո: Անձը կարող է այդ մեկ օրն անցկացնել, թողնել վճարը եւ հեռանալ: Այս տարբերակը գործելու է, երբ տնակը կծառայի, որպես հյուրատուն, իսկ ձմռան մեկ ամիսը այցելուներին դիմավորելու է Ձմեռ պապը, որպես իր հյուրընկալ տուն»: Այս ծրագրում, Շուշանն ու իր թիմակիցները, շատ են կարեւորում երիտասարդների կամավորական աշխատանքը:

Սարապատ խոշորացված համայնքում օգոստոսի 1-ից մեկնարկել է «Բիոսոֆիա» ՀԿ-ի ծրագիրը, որը տեւելու է 4 չորս ամիս եւ կոչվում է «Տուրիզմի խթանում Շիրակի մարզի Աշոցք և Սարապատ միավորված համայնքներում»: Ծրագրի ղեկավար Համլետ Ղազարյանն ասում է, որ նշված համայնքներում, բնակչության շրջանում ցածր է իրազեկվածության մակարդակը, նորագույն տեխնոլոգիաներից օգտվելը սահմափակվում է հեռախոսի գործածությամբ եւ որոշ օնլայն տիրույթներ այցելելով: Աշոցքում եւ Սարապատում տուրիզմը շատ դանդաղ է զարգանում՝ ինֆորմացիայի, գիտելիքի պակասի, մարդկանց թերահավատության և միջոլորտային համագործակցության պակասի պատճառով: Նշված համայնքները ճանաչված չեն որպես զբոսաշրջային ուղղություն, որի պատճառով զբոսաշրջիկների թիվը խիստ ցածր է: 

«Աշոցք և Սարապատ համայնքների զբոսաշրջային ռեսուրսների, երթուղիների և ենթակառուցվածքների, տուրիզմի հետ առնչվող օբյեկտների և հաստատությունների ուսումնասիրություն ու քարտեզագրում իրականացված չէ, որը կներառի լուսանկարներ և տեղեկատվական հակիրճ նկարագրական տեքստեր այդ օբյեկտների վերաբերյալ,- ասում է Համլետ Ղազարյանը,- մեր նպատակն է բարձրացնել իրազեկվածության մակարդակն այս համայնքներում, իրականացնել Շիրակի մարզի Աշոցք և Սարապատ միավորված համայնքների զբոսաշրջային ռեսուրսների և ենթակառուցվածքների ուսումնասիրություն և քարտեզագրում Google Maps հարթակում, դրանց երկլեզու (հայերեն և անգլերեն) ռեեստրի կազմում, ինչպես նաև տուրիստական հիմնական երթուղիների էլետրոնային քարտեզի մշակում»:

Գյուղատնտեսական հոգսերով տարված՝ բնակիչները շատ դեպքերում անտարբեր են եկամուտի այլընտրանքային աղբյուր հանդիսացող զբոսաշրջության նկատմամբ: Շիրակի մարզի գյուղերում դեռեւս խորթ է գումարի դիմաց գիշերակաց եւ ուտելիք տրամադրելու մշակույթը: Մեկօրյա հյուրընկալությունը մարզի հյուսիսային համայնքներում ընկալում են որպես պարզ, մարդկային վերաբերմունք, սակայն գյուղական տուրիզմի զարգացման ծրագրերով զբաղվողներն այն համարում են ժամանակավոր՝ հուսալով, որ տարիների հետ Շիրակի մարզը եւս կհամալրի տուրիստական գրավիչ երթուղիների շարքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter