HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը կարող է երկար տարիներ անցկացնել ճաղերի հետեւում. նրա դեմ խիստ վճիռ կա

Ոստիկանությունն ու քննչական կոմիտեն համապատասխանաբար օգոստոսի 26-ին եւ 31-ին հայտարարեցին, որ կալանավորվել է «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, ով քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականունով: Համադրելով իրավապահ երկու կառույցների հաղորդագրությունները՝ նախ հասկանանք, թե ինչու է կալանավորվել այս անձը:

Այն բանից հետո, երբ այս տարվա հունվարին ԱԺ-ն լրացումներ կատարեց Քրեական օրենսգրքում, եւ քրեական ենթամշակույթին առնչվող հարաբերությունները քրեականացվեցին, այդ աշխարհի մարդիկ հայտնվեցին իրավապահների թիրախում: Դրանցից մեկն էլ քրեական աշխարհում բարձրագույն՝ «գողի» կարգավիճակ ունեցող 52-ամյա «Զապն» էր (հայտնի է նաեւ որպես «Զապ Լենինականսկի»):

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ «Զապն» այս տարվա փետրվարից ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականաց­մանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող խնդիրը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տալով հանձնարարություններ:

Պարզվել է, որ Սայաթ անունով անձը մոտ 4 մլն դրամ արժեքով ապրանք է հափշտակել մեկ այլ քաղաքացուց, ինչից հետո «քրեական հեղինակություն» համարվող անձի կողմից ղեկավարվող եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը Սայաթին այս տարվա հուլիսին տեղափոխել է Գառնի համայնք՝ հափշտակված ապրանքի վերադարձման շուրջ պարզաբանումներ սկսելով նրա հետ: Այս մասին տեղեկացել է «Զապը», ով ինքնությունը չպարզված անձի միջոցով հրահանգել է «քրեական հեղինակությանը» դադարեցնել պարզաբանումները Սայաթի հետ՝ հետագայում խնդիրն անձամբ լուծելու նպատակով: «Քրեական հեղինակությունն» իր հերթին իր ղեկավարած խմբավորման անդամին կարգադրել է իր մոտ բերել Սայաթին, ինչից հետո բաց է թողել վերջինիս, եւ այդ մասին նույն անհայտ միջնորդի միջոցով տեղեկացրել է «Զապին»:

Դեպքի առթիվ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որը հետո փոխանցվել է քննչական կոմիտեին: «Զապը» ձերբակալվել է իրավապահների կողմից, ապա կալանավորվել դատարանի որոշմամբ:

«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանն, ըստ քննչական կոմիտեի, մեղադրվում է ՔՕ 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, ըստ որի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է 8-12 տարի ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Սակայն իրականում Սողոյանը կարող է ճաղերի հետեւում մնալ շատ ավելի երկար, քան նախատեսված է վերոնշյալ հոդվածով: Բանն այն է, որ «Զապը» Չեխիայում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով սպանության եւ շորթման կազմակերպման մեջ: «Օրենքով գողի» չեխական արկածների մասին գրել ենք 2016-ին:  

Մի փոքր հետ գնալով՝ նշենք, որ Ա. Սողոյանը ծնվել է 1968-ին Լենինականում (այստեղից էլ՝ «Լենինականսկի») եւ, ըստ ռուսական primecrime.ru կայքի, որն անդրադառնում է քրեական աշխարհի ներկայացուցիչներին առնչվող պատմություններին եւ նորություններին, «օրենքով գող» է թագադրվել 1994-ին Երեւանում՝ մեկ այլ «օրենքով գող», նույնպես գյումրեցի Նիգալ Բարսեղյանի կողմից (մականունը՝ «Նիկալ»): Այսինքն՝ Սողոյանը 1994-ից մինչ օրս քրեական աշխարհի աստիճանակարգում բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է: «Ինտերֆաքսի» տվյալներով՝ Սողոյանը 1999-ից ապրել է Մոսկվայում, ապա տեղափոխվել Սոչի, որտեղ ապրել է մինչեւ 2006 թ. ներառյալ: Այն բանից հետո, երբ Սողոյանի մոտ հայտնաբերվել է կեղծ անձնագիր, նրա մուտքը ՌԴ արգելվել է 5 տարով, եւ նա արտաքսվել է Հայաստան: 2007-ին, օգտագործելով իր կապերը, «Զապը» տեղափոխվել է Պրահա:

2009-ի մարտին չեխ իրավապահներն Անդրանիկ Սողոյանին ձերբակալեցին: Չեխական idnes.cz կայքը մանրամասն պատմել է, թե որն է եղել դրա պատճառը, եւ ինչպես են հետագայում զարգացել իրադարձությունները:

Ըստ կայքի՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Չեխիայում ապրող հայ գործարար, նույնպես մաֆիայի անդամ (կայքի պնդումն էր) Արման Ահարոնյանը հրաժարվել է «օբշչակին» («ընդհանուր բյուջեն» քրեական աշխարհում) 500.000 դոլար մուծել: «Զապը» վարձել է ուկրաինացի Թիմուր Տրետյակովին ու հրահանգել սպանել Ահարոնյանի շրջապատից մեկին՝ իբրեւ նախազգուշացում: 2007-ի նոյեմբերի 13-ին մարդասպանը Պրահայի կենտրոնում՝ Վացլավի հրապարակում, դանակահարել է Խաչատուր Ղարիբյանին, ում կյանքը, սակայն, բժիշկները կարողացել են փրկել: Դրանից հետո Ահարոնյանը «մուծվել է», սակայն «Զապն», այդուհանդերձ, կարգադրել է նրան «Սոչի ուղարկել», ինչը փոխաբերական իմաստով նշանակում էր սպանել: Ըստ կայքի՝ Ահարոնյանը, զգուշանալով իր դեմ հնարավոր մահափորձից, շրջում էր թիկնազորով, նաեւ պարբերաբար փոխում բնակության վայրը:

Այնուամենայնիվ, նրան փնտրողները ինֆորմացիա են ստացել, որ Ահարոնյանը գտնվում է մայրաքաղաքի Վինոհրադի (Vinohrady) թաղամասում եւ վարում է սեւ գույնի «Bentley» մեքենա: Սակայն այս անգամ էլ Տրետյակովը ձախողվել է. նոյեմբերի 27-ին նույն վայրում նա տեսել է խաղադրույքներ ընդունող չեխական հայտնի «Sazka» ընկերության գլխավոր տնօրենի վարորդին, ով այդտեղ հայտնվել էր գնումներ կատարելու նպատակով: Դժբախտաբար, երկու երեխաների հայր, 25-ամյա երիտասարդը վարում էր մուգ կանաչ գույնի «Bentley», եւ «անհաջողակ» մարդասպանը թիրախավորել է հենց նրան: Տրետյակովը 3 անգամ կրակել էր երիտասարդի վրա, իսկ վերջում գլխին հսկիչ կրակոց արձակել ու փախել: 2007-ի դեկտեմբերի 23-ին հատուկ գործողություն իրականացնելով՝ իրավապահները բռնել էին ուկրաինացուն: Մաֆիայի վերաբերյալ իր ներքին տեղեկություններով ոստիկանությանը մեծապես օգնել էր Տագիր Տորշոեւը (idnes.cz-ի փոխանցմամբ՝ չեչեն կամ ինգուշ), որը, ինչպես պարզվել էր հետագայում, չեխական հատուկ ծառայությունների ինֆորմատոր էր: Հենց նա էր իբրեւ սպանության պատվիրատու նշել Սողոյանին, ինչպես նաեւ մաֆիայի անդամներ Գիլանի եւ Մագոմեդ Ալիեւ եղբայրներին (չեչեններ, Գիլանին նույնպես «օրենքով գող» է), որոնք միջնորդներ են եղել «Զապի» եւ մարդասպանի միջեւ: 

2009-ի մարտին իրավապահների անցկացրած «Վոլֆրամ» հատուկ գործողության շրջանակներում «Զապն» ու նրա կողմնակիցները ձերբակալվեցին (տեսանյութում): «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով ավստրիական ռադիոյին, նշել էր, որ ավստրիացի գործընկերների հետ չեխ իրավապահները վնասազերծել են Սողոյանի գլխավորած բանդան, որում ընդգրկված է եղել մոտ հինգ տասնյակ հայաստանցի: Ըստ այդմ՝ խումբը հանցավոր գործունեություն է ծավալել Չեխիայում եւ Ավստրիայում: «Ազատությունը» հետագայում նշեց այլ հայերի անուններ եւս՝ Արսեն Կակոսյան, Արսեն Առաքելյան, Ռոման Մելքոնյան:

«Զապի» ձերբակալությունը. 23.03.2009 Ազատության մեջ (աջից՝ Գ. Ալիեւը). 18.10.2010 

Մարդասպան Տրետյակովին չեխական դատարանը ցմահ ազատազրկեց, սակայն գերագույն դատարանը մեղմացրեց պատիժը մինչեւ 22 տարի:

2010-ի հոկտեմբերի 18-ին շատերի համար անսպասելիորեն չեխական դատարանը ազատ արձակեց Ա. Սողոյանին, Գ. Ալիեւին, Ա. Կակոսյանին եւ Ռ. Մելքոնյանին՝ առանցքային վկայի ցուցմունքները որակելով «վստահություն չներշնչող»: Մ. Ալիեւը նենգաշորթության (շանտաժի) հիմքով ստացավ 3,5 տարի, իսկ Ա. Առաքելյանը՝ 18 ամիս (ապօրինի զենք եւ կեղծ վարորդական իրավունք): Առաքելյանն ազատ արձակվեց, քանի որ մինչ այդ կալանքի տակ էր 18 ամիս: Դատախազությունը բողոքարկեց վճիռը, եւ 2011-ի ապրիլին գերագույն դատարանը լրացուցիչ քննության ուղարկեց գործը:

Ի վերջո, 2013-ի փետրվարի 28-ին Պրահայի քաղաքային դատարանը սպանության եւ շորթման կազմակերպման հիմքով հեռակա կարգով (մեղադրյալն արդեն լքել էր Չեխիան) 22 տարվա ազատազրկման դատապարտեց Անդրանիկ Սողոյանին:

2014-ի հոկտեմբերի 20-ին «Զապի» վերաբերյալ տրվեց եվրոպական կալանքի սանկցիա, հայտարարվեց հետախուզում: Նույն ամսում «օրենքով գողը» ձերբակալվեց Երեւանի Խորենացու փողոցում: Հատկանշական է, որ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության, Սողոյանը հայտնաբերվել ու ձերբակալվել էր հոկտեմբերի 28-ին, իսկ ոստիկանության ասելով՝ ամսի 30-ին: Դատախազությունը միջնորդել էր կալանավորել «Զապին», ինչն ամսի 31-ին բավարարվել էր դատավոր Էդիկ Ավետիսյանի կողմից: Սողոյանը 30 օրով տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ:

Բացի դրանից՝ «Զապի» վերաբերյալ դատախազությունում առկա փաստաթղթերի փաթեթն ուղարկվել էր արդարադատության նախարարություն, որովհետեւ նրա նկատմամբ արդեն կար դատավճիռ, իսկ այդ դեպքում անձին մեկ այլ երկրի (տվյալ դեպքում՝ Չեխիային) հանձնելը թույլատրելու-մերժելու որոշումը կայացնում է նախարարը: 2014-ի նոյեմբերին ԱՆ-ի միջնորդությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2 ամսով երկարաձգել էր «Զապի» կալանքը: Այդ ընթացքում պարզ դարձավ, որ «օրենքով գողը» Չեխիային չի հանձնվի, քանի որ մեր օրենսդրությամբ արգելվում է ՀՀ քաղաքացու արտահանձնումն այլ երկիր:

Միակ ելքն այն էր, որ չեխական դատարանի վճիռը ճանաչվեր ՀՀ դատարանի կողմից (սա իրավական գործընթաց է), եւ «Զապն» իր պատիժը կրեր Հայաստանում: Սակայն 2015-ի հունվարի 23-ին դատարանը մերժեց Սողոյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու ԱՆ-ի միջնորդությունը, եւ ամսի 29-ին՝ կալանքի ժամկետը լրանալուց հետո, նա կրկին հայտնվեց ազատության մեջ:

«Զապին» Չեխիա արտահանձնելու հարցը 2015-ի հունիսին քննարկվել էր նույնիսկ կառավարական մակարդակով, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր իր գործընկեր Բոհուսլավ Սոբոտկային: Առաջընթաց, սակայն, չեղավ:

2016-ին «Հետքը» գրել էր Անդրանիկ Սողոյանի այս գործի եւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ 2009 թ. մահափորձ կազմակերպելուն դրդելու մեջ մեղադրվող Ռոբերտ Երիցյանի (գործարար Ալբերտ Երիցյանի որդին է) գործի կապի մասին: Երիցյանը ՀՀ իրավապահների կողմից միջազգային հետախուզման մեջ էր ու 2014-ի աշնանը ձերբակալվեց Չեխիայում: Ինչպես վերեւում նշվեց, այդ նույն ընթացքում Հայաստանում ձերբակալվեց ու կալանավորվեց չեխերի կողմից հետախուզվող Սողոյանը, որին, սակայն, մեր երկիրը ոչ միայն չհանձնեց Չեխիային, ինչի իրավունքն օրենսդրությամբ պարզապես չուներ, այլեւ չեխական դատարանի վճիռը «Զապի» վերաբերյալ ՀՀ դատարանի կողմից չճանաչվեց (այդպիսի գործընթաց չեղավ): Թվում է, թե այս երկրորդը մեր արդարադատական համակարգը միանգամայն կարող էր անել, սակայն դրա համար չկար համապատասխան որոշում «վերեւից», այլ կերպ ասած՝ քաղաքական կամք: 

Սրան ի պատասխան՝ Չեխիան Ռ. Երիցյանին չհանձնեց Հայաստանին: 2015-ի սեպտեմբերին չեխական դատարանը մերժել էր Երիցյանին արտահանձնելու ՀՀ-ի միջնորդությունը՝ հիմք ընդունելով այն, որ նույն տարվա մայիսին Երիցյանին Չեխիայում տրամադրվել էր ապաստան: 2018 թ. իշխանափոխությունից հետո Ռոբերտ Երիցյանը վերադարձել է Հայաստան: Մենք նրա գործի վերաբերյալ հարցում էինք արել ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից հայտնել էին, որ Երիցյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է ապացույցների անբավարարության հիմքով: 

Այսպիսով՝ Ռոբերտ Երիցյանի մասով Հայաստանն ու Չեխիան պարտք ու պահանջ այլեւս չունեն, իսկ թե ինչ կլինի եվրոպական երկրում 22 տարվա ազատազրկման դատապարտված ու այդ գործով այդպես էլ պատիժ չկրած Անդրանիկ Սողոյանի հետ, ցույց կտա ժամանակը: Ամեն ինչ կախված է հայկական կողմից, որին համապատասխան քայլեր կատարելու համար կարող է խթանել նաեւ շահագրգիռ Չեխիան:  

Առաջին լուսանկարում՝ Անդրանիկ Սողոյանը՝ չեխական դատարանում. 21.06.2010 (blesk.cz)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter