HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լարված օր պատգամավորների համար. ցուցակները քննարկվում են նույնիսկ ԱԺ-ի միջանցնքերում (վիդեո)

Այսօր լարված օր էր պատգամավորների համար, եւ Ազգային ժողովում շատերը դժվարացան թաքցնել թե' իրենց տխրությունը, թե' հիասթափությունը: Մասնավորապես, մարտի 18-ին ՀՀԿ-ն հրապարակեց իր համամասնական ցուցակի առաջին 20 տեղերը, որտեղ հայտնվել էին գեներալ Մանվել Գրիգորյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը: Ավելի ուշ լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին նաեւ ցուցակի մյուս` մինչեւ 86 տեղերի վերաբերյալ:

ՀՀԿ-ի «հին» պատգամավորների՝ Ռաֆիկ Պետրոսյանի, Մկրտիչ Մինասյանի, Գագիկ Մելիքյանի, Հովհաննես Սահակյանի անունները նշված չէին ցուցակում, եւ ակնհայտ էր նրանց հիասթափությունը, թեեւ լրագրողներին հավաստիացնում էին, թե «ամեն ինչ կարգին է», եւ իրենք անպայման կանցնեն խորհրդարան, թեկուզ հանգրվանեն 250 անուն ունեցող ցուցակի 150-րդ տեղում:

ՀՀԿ-ական պատգամավորները սովորաբար քառօրյայի նիստերից առաջ հավաքվում են Գալուստ Սահակյանի աշխատասենյակում, ստանում են իրենց «առաջադրանքը», հետո նոր բարձրանում դահլիճ: Այսօր եւս բացառություն չէր, սակայն սենյակից դուրս եկողները խմբվեցին միջանցքի մի հատվածում եւ սկսեցին նայել իրար երեսի: Լրագրողներից մեկը փորձեց ցրել պատգամավորների լռությունը՝ «կարո՞ղ ա մեռելատուն եք եկել» արտահայտությամբ: Վիճակը շտկեց նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ իր կատակներով:

Այդպես էլ պատգամավորները դուրս չեկան «սգից», եւ ընդմիջումից հետո նրանց մեծամասնությունն այդպես էլ դահլիճ չեկավ: Իսկ դահլիճում նյարդային վիճակում էր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա կուսակից Հովհաննես Մարգարյանի հետ քննարկում էր ՕԵԿ-ի համամասնական ցուցակը եւ այնպես էր բարկացել ու «նեղը գցել» նրան, որ վերջինս մերթ ընդ մերթ ճակատի քրտինքն էր սրբում:

Փորձեցինք Հեղինե Բիշարյանից տեղեկանալ, թե ինչու էր այդքան բարկացել, սակայն նա այդպես էլ ազատ ժամանակ չգտավ եւ առանձնացավ իր աշխատասենյակում: Մինչ ԱԺ դահլիճում կարեւոր օրինագծեր էին քննարկվում, Հեղինե Բիշարյանը հյուրեր էր ընդունում իր սենյակում:

Նյարդային վիճակում էր նաեւ Սյունիքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավոր Վահե Հակոբյանը: Նա մի պահ թեժ խոսակցություն սկսեց պատգամավոր Նահապետ Գեւորգյանի հետ, իսկ երբ խոսակցությունն ավարտվեց, սկսեց կրծել եղունգները: Լրագրողներն օթյակից հետեւում էին դահլիճում նստած պատգամավորներին եւ միաբերան նշում, որ գալիք ընտրությունները վատ են անդրադառնալու մեր երեսփոխանների առողջության վրա:

Ցուցակների մասին միջանցքներում քննարկում էին ծավալել նաև ՀՅԴ պատգամավորները, ինչպես նաև ԲՀԿ-ականները: Վերջիններս ավելի լարված էին թվում, քանի որ իրենց կուսակցության ցուցակը դեռ չի հրապարակվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter