HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորները զորակոչից խուսափած անձանց հայրենիք վերադառնալու համար նախագիծ են մշակում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Կառավարության հետ համատեղ օրենսդրական նախագիծ են մշակում` զինվորական ծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող անձանց վերադարձը հայրենիք ապահովելու նպատակով:

2020-ի հունվարից չի գործում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, հետևաբար քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի` զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածի հատկանիշներով հետախուզվող քաղաքացիները Հայաստան վերադառնալ չեն կարող: Եթե նախկինում վերջիններս բացակայած զորակոչերի քանակին համապատասխան պետական տուրք էին վճարում և ազատվում քրեական հետապնդումից, ապա այժմ նման կարգավորում չկա: 

Նախագծի համահեղինակ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հետախուզման մեջ գտնվող անձանց 90%-ը զինվորական ծառայությունից խուսափողներն են: Շատ դեպքերում նրանք այդ կարգավիճակում հայտնվել են ոչ իրենց մեղքով. ծնողները նրանց Հայաստանից տարել, դարձրել են այլ երկրի քաղաքացի և այդ կերպ խնդիրներ ստեղծել իրենց իսկ երեխաների համար: Քոչարյանն այն համոզմունքին է, որ մարդկային այդ մեծ ռեսուրսը իր ներդրումը պետք է կատարի հայրենիքում, իսկ դրա համար նրանք պետք է հայրենիք վերադառնալու հնարավորություն ստանան:

«Օրենքների մի ամբողջ փաթեթ վերանայում ենք, փոփոխություններ ենք առաջարկելու, որը լուծելու է այդ խնդիրը` տալով ալտերնատիվ տարբերակ հետախուզման մեջ գտնվող անձանց համար: Բնականաբար պետք է հաշվի առնենք բոլոր հանգամանքները` սկսած նրանց առողջական վիճակից, նաև ծառայելու համար մեխանիզմներ առաջարկելուց»,-ասում է Անդրանիկ Քոչարյանը: Պատգամավորի խոսքով` նախագծի շուրջ քննարկումներ կան նաև վարչապետի աշխատակազմի հետ և ամփոփելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկները՝ այն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ:

Հիմնական դրույթը, որ քննարկվում է հետևյալն է` եթե քաղաքացին բավարարում է զինվորական ծառայության համար նախատեսված պահանջներին, պետք է ծառայության անցնի, պետությունն էլ իր հերթին է լրացուցիչ հնարավորություն ընձեռում` բարձրացնելով զինծառայության համար նախատեսված տարիքային շեմը (այն այժմ մինչև 27-ն է, պահետազորի դեպքում` 35-ը):

Այն դեպքում, եթե քաղաքացին հիմնավորում է իր` զինծառայությանը չմասնակցելը, ապա ունի հնարավորություն վճարել երկու տարվա պայմանագրային զինծառայողների աշխատավարձը (նաև հավելավճարը) և այդ կերպ ազատվել ծառայությունից: Այս առաջարկը, ըստ նախագծի համահեղինակների, հնարավորություն կտա համալրել պայմանագրային հիմունքներով զինծառայություն մատուցող անձնակազմի քանակը` դրանով լուծելով բանակի համար կարևոր խնդիր:

Պայմանագրային զինծառայողների երկու տարվա աշխատավարձը (հավելավճարը ներառյալ) կազմում է մոտ 5-5,5 միլիոն դրամ:

«Հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է, ըստ օրենսդրության` յուրաքանչյուրս ունենք պարտավորությունների կատարման հստակ մեխանիզմներ, մենք այդ մեխանիզմները բարելավում ենք, որ այդ անձինք հավերժ կտրված չլինեն հայրենիքից: Հնարավորություն ենք տալիս, որ մասնակցեն երկրի ընթացքին, վերադառնան հայրենիք, բայց դա էլ չպիտի լինի շահարկման առարկա, որ ինչ-ինչ պատճառներով ժամանակին փախան, հիմա ազատության մեջ են: Այս օրենսդրական փոփոխություններից հետո ոչ ոք չի մտածելու` հիմա գնանք հետո մի օր համաներում կլինի, հետ կգանք: Այդպես չէ, գնալը դառնալու է հավերժ»,-մանրամասնեց պատգամավորը:

Անդրանիկ Քոչարյանը չբացառեց նաև, որ զինծառայությունից խուսափած անձանց հնարավորություն տրվի օգտագործել նաև ինտելեկտը` հավելելով, որ զինծառայությունը միայն սահմանում կանգնելը չէ, իսկ այդ անձանց մեջ կան լավ կրթություն ստացածներ, որոնք այդ կերպ կարող են ծառայել հայրենիքին:

«Ուզում ենք էնպես անենք, որ զառամյալ ծերուկները երբ մոռանան, որ հայ են, դրանից առաջ հայրենիք վերադառնալու պայմաններ լինեն»,-ասում է նա:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի, Արման Բաբաջանյանի և Մխիթար Հայրապետյանի` ավելի վաղ հեղինակած նախագիծը այս կարգավորումների վերաբերյալ շրջանառությունից հանվել էր, քանի որ Պաշտպանության նախարարությունը որոշակի դիտարկումներ է ունեցել:

Մենք նախարարությունից հետաքրքրվել էինք, թե նախագծերի փաթեթը երբ կլինի շրջանառության մեջ, և արդյոք նախարարությանը դիմել են քաղաքացիներ, որոնք ցանկանում են Հայաստան վերադառնալ, սակայն ՊՆ-ից միայն հայտնել են, որ աշխատանքներ են իրականացվում, և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շրջանառության մեջ կդրվեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter