HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորները զորակոչից խուսափած անձանց վերաբերյալ նոր կարգավորումներ են առաջարկում

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Անդրանիկ Քոչարյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն օրենսդրական նախաձեռնություններով նոր կարգավորում են առաջարկում զինվորական ծառայությունից խուսափած և դրա համար հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ:

Պատգամավորներն առաջարկում են զորակոչից խուսափած անձի մինչ 27 տարին (պահեստազորի դեպքում մինչ 35) լրանալը վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նա ինքնակամ ներկայացել է զինվորական կոմիսարիատ և նրա նկատմամբ օրենքով սահմանված կարգով կայացվել է որոշում: Եթե լրացել է անձի 27 (պահեստազորի դեպքում՝ 35) տարին, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, եթե նա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար կամ անցել է պայմանագրային զինվորական ծառայության երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք՝ դեռևս հունիսին գրել էինք այն մասին, որ վարչապետի հանձնարարականով Պաշտպանության նախարարությունը նախագիծ է մշակում զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց կարգավիճակի վերաբերյալ: Ավելի ուշ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը մեզ հետ զրույցում ասել էր, որ նախագիծը շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկվում է, այդ թվում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հանձնաժողովների, որոնց նախագահները համապատասխանաբար Անդրանիկ Քոչարյանն ու Մխիթար Հայրապետյանն են: Ստացվում է, որ վարչապետի հանձնարարականն անուղղակիորեն կատարել են «Իմ քայլ»-ական ու անկախ պատգամավորները:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին չի կարող ասել, թե որն է Պաշտպանության նախարարության եզրակացությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ, քանի որ Կառավարության վերջնական դիրքորոշումը չկա:

«Բայց ինտենսիվ քննարկումներ անում ենք, սկզբունքային մոտեցումները համաձայնեցվել են, որոշակի հստակեցումների խնդիր ունենք մոտեցումների հետ կապված, նախագծի հեղինակների հետ պետք է քննարկենք, տեսնենք հեղինակներն ինչ փաստարկներ ունեն մեր դիրքորոշումների վերաբերյալ»,- ասաց նա:

Իսկ թե ինչպես է ստացվել, որ նախագծերը հեղինակել են պատգամավորները, այլ ոչ թե նախարարությունը, Բալայանն ասաց, որ պատգամավորներն օգտվել են իրենց սահմանադրական լիազորություններից:

«Եղել է համապատասխան մշակված նախագիծ, որը պատգամավորների հետ քննարկել ենք, հիմա էլ շրջանառության փուլում է, վերջնական տեսք չունի, մեր առաջարկները պետք է պատգամավորների հետ քննարկենք»,- ասաց Բալայանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ շատ դեպքերում զորակոչիկները, ստանալով տարկետում, խուսափում են վերջին զորակոչերից և քանի որ գործող օրենքով սահմանված վճարումը կատարվում է խուսափած զորակոչերի դիմաց, վճարվող գումարը չափազանց քիչ է, որը դառնում է օրենսգրքի 327-րդ հոդվածով (զորակոչից խուսափում) արգելված արարքի ծնող պայմաններից:

Նշվում է նաև, որ գործող «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրվանից այս օրենքն ընդունվելու դեպքում կարող է կարգավորել քննարկվող հասարակական հարաբերություններն՝ առանց հենվելու այլ իրավական ակտի վրա:

Նախագծով առաջարկվում է խրախուսող նորմ՝ օրենքի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած, սակայն օրենքով սահմանված տարիքը դեռևս չլրացած այն քաղաքացների համար, ովքեր օրենքով սահմանված վճարը վճարելու փոխարեն նախընտրում են անցնել պայմանագրային զինվորական ծառայության, որից հետո հնարավորություն են ունենում զբաղեցնել հանրային ծառայության պաշտոններ:

Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելուց հետո վերանում է ընդհանրապես հանրային ծառայության անցնելու արգելքը:

Փոփոխություններն առաջարկվում են «Քրեական օրենսգրքում», «Հանրային ծառայության մասին» օրենքում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում:

Նկատենք սակայն, որ խրախուսական նորմից բացի կան նաև խստացումներ: Եթե գործող «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի կարգավորումներով՝ քաղաքացին պետական տուրք է վճարում յուրաքանչյուր բացակայած զորակոչի համար, և եթե քաղաքացին 18-ից մինչ 27 տարին լրանալը պետք է վճարի 18 բացակայած զորակոչի համար 3 միլիոն 600 հազար դրամ (1000 x 200 x 18), ապա այս փոփոխությունների դեպքում պետական տուրքը գրեթե կկրկնապատկվի՝ 5-5,5 միլիոն դրամ (պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձ, հավելավճարներ):

Այս թիվը նախագծում չի ամրագրվելու, քանի որ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը հնարավոր է փոփոխությունների ենթարկվի, հետևաբար այս օրենքում ևս փոփոխությունները կարտացոլվեն:

Հիշեցնենք նաև, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը կավարտվի այս տարվա դեկտեմբերի 31-ին, և այլ օրենսդրական նախաձեռնության կարիք կա, քանի որ հակառակ պարագայում շատերն այդպես էլ չեն կարող վերադառնալ հայրենիք: Թե որքանով է այս նախագիծը սոցիալական արդարության խնդիր լուծում, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ որպես ընդդիմադիր պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ լուծում էր առաջարկում:

Մեկնաբանություններ (2)

Melina
Այհաաաաայ։ լավա էլի, Չծառայած և հայրենիքը լքած տղաների հաշվին ուզում եք բյուջե լցնեք՞ ; էհ հետո՞; Ետա ասեք չգանք էլի, հայկական քաղաքացիությունից էլ հրաժարվենք պրծնենք։ Փոխանակ հեշտացնեք ամեն ինչ, որ մարդիկ սիրով գան մի բան անեն հայրենիքում, դեռ մի բան էլ բարդացնում եք։ Հայաստանում տղաների մեծ մասը կոպիտ ասած( գժի թղթով ) ազատվել են ու իրանց համար վայելում են։ Դրսի տղերքն էլ պետքա աշխատեն որ փող հասցնեն հայաստան։ Դե տենց արդար եք, հայաստանաբնակ չծառայածներից սկսեք։
Արմեն
Հիմա ի՞նչ ել չգանք Հայաստան? Մենք ել որոշել էինք բնա կարան գնել մեր երխաներին կապել հայրենիքի հետ որ կաողանան ինչ որ բանով օգտակար լինել իրենց հայրենիքին։ Ցավոք կտեսնվենք 2040 թ։ Գնացինք Իսպանիա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter