HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանն անփոփոխ թողեց Կարեն Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, հրապարակեց որոշում, որով հիմնավոր համարեց ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Խաչատրյանի խափանման միջոցի գործով նիստը կայացել է այսօր։ Դատավարության կողմերը ներկայացրել են Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Մեղադրող Էդգար Արսենյանը նշել է, որ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է թողնվի անփոփոխ, իսկ Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը պնդել է, որ կալանքի հիմքեր առկա չեն, որ նախաքննության ընթացքում ևս Խաչատրյանն առանց հիմքերի գտնվել է կալանքի տակ։

Ըստ մեղադրող Արսենյանի՝ Կարեն Խաչատրյանի մեղադրական եզրակացության մեջ դրված են Խաչատրյանի մեղադրանքը հաստատող ապացույցները, որոնք առավել քան բավարարել են՝ պնդելու համար, որ առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ Խաչատրյանը կատարել է իրեն վերագրվող արարքը։

Դատախազն այսօրվա նիստի ընթացքում թվեց այն ապացույցները, որոնք գնահատվել են՝ որպես Կարեն Խաչատրյանի մեղադրանքը հիմնավորող։ Դրանց թվում են Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի անվտանգության աշխատակիցների ցուցմունքները, որոնցում վերջիններս հայտնել են, որ Գագիկ և Կարեն Խաչատրյաններն իրենց անձնապես ճանաչել են, տեղյակ են եղել, որ իրենք աշխատանքի չեն հաճախել, այլ ուղեկցել են Արմեն Ավետիսյանին։ Մեղադրանքի հիմքում դրվել է նաև Galaxy ընկերության աշխատակիցներից մեկի ցուցմունքն այն մասին, որ աշխատել է վերը նշված ընկերությունում, սակայն գրանցված է եղել և աշխատավարձ ստացել ՊԵԿ-ից, մեկ այլ անձի ցուցմունքի համաձայն՝ ինքը ՊԵԿ-ում գրանցված է եղել որպես մաքսային տեսուչ, սակայն իրականում աշխատել է որպես Կարեն Խաչատրյանի ընտանիքի վարորդ։

Դատախազը նշեց, որ գործում առկա տվյալները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ Կարեն Խաչատրյանն ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է թաքնվել քննությունից, խուսափել պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, խոչընդոտել գործի քննությունը՝ գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով։

Ըստ Էդգար Արսենյանի՝ Կարեն Խաչատրյանի կողմից քննությունից խուսափելու հավանականությունը շատ բարձր է՝ նկատի ունենալով, որ նրա եղբայրն ու հորեղբոր՝ Գագիկ Խաչատրյանի որդիներն արդեն իսկ թաքնվուն են քննությունից, գտնվում են հետախուզման մեջ։

Դատախազը նաև հիշեցրեց, որ Կարեն Խաչատրյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել Մաքսային պետական կոմիտեում, Պետական եկամուտների կոմիտեում ու Ֆինանսների նախարարությունում, որտեղ անձնակազմի նկատմամբ վերահսկողական լիազորությամբ է օժտված եղել։ Այս անձանց՝ Խաչատրյանից անձնական, ծառայողական և նյութական կախվածություն ունենալու, հանգամանքը, ինչպես նաև Կարեն Խաչատրյանի ունեցած հեղինակությունը, ըստ դատախազի, մեծացնում են Խաչատրյանի կողմից վերը նշված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը, եթե նա մնա ազատության մեջ։

Խաչատրյանի պաշպան Ամրամ Մակինյանը դիրքորոշում հայտնեց, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Խաչատրյանը կատարել է իրեն վերագրվող արարքը։

Անդրադառնալով Կարեն Խաչատրյանի կողմից  գործի քննությանը խոչընդոտելու դատախազի ենթադրությանն՝ ընդգծեց, որ քրեական գործն արդեն գտնվում է դատաքննության փուլում, իսկ իրավական հանրությանը հայտնի է, որ այս փուլում արդեն գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը նվազում է, քանի որ գործով ապացույցների հավաքման փուլն արդեն ավարտվել է։

Ինչ վերաբերում է Կարեն Խաչատրյանի՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությանը, Մակինյանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալը գործի նախաքննության ընթացքում երկու անգամ հայտնվել է ազատության մեջ, սակայն հետագայում, երբ նրան կրկին կալանավորելու որոշում է կայացվել, ինքնակամ ներկայացել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Նշենք, որ առաջին անգամ՝ 2020 թվականի հունվար ամսին է Կարեն Խաչատրյանն ազատ արձակվել։ Այդ ժամանակ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, նրա նկատմամբ թույլատրելի է ճանաչել գրավի կիրառումը։ Այս որոշումը  դատախազությունը բողոքարկել է, և վերաքննիչ դատարանը, բավարարելով բողոքը՝ բեկանել է Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը։

Երկրորդ անգամ Կարեն Խաչատրյանը ազատության մեջ է հայտնվել հունիս ամսին։ Այս դեպքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը մերժել է նրա կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս որոշումը ևս Վերաքննիչ դատարանը հետագայում բեկանել է։

Այս ժամանակահատվածում Կարեն Խաչատրյանի հորեղբոր որդիներ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաննները արդեն իսկ գտնվելիս են եղել հետախուզման մեջ։

Պաշպանը կրկնեց դատախազի խոսքերն այն մասին, որ վերը նշված անձանց՝ քննությունից թաքնվելու հանգամանքը մեծացնում է նաև Կարեն Խաչատրյանի՝ քննությունից թաքնվելու ռիսկը, ասաց, որ ինքը դրա հետ համամիտ չէ ու միաժամանակ փաստեց, որ այն ժամանակահատվածում, երբ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները գտնվել են հետախուզման մեջ,Կարեն Խաչատրյանն, ազատության մեջ հայտնվելով, չի թաքնվել քննությունից։

Պաշտպանը նշեց, որ Կարեն Խաչատրյանը շուրջ մեկ տարի գտնվել է անազատության մեջ, սակայն նրա գործով նախաքննությունը, փաստացի, տևել է 8 օր, մյուս օրերին քննչական ու դատավարական գործողություններ չեն իրականացվել։

Պաշտպանը մանրամասնեց, թե ինչ նկատի ունի։

Ըստ Ամրամ Մակինյանի՝ յուրաքանչյուր դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան, միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ դեռևս անհրաժեշտ է կոնկրետ անձանց մասնակցությամբ քննչական և դատավարական գործողություններ իրականացնել, այսինքն՝ կան չհարցաքննված անձինք, որոնց նկատմամբ Խաչատրյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել։ Խոսքը Մաքսային պետական կոմիտեում, ՊԵԿ-ում կամ Ֆինանսների նախարարությունում գրանցված, սակայն, ըստ գործի նյութերի, իրականում աշխատանքի չհաճախող 53 աշխատակիցների մասին է։

Մակինյանը նշեց, որ այդ 53 անձանցից 6-ին հարցաքննել են մինչև Կարեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրելը, 8-ը՝ այն օրը, երբ  Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան, ոմանք՝ այն ժամանակ, երբ Խաչատրյանի կալանքի ժանկետը երկրորդ անգամ երկարացնելու միջնորդություն է ներկայացվել։ Ըստ պաշտպանի՝ այսպիսով վարույթն իրականացնող մարմինը ցանկացել է դատարանին ցույց տալ, թե Կարեն Խաչատրյանի գործով համապատասխան ջանասիրություն է ցուցաբերվել, կատարվել են քննչական գործողություններ, դեռ անձինք կան, որոնք պետք է հարցաքննվեն։

Մակինյանը նշեց, որ հունիս ամսին, երբ Կարեն Խաչատրյանին ազատ արձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, կրկին դատախազությունն այն փաստարկն է նշել, թե Կարեն Խաչատրյանը կարող է անօրինական ազդեցություն ունենալ  դեռևս չհարցաքննված անձանց նկատմամբ, մինչդեռ դրանից հետո գործով որևէ անձ չի հարցաքննվել։ Ըստ պաշտպանի՝ օգտվելով այն հանգամանքից, որ նախաքննության փուլում խափանման միջոցի հարցին անդրադառնալիս դատարաններին  գործի ամբողջական նյութերը հասանեի չեն լինում, մոլորեցրել է նրանց։

Պաշտպանը նաև շեշտեց, որ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունները տառացի կրկնել են միմյանց, դրանցում անգամ կետադրական սխալներն են նույնը եղել։

Խոսելով դատախազի այն փաստարկի մասին, որ գործով անցնող անձինք ծառայողական, նյութական կախվածության մեջ են գտնվում Կարեն Խաչատրյանից, Ամրամ Մակինյանը նշեց, որ Կարեն Խաչատրյանը 2016 թվականից պետական պաշտոն չի զբաղեցրել, հողագործությամբ է զբաղվել, և դրա մասին վարույթն իրականացնող մարմինը քաջատեղյակ է, քանի որ նախաքննույան ընթացքում խուզարկություն է իրականացրել նրան պատկանող հողատարածքներում։

Մակինյանը հիշեցրեց, որ Կարեն Խաչատրյանը դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 236 մլն դրամ՝ որպես ենթադրյալ վնասի հատուցում, եթե դատարանը կհամարի, որ ինքը կատարել է իրեն վերագրվող արարքը։ Պաշտպանն ասաց, որ Կարեն Խաչատրյանը Հայաստանի Հանրապետությունում միակ անձն է, որը յուրացում և վատնում կատարելու հոդվածով մեղադրվելով ու նման չափի ենթադրյալ վնասի փոխհատուցում վճարելով՝ գտնվում է անազատության մեջ։

Պաշտպանը նաև կանխատեսեց, որ, հաշվի առնելով Կարեն Խաչատրյանի հորեղբոր՝ Գագիկ Խաչատրյանի առողջական խնդիրները, նա, ենթադրվում է, չի կարողանալու ներկայանալ դատական  նիստերին։ Նման պայմաններում, ըստ Մակինյանի, կստացվի, որ Կարեն Խաչատրյանը անհայտ ժամանակով պետք է գտնվի անազատության մեջ, քանի որ եթե Գագիկ Խաչատրյանը չներկայանա նիստերին, ապա դրանք պետք է հետաձգվեն։ Նշենք, որ այն գործով, որով անցնում է Կարեն Խաչատրյանը, մեղադրյալ է նաև Գագիկ Խաչատրյանը։

Այս և այլ հանգամանքներ մատնանշելով՝ պաշտպանը միջնորդեց Կարեն Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց ընտրել։

Դատախազ Էդգար Արսենյանը կրկին հակադարձեց Մակինյանի փաստարկներին, նշեց, որ Խաչատրյանին վերագրվող վատնում կատարելու  վնասի չափը շուրջ 462  մլն դրամ է, և 263  մլն դրամ ենթադրյալ վնասը փոխհատուցելը չի նվազեցնում նրա՝ քննությանը խոչընդոտելու և քննությունից թաքնվելու ռիսկը։

Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշեց անփափոխ թողնել Կարեն Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter