HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեղամասարում 27 մլն դրամի հողի հարկի ապառք է գոյացել. վարելահողերի սեփականատերերի գտնվելու վայրն անհայտ է

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքում 337 հա «տիրազուրկ» հող կա: Սեփականաշնորհված հողամասերի 125 սեփականատերերի մասին համայնքում տասը տարուց ավելի տեղեկություններ չունեն: Այդ տարիների ընթացքում հողի հարկի խոշոր ապառքներ են գոյացել, որոնք վճարող չկա: Որոշ հողամասեր, առանց որևէ փաստաթղթավորման, օգտագործում են նույն գյուղերի բնակիչները, սակայն ապառքների բեռը չի թեթևանում:

Գեղամասար համայնքը կազմավորվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին»  ՀՀ օրենքում  09.06.2017թ. կատարված փոփոխության արդյունքում՝ Գեղարքունիքի մարզի Սոթք, Ազատ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղական համայնքների միավորումից:

Խոշորացված համայնքում այս պահին 27 մլն 242 հազար դրամի ապառք է գոյացել միայն այն հողերի մասով, որոնց սեփականատերերի վերաբերյալ 10 և ավելի տարիներ տեղեկություններ չունեն:

Made with Flourish

Ամենից շատ տիրազուրկ հող Ջաղացաձորում կա՝ 78 հա: Դրանք պատկանում են 40 սեփականատիրոջ: Տարիների ընթացքում նշված հողերի գծով ապառքներն աճել են և ներկայում կազմում են մոտ 8 մլն դրամ: Նշված հողերից մոտ 21 հա-ը չի մշակվում, մնացածը մշակում են համագյուղացիները:

Ջաղացաձորի վարչական ղեկավար Մանվել Մինասյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տարիներ առաջ մարզպետարանից պայմանագրի ձև են ստացել, պայմանագիր են կնքում հող մշակելու ցանկություն ունեցող անձանց հետ մինչև սեփականատիրոջ վերադարձը:

«Հիմա, ով հողը մշակում է, իր անունով պայմանագիր կա կնքած: Հարկը վճարում է, բայց սեփականատիրոջ անունով է վճարվում: Պայմանագիրը կնքվել է հող մշակողի և համայնքապետարանի միջև: Հստակ նշված է, որ եթե սեփականատերը հայտնվի, հողը պետք է վերադարձնի սեփականատիրոջը: Եթե այդ պահին բերք կա ցանած, հողը վերադարձնելու է բերքահավաքից հետո»,-ասում է Մանվել Մինասյանը:

Ապառքների հավաքագրումը, Ջաղացաձորի վարչական ղեկավարի խոսքով, անհնար է:

Բացի այդ, չմշակվող հողերի մի մասն անօգտագործելի է դարձել: «Հողեր կան, որ արդեն դարձել են չիման` անօգտագործելի:  Այդ հողերը վերցնող չկա, բնակիչները չեն ուզում այդ հողերը: Դրանք պիտի մի 2-3 տարի վարեն, նոր դարձնեն հող: Բայց մարդիկ էլ ասում են` վերցնենք, 2-3 տարի ծախս անենք, դարձնենք հող, սեփականատերը գա ու վերցնի՞ պատրաստի հողը»,- ասում է Մ. Մինասյանը:          

Հնարավո՞ր է դատական կարգով լուծել այն հողերի հարցը, որոնց սեփականատերերի մասին տեղեկություններ չկան: Արսեն Մինասյանն ասաց, որ 7-8 տարի առաջ նման փորձ արել են, սակայն դատարանները չեն գնացել այդ քայլին և սեփականատիրոջը չեն զրկել սեփականության իրավունքից: Հետևաբար, ձեռնպահ են մնում դատարան դիմելուց:

Խոշորացված համայնքի Շատվան բնակավայրում ևս խուսափում են դատարան դիմելուց: Վարչական ղեկավար Արսեն Մինասյանը իրավական ճանապարհը չընտրելը պատճառաբանում է ֆինանսական լուրջ ծախսերով, որ համայնքապետարանը չունի: Բացի այդ, նշում է, որ շատ է քաշքշոցը, գործերի քննությունը տարիներ է տևում:

Շատվանում 26 հա հող մշակվում է այլ անձանց կողմից, քանի որ սեփականաշնորհված վարելահողերի սեփականատերերի մասին տեղեկություններ չունեն: Այստեղ 2 մլն 346 հազար դրամի ապառք է կուտակվել: Վարչական ղեկավարն ասում է, որ երբեմն չեն կարողանում հողի հարկ գանձել նաև այն քաղաքացուց, ով մշակում է ուրիշի հողը: Պատճառաբանում են, թե հողն իրենց անունով չէ, և ֆինանսական հարաբերությունները կլուծեն հողի սեփականատիրոջ հետ:

Շատվանի վարչական ղեկավար Արսեն Մինասյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մոտ 9 հա վարելահողի սեփականատերերի մասին 10 տարուց ավելի տեղեկություններ չունեն:

Արմիկ Մարտիրոսյանը, մինչև համայնքների խոշորացումը, Շատվանի համայնքապետի նախկին տեղակալն է եղել: «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հողերի սեփականատերերի գտնվելու վայրի մասին տեղեկությունների բացակայությունը լուրջ հարց է, որը ձգվում է տարիներ:

Ա. Մարտիրոսյանը  նշեց, որ համայնքում ցանկացողները մշակում են «անտեր» մնացած հողերը, սակայն գործընթացը փաստաթղթավորված չլինելու պատճառով երբեմն տուժում են հենց մշակողները: Ինքն էլ է մշակում հողեր, որոնց սեփականատերերի մասին տեղեկություններ չունեն: Հողերի վրա ներդրում է կատարել, պարարտացրել է, վարելահողի տեսքի է բերել, սակայն օրերից մի օր հայտնվել է իր մշակած հողերից մեկի սեփականատիրոջ ժառանգը և ասել, որ հողի տերն է ու պետք է ազատի տարածքը: Արմիկ Մարտիրոսյանն էլ հողը թողել, դուրս է եկել, իր կատարած ներդրումները մնացել են սեփականատիրոջը, քանի որ իր իրավունքները պաշտպանելու իրավական ոչ մի հիմք չի ունեցել:

Արսեն Մինասյանն ասում է, որ «տիրազուրկ» հողերի հարցը կառավարության, Ազգային ժողովի մակարդակով պետք է լուծվի, դրան սպասում են ոչ միայն իրենց համայնքում, այլև ամբողջ հանրապետությունում, քանի որ համատարած բնույթ ունի:

Երկու տարի առաջ գրել էինք Տաշիր խոշորացված համայնքում նույն իրավիճակի մասին, որտեղ այդ պահի դրությամբ հողի հարկի ապառքը կազմում էր 146 մլն դրամից ավելի։

«Կառավարությունը պետք է որոշի, որ այդ կարգի հողերը տրամադրեն համայնքին, համայնքը ժամանակավոր օգտագործման տրամադրի՝ մինչև տիրոջ հայտնվելը: Հիմա այդ հողը չենք էլ կարող վարձակալության տալ: Եթե ես ռիսկ անեմ, ասենք` ձեր հետ վարձակալության պայմանագիր կնքեմ մեկ տարով, դու էլ վարես, ցանես, սեփականատերը կգա կասի՝ դու ո՞վ ես, որ իմ հողը վարձով ես տվել, դու էլ վերցրել մշակել ես»,-ասում է Արսեն Մինասյանը:

Վարչական ղեկավարը նշեց, որ սեփականատերերի անունով պարբերաբար ծանուցագրեր են ուղարկում՝ ապառքների պարտքի մասին հիշեցնելու, սակայն ծանուցագրերը հետ են գալիս` հասցեատիրոջ գտնվելու վայրը անհայտ լինելու պատճառով: Հաճախ չգիտեն էլ՝ հողի սեփականատերը ո՞ղջ է, կամ գտնվում է հանրապետությունում, թե՞ արտերկրում է բնակվում:

Գեղամասարի միայն հինգ բնակավայրում տիրազուրկ հողեր չկան՝ Դարանակ, Կութ, Կախակն, Արթունք, Ավազան:

Հայաստանի Հողային օրենսգիրքը կարգավորում է  հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարման հարցերը և սահմանում դադարման հիմքերը: Օրենսգրքի 102-րդ  հոդվածի համաձայն` հողամասի նկատմամբ իրավունքները դատական կարգով հարկադիր դադարում են նաև այն դեպքերում, երբ գյուղատնտեսական նշանակության հողամասը 3 տարվա ընթացքում չի օգտագործվում` հողամասի յուրացման, մելիորատիվ շինարարության, տարերային աղետներից հետո վերականգնման և նման օգտագործումը բացառող այլ հանգամանքների վերացման համար անհրաժեշտ ժամկետի հաշվանցով:

Մեկ այլ դեպքում հողամասի նկատմամբ իրավունքի դադարման հիմք է առաջանում, երբ հողի հարկը 3 տարվա ընթացքում չի վճարվում և 4-րդ տարվա ընթացքում պարտքը չի մարվում: Սակայն, դատարանները խուսափում են անգամ իրավական հիմքի առկայության պայմաններում քաղաքացուն զրկել սեփականության իրավունքից:

Մեկ այլ խնդիր է անժառանգ գույքի տնօրինումը: Օրինակ՝ Գեղամասար խոշորացված համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրում 38 հա «տիրազուրկ» հողերից 7,3 հա-ի սեփականատերերը մահացել են, ժառանգության ընդունման վերաբերյալ տեղեկություններ եւս չկան: Մահացած սեփականատերերի հողերի ապառքի չափը 593 հազար դրամ է:

Քաղաքացիական օրենսգիրքը կարգավորում է նաև անժառանգ գույքի տնօրինման հարցը: Օրենսգրքի 1224-րդ հոդվածի համաձայն, եթե չկան ո´չ ըստ կտակի և ո´չ էլ ըստ օրենքի ժառանգներ, կամ նրանք հրաժարվել կամ մեկուսացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ: Անժառանգ գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը:

Օրենսդրական այս կարգավորման առկայության պայմաններում նույնիսկ համայնքներում հրաժարվում են հողամասերի սեփականության հարցը վիճարկել դատարանում:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին գրավոր հարցրել էինք, թե մարզպետարանն ի՞նչ քայլեր է ձեռնարկում տիրազուրկ հողերի հարցը լուծելու համար, քանի որ Գեղամասարի համայնքապետարանը դատարան դիմելը կապում է խոշոր ծախսերի հետ: Մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը պատասխանել է, թե «համայնքներում տիրազուրկ հողերը որպես համայնքային սեփականություն ճանաչելու լիազորություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մարզպետարանին վերապահված չէ»:

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն ասաց, որ էկոնոմիկայի նախարարությունը կարգ է մշակել, որն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ: Այն վերաբերում է հողերի միավորման գործընթացին, որի մեջ ներառված են նաև այն հողերը, որոնց սեփականատերերի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի 

Ինֆոգրաֆիկան՝ Կատյա Մամյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter