
Տաշիր համայնքի խոշորացումից հետո միայն հողի հարկի գծով ապառքներն ավելացել են մոտ 6 անգամ
Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում խուսափում են քաղաքացիական հայցեր ներկայացնել հարկերը չվճարող քաղաքացիների կամ իրավաբանական անձանց դեմ: Միայն 2018թ. նոյեմբերի 30-ի դրությամբ Տաշիրում հողի հարկի ապառքը կազմում է 146 մլն դրամից ավելի, իսկ գույքահարկի գծով՝ մոտ 43 մլն դրամ:
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանի փոխանցմամբ՝ խոշոր ապառքների մասով վարույթներ են հարուցվել, իսկ փոքր գումարների դեպքում ծանուցագրեր են ուղարկվել: «Գուցե բնակիչները տեղյակ չեն ապառքների մասին, որովհետև խոշորացումից հետո են գոյացել ապառքները: Մինչև խոշորացումը Տաշիր համայնքի ապառքները կազմել են 26 մլն դրամ, հողի հարկի գծով այս տարվա ապառքը 146 մլն դրամ է դարձել: Մենք իրավահաջորդության կարգով ընդունել ենք այդ պարտքը, քանի որ փոխանցվել է մեզ»,- ասում է աշխատակազմի քարտուղարը: Նրա խոսքով՝ հողամասերի մի մասի դեպքում մարդիկ ժառանգություն չեն ընդունել, և փաստաթղթավորումը պատշաճ չէ, մի մասի դեպքում՝ օգտվել են սեփականաշնորհումից և երկրից հեռացել, Հայաստանում չեն ապրում: Դա է պատճառը, որ հարկային պարտքերը կուտակվում են:
Նունե Սոլոյանի հավաստմամբ` չի եղել դեպք, երբ համայնքապետարանը դիմի դատարան քաղաքացուն հողի սեփականության իրավունքից զրկելու պահանջով: Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն` 2018թ. ընթացքում համայնքապետն ընդամենը 15 որոշում է կայացրել հողի և գույքահարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին: Ամենաշատ որոշումը կայացվել է ապրիլ ամսին՝ 6, իսկ, օրինակ, հոկտեմբերին չվճարված գումարի պահանջի մասին ընդամենը մեկ որոշում է կայացվել:
Նշենք, որ Տաշիր բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2017թ. նոյեմբերին: Այն ընդգրկում է Լոռու մարզի նախկին Տաշիր քաղաքային, Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Մեդովկա, Մեղվահովիտ, Նովոսելցովո, Սարատովկա գյուղական համայնքները:
Տաշիրի համայնքապետարանից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն` 2018թ. հողի հարկի բռնագանձման պահանջով արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայություն է ուղարկվել 4 վարույթ՝ մոտ 3 մլն դրամի չափով: Բռնագանձվել է ընդամենը 1 մլն 792 հազար դրամը, իսկ 1 մլն 300 դրամի չափով բռնագանձումն ընթացքի մեջ է:
Ինչ վերաբերում է նույն տարվա գույքահարկին, ապա ԴԱՀԿ ծառայություն է ուղարկվել ընդհանուր մոտ 3 մլն 239 հազար դրամ բռնագանձելու պահանջ, որից բռնագանձվել է 1 մլն 912 հազար դրամը: Պարտապանի բացակայության պահանջով չի բռնագանձվել 1 մլն 320 հազար դրամ: ԴԱՀԿ-ն բացակա պարտապանի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Ապառքները տարիների պատմություն ունեն և հասել են տասնյակ միլիոնների: «Հետքն» անդրադարձել է դրան այս տարվա սեպտեմբերին
Տաշիրի քաղաքապետարանն արոտավայրերի վերաբերյալ վարչական վարույթներ ևս հարուցել է, սակայն` համեմատաբար փոքր գումարներով: Օրինակ` 2016թ. հարուցվել է ընդամենը 1 վարույթ՝ 200,000 դրամ բռնագանձելու պատճառով և գանձվել է: 2017թ. վարչական վարույթ չի իրականացվել, իսկ այս տարի ԴԱՀԿ ծառայություն է ուղարկվել վարչական պատասխանատվության ենթարկելու 4 վարույթ՝ ընդհանուր 80,000 դրամի չափով:
Մեկնաբանել