HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ-ն արդյունավետ է որակում սահմանափակումներով պիտանի զինծառայողների ծառայությունը

2020 թվականի ամառային զորակոչի շրջանակում սահմանափակումներով պիտանի 44 զինծառայող է զորակոչվել զինված ուժեր` ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ) զինծառայություն անցնելու համար:

Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պաշտպանության նախարարությունից:

ԾՀՕԿ-ով զորակոչվող զինծառայողներն առաջնագծում մարտական հերթապահություն չեն իրականացնում, նրանց զինծառայությունը սպասարկման ու անցագրային օղակներում է: ԾՀՕԿ-ը ենթադրում է օրվա կրճատ պարապմունքներ և հանգստի ավելի երկար ժամկետ, ծառայության ընթացքում փորձաքննություն է նախատեսվում՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ Սրա շրջանակներում կարող են զորակոչվել թերքաշ, գերքաշ, հեմոգլոբինի տատանմամբ, գիշերամիզությամբ տառապող և առողջական որոշակի այլ խնդիրներով զորակոչի ենթակա անձինք:

Ծառայության այս կարգացուցակով մեկ` 2018-ի ամառային զորակոչի շրջանակում զորակոչվել էին նաև մտավոր հետամնացության որոշակի աստիճան ունեցող  անձինք (թեթև աստիճանի մտավոր հետամնացություն՝ առանց վարքային խանգարումների): Այս ախտորոշմամբ զինծառայողների զորակոչվելուց հետո որոշակի դժգոհություններ եղան մամուլում, ինչից հետո Կառավարության 2019-ի հուլիսի 26-ի նիստում 404 որոշման մեջ փոփոխություն կատարվեց: Օրենքով կրկին ամրագրվեց, որ թեթև աստիճանի մտավոր հետամնացության խանգարում ունեցող անձինք պիտանի չեն զինծառայության համար:

2019-ի ամառային զորակոչի ժամանակ ԾՀՕԿ-ի շրջանակներում զորակոչվել էր՝ 83, իսկ 2018-ի ամառային զորակոչի տվյալներով` 193 զինծառայող:

Մենք հետաքրքրվել էինք, թե արդյոք նախարարությունն արդյունավետ է գնահատում այս կարգացուցակով զինծառայողների ծառայությունը, ինչին ի պատասխան ՊՆ-ից հայտնել են:

«Ըստ զորամասերում իրականացված ստուգումների ու կատարված հարցումների` ԾՀՕԿ-ի կարգավիճակ ունեցող զինծառայողների ծառայությունն արդյունավետ է: Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ նմանատիպ զինծառայության զորակոչված զինծառայողները ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ենթարկվում են բժշկական փորձաքննության ու զորակոչվածներից բավական մեծ թվաքանակով զինծառայողներ կորցնում են ԾՀՕԿ-ի կարգավիճակը, այսինքն նկատվում է առողջացման դրական դինամիկա»,- ասված է պատասխանում:

Չնայած ՊՆ-ից պնդում են, որ սահմանափակումներով պիտանի որոշ զինծառայողների մոտ ծառայության ընթացքում առողջական վիճակի բարելավում է նկատվում, սակայն չեն հերքում նաև հակառակը՝ ծառայության հետևանքով առողջական վիճակի վատթարացում է լինում և վերջիններս վաղաժամ զորացրվում են: 2019-2020 թվականների ընթացքում զինծառայությունից վաղաժամ արձակվել է ԾՀՕԿ-ով զորակոչված 20 ժամկետային զինծառայող:

Նախարարությունից նաև հայտնել են, որ Կառավարության N 404 և N 405 որոշումներում փոփոխություններ կատարելու Կառավարութան որոշման նախագծերը գտնվում են վերջնական մշակման փուլում և սեպտեմբերին շրջանառության մեջ կդրվեն:

Հիշեցնենք, որ ԾՀՕԿ-ի ներդրման գաղափարը նախկին իշխանություններինն էր և մասնավորապես պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանինը` «Ագզ-բանակ» հայեցակարգի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter