Դատարանը մերժել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու միջնորդությունն ու ոչ իրավաչափ ճանաչել նրա ձերբակալման որոշումը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, մերժել է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մալաքյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ Վերջինս բողոքարկել էր իր պաշտպանյալին ձերբակալելու որոշումը։ Դատարանն այս բողոքը բավարարել է, այսինքն՝ Գոռ Մալաքյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչվել։
Հիշեցնենք, որ Գոռ Մալաքյանն ու վերջինիս եղբայր, ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու մեջ են մեղադրվում օգոստոսի 30-ին Կասկադում տեղի ունեցած միջադեպի գործով։ Մեղադրանքի էությունն, ըստ Գոռ Միքայելյանի, այն է, որ Մալաքյան եղբայրներն, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև Ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է նաև Էդգար Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունն ու մասնակի բավարարել այն։ Էդգար Մալաքյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ մեկ ամիս ժամկետով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել