HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում սպավում են «նախընտրական» պատվաստումներ, իսկ Ֆրանսիան տնտեսության մեջ կներդնի ռեկորդային 100 միլիարդ եվրո

ԱՄՆ բոլոր 50 նահանգները ստացել են ցուցում նոյեմբերի 1-ից որոշ խմբերի բնակչությանը նախապատրաստել կորոնավիրուսի պատվաստմանը։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ որևէ հայտնի պատվաստանյութ չի անցել փորձարկման բոլոր երեք փուլերը, որոշ համաճարակաբաններ այս նախագիծը համարում են խիստ քաղաքականացված։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում կկայանան նախագահական ընտրությունները։

Օգոստոսի 27-ին ամերիկյան բոլոր նահանգների առողջապահական մարմինները նամակ էին ստացել ԱՄՆ առողջապահության նախարարության դաշնային գործակալություն հանդիսացող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից։ Այնտեղ ներառված էր երեք փաստաթուղթ, որտեղ հեղինակները մանրամասն նկարագրել էին անանուն պատվաստանյութի տարածման սցենարները և խնդրել նահանգային պաշտոնյաներին վերացնել բյուրոկրատական խոչընդոտները՝ պատվաստումների իրականացման համար։

Փաստաթղթերի հեղինակներն ընդգծում են, որ առաջին հերթին պետք է պատվաստվեն բժշկական հաստատությունների աշխատակիցները, 65-ից բարձր անձինք, ինչպես նաև նրանք, որոնք գտնվում են բարձր ռիսկային խմբում։

Աշխարհի տարբեր երկրներում մշակված որոշ հայտնի պատվաստանյութեր գտնվում են փորձարկման վերջին փուլում։ ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին չի բացառել, որ պատվաստումը կարող է սկսվել վերջնական փորձարկումների ավարտից առաջ, եթե այդ պահին առկա հետազոտության արդյունքները հիմնականում լինեն դրական։ Սակայն որոշ գիտնականներ մտահոգ են, որ այս նախագիծն ունի քաղաքական ենթատեքստ և անվտանգ չէ բնակչության համար։

Ֆրանսիայի վարչապետ Ժակ Կաստեքսը հայտարարել է 2021 թվականին «տնտեսության վերաթողարկման» նպատակով 100 միլիարդ եվրո ներդնելու նախագծի մասին։ Նախագծի հիմնական նպատակն է ներդրումներ կատարել «ապագայի տնտեսության ճյուղերի մեջ» և ստեղծել 160 000 աշխատատեղ։ Այդ միջոցների գրեթե մեկ երրորդը պետք է հատկացվի արդյունաբերության այն ճյուղերին, որոնք արտադրում են ամենաշատ ածխաթթու գազը։ Միջոցների մյուս մեկ երրորդը կներդրվի երիտասարդների համար աշխատատեղերի բացման մեջ։ Պետությունից ֆինանսական աջակցություն կստանա նաև փոքր և միջին բիզնեսը, ինչպես նաև առողջապահության, էլեկտրոնիկայի և 5G ոլորտներում բարձր տեխնոլոգիական նախագծերը։

Սա աննախադեպ ֆինանսական ծրագիր է Ֆրանսիայի համար, քանի որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է  Ֆրանսիայի տարեկան բյուջեի մոտ մեկ երրորդը։ Այդ միջոցների կեսը կազմում են Եվրամիության կողմից հուլիսին ընդունված տնտեսության փրկության 750 միլիարդ եվրո արժեցող նախագծի մի մասը։

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի թեստավորման ծրագիրը խիստ քննադատության է արժանանում։ Երկրի այն շրջաններ, որտեղ հայտնի է վարակման մեծ թվերի մասին, իշխանություններն ուղարկել են թեստավորման միջոցների հիմնական ծավալը։ Դա է պատճառը, որ Մեծ Բրիտանիայի մյուս շրջաններում էապես սրվել է թեստերի պակասի խնդիրը և համակարգչային ծրագիրը մարդկանց առաջարկում է թեստ հանձնել որոշ բնակավայրերից մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բժշկական հաստատություներում։ Համաճարակաբանները կարծում են, որ այդպիսի ռազմավարության պարագայում իշխանությունները անտեսում են կորոնավիրուսի նոր բռնկման վտանգը։

Բրիտանական կորոնավիրուսային քաղաքականության ասպեկտներից մեկը, որի պատճառով հաճախ քննադատվում են բրիտանական իշխանությունները, ծերանոցներն են։ Մարտից իշխանությունները չեն թույլատրում ծանր հիվանդություններ ունեցող ծերերին այցելությունը։ Որոշ քաղաքացիներ դատի են տվել բրիտանական կառավարությանը՝ պահանջելով վերականգնել հարազատներին ծերանոցներում այցելության հնարավորությունը։ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի գագաթնակետի օրերին մահացության դեպքերի մոտ մեկ երրորդը բաժին է հասել հենց այս հաստատություններին։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter