HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վեոլիա ջուր» ընկերությունում մասսայական կրճատումներ են. աշխատողները բողոքում են

«Վեոլիա ջուր» ընկերության Տնօրենների խորհուրդը օգոստոս ամսվա սկզբին ընդունել է որոշում, ըստ որի՝ հաստատվել են ընկերության նոր կառուցվածքը և նոր հաստիքացուցակը։ Աշխատակիցների պնդմամբ, այս որոշման հետեւանքով, աշխատանքային իրավունքների խախտումով, ընկերությունը կրճատելու է մոտ 80 հոգու։

Արարատի մարզում «Վեոլիա ջուր» ընկերության «Արարատ» տեղամասի առևտրային ծառայության պետ Անուշ Պետրոսյանին օգոստոսի 21-ին հրավիրել են ընկերության կենտրոնական գրասենյակ և ներկայացրել աշխատանքից ազատման հրամանը։ Անուշը 2017թ.-ից աշխատում է «Վեոլիա ջուր» ընկերությունում, իսկ մինչ այդ 11 տարի աշխատել է «Հայջրմուղկոյուղի» ընկերությունում։ Աշխատանքից ազատման հրամանն Անուշին զարմացրել է, քանի որ իր պնդմամբ նրանք կարողացել են արդյունավետ աշխատել և լավ արդյունքներ ունենալ։

Անուշից բացի, Արարատի մասնաճյուղի ևս 4 աշխատակից ազատման հրաման է ստացել։ Նրանցից 3-ը դատարան է դիմել, իսկ 2 հոգի դատարան չի դիմելու, քանի որ ի վիճակի չեն հոգալ դատական ծախսերը։ 

Անուշը կատարվածը կապում է 2018թ․-ին ընկերության ղեկավարների փոփոխությունների հետ։ 2018 թ․-ին ընկերության տնօրինությունը Անուշին և իր կոլեգաներից մի քանիսին փորձել է աշխատանքից հեռացնել՝ սեփական դիմումի հիման վրա։ Սակայն նրանք հրաժարվել են դիմում գրել, նշելով, որ ցանկանում են բնականոն աշխատել։ Արդյունքում ստացել են բանավոր նախազգուշացում, աշխատանքից ազատման սպառնալիքներ։

«Էդ օրվանից սկսեցին մեզ խոչընդոտել։ Խցանված կոյուղիները սարքելու համար Երևանից դիտավորյալ մեքենա չէին ուղարկում, որ բնակիչների բողոքը բարձրանար մեր դեմ։ Չաշխատող մեքենաները չէին վերանորոգում, ամեն ինչ անում էին, որ չկարողանանք աշխատել»,- ասում է Անուշ Պետրոսյանը։ Նրան նաև գրավոր նկատողություն են տվել 1 տարի առաջ թույլ տված տեխնիկական վրիպակի պատճառով։

Արարատի մասնաճյուղի շահագործման բաժնի պետ Ռոբերտ Ղազարյանին ևս նկատողություն են տվել ջրի լաբորատոր փորձաքննություն չանցկացնելու համար։ Նա նկատողությունը վերացնելու համար դիմել է դատարան, դատարանը նկատողությունն անվավեր է ճանաչել։

Անուշը նշում է, որ խախտվել են իր աշխատանքային իրավունքները, քանի որ նրան նախապես գրավոր ծանուցում չեն ուղարկել և նոր աշխատանք չեն առաջարկել։ Աշխատանքից ազատման հրամանում նշված է եղել, որ գործատուն կփոխհատուցի նախապես չծանուցելու վերաբերյալ տույժը, ինչպես նաեւ կհատկացնի արձակման նպաստ։

«Երևանից զանգ եմ ստանում, որ իմ հաստիքը կրճատվել է, և ուրիշ հաստիք չունեն ինձ համար, սակայն շատ հանգիստ կարող էին ինձ այլ աշխատանք առաջարկել, քանի որ իմ մասնաճյուղում մասնագետի, օպերատորի հաստիքները թափուր են։ Նույնիսկ եթե 10 դրամանոց աշխատավարձով աշխատանք էլ լիներ, իրենք պետք է ինձ հարցնեին, ցանկանում եմ, թե հրաժարվում եմ»,- ասում է նա։

Աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը վճարել պարտավորեցնելու պահանջով Անուշը դիմել է դատարան։

«Աշխատանքային իրավունքի պաշպանության գրասենյակ»-ի իրավախորհրդատու Անահիտ Ասատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գործատուն պարտավոր էր աշխատանքից ազատելուց 2 ամիս առաջ գրավոր ծանուցեր աշխատողին, որպեսզի վերջինս կարողանա նոր աշխատանք գտնել։

Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Օրենքով կարգավորվում է նաև այն, որ աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Datalex.am տեղեկատվական համակարգում այս պահին աշխատանքից ազատման հրամանը անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը վճարել պարտավորեցնելու վերաբերյալ «Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական 6 գործ է մուտքագրվել։

Աշխատանքից ազատման հրաման են ստացել «Վեոլիա ջուր» ընկերության այլ մասնաճյուղերի աշխատակիցներ։ Նրանց թվում են Արկադի Հասրաթյանը և Վազգեն Աղումյանը։ 

Արկադի Հասրաթյանը «Հայջրմուղկոյուղի» ընկերությունում սկսել է աշխատել 2004 թ․-ին, սկզբում որպես իրավաբան, այնուհետև՝ որպես Աշոցք մասնաճյուղի տնօրեն։ 2016 թ․-ից Արկադին զբաղեցրել է նույն բաժնի առևտրային ծառայության պետի պաշտոնը «Վեոլիա ջուր» ընկերությունում։ Իսկ Վազգեն Աղումյանը 2009 թ․-ից մինչև 2017-ը եղել է «Հայջրմուղկոյուղու» Ապարան տեղամասի պետը, այնուհետև «Վեոլիա ջուր» ընկերության Ապարանի բաժնի առևտրային ծառայության պետը։

Անուշ Պետրոսյանի աշխատանքից ազատման սցենարը գրեթե նույնությամբ կրկնվում է նաև Արկադիի և Վազգենի դեպքում։

Այսպես, Արկադիին օգոստոս ամսին Աշոցքից շտապ հրավիրել են Վանաձոր, որտեղ նրան տվել են աշխատանքից ազատման ծանուցումը։ Արկադիի խոսքով, նրան մանրամասն բացատրություններ չեն տվել, միայն տեղեկացրել են, որ օգոստոսի 5-ին «Վեոլիա ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նիստում հաստատվել է ընկերության նոր կառուցվածքը և նոր հաստիքակազմը։

«Այնպիսի վերաբերմունք ցույց տվեցին, կարծես 15 տարուց ավել այդտեղ չեմ աշխատել, ուժ ու եռանդս չեմ ներդրել․․․ իմ պարտականությունները գերազանց եմ կատարել, բոլոր ցուցանիշները բարձր են եղել, նույնիսկ նախազգուշացում չունեմ ստացած»,- պատմում է Արկադին։

Մեզ հետ զրույցում Արկադին պնդում էր, որ կառուցվածքային փոփոխությունների տակ ընկերությունն ուղղակի հեռացնում է այն «հնաբնակ» մասնագետներին, որոնք բարձրաձայնում են օրենքի խախտումների, վթարների նորոգումները ձգձգելու, բնակչության դժգոհության մասին և համամիտ չեն ղեկավարության տարբեր գործողությունների հետ։

Արկադիի խոսքով, պարբերաբար լինում են դեպքեր, երբ խոշոր օբյեկտների ապօրինի ջրօգտագործման դեպքերը ղեկավարների բանավոր հանձնարարությամբ ներվում են, իսկ անվճարունակ թոշակառուների դիմումները միանգամից մերժվում են։ 

««Վեոլիայում» ես և իմ պես մասնագետները դարձել են օտար, բնական է, որ կուզեն այսպիսի մարդկանցից ազատվել»,- ասում է Արկադի Հասրաթյանը։

Անցած տարի, երբ իր զբաղեցրած առևտրային ծառայության պետի հաստիքը կրճատվել է, նրան առաջարկել են ավագ մասնագետի թափուր պաշտոնը, ինչին Արկադին համաձայնել է։ Բայց այս անգամ աշխատանք չեն առաջարկել։ Իր խոսքով, Շիրակի բաժնում կա ավագ մասնագետի մի քանի հաստիք, բայց տնօրինությունը չի բացատրում, թե ինչու են հենց իրեն կրճատում, մասնագետների կարողությունները, կրթությունը և աշխատանքային փորձը հաշվի առնելը որևէ կերպ չի քննարկվում։

Այդ օրն Արկադին ծանուցումը չի ստորագրել և պատրաստվում է դիմել դատարան։ Նա նամակով դիմել է Ֆրանսիայում գտնվող «Վեոլիա Գրուպ» ընկերության գլխամաս, քանի որ իր կարծիքով ընկերության հայաստանյան մասնաճուղում կա շահերի բախում՝ գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը և իր տեղակալ Վահե Բաթոյանը ազգակիցներ են։

Ի տարբերություն Արկադիի՝ Վազգենը ստորագրել է աշխատանքից ազատման մասին հրամանը։ Նա նույնպես զարմացած է որոշմամբ, բայց դատարան չի դիմելու, քանի որ դա ենթադրում է մեծ փաստաբանական ծախսեր, որոնք նա չի կարող հոգալ։ «Վեոլիան» նրան վճարելու է արձակման նպաստ՝ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով։

Վազգենն ասաց, որ նրան նույնպես որևէ բացատրություն չեն տվել։ Նա իր ընտանիքի միակ աշխատողն է, համավարակով պայմանավորված՝ բարդ ֆինանսական իրավիճակում են, որդին նոր է վերադարձել ծառայությունից, իսկ կինը հիվանդության պատճառով չի կարող աշխատել, ուստի նա տնօրենին խնդրել է ցանկացած այլ աշխատանք առաջարկել իրեն։ Բայց պատասխան է ստացել, որ ազատ հաստիքներ չկան և կառուցվածքային փոփոխությունները Փարիզից եկած որոշում է։ 

««Վեոլիա ջուր» ընկերության տնօրինությունը  առաջին հերթին ազատում է այն աշխատողներին, որ ոչ մի ազգական, խնամի, բարեկամ չեն, իսկ երկրորդ հերթին նրանց, որ աշխատել են «Հայջրմուղկոյուղիում»՝ հին և փորձառու մասնագետներին»,- ասում է Վազգեն Աղումյանը։

Վազգենը մեզ տեղեկացրեց, որ Ապարան տեղամասի և ևս երեք այլ տեղամասերի առևտրային ծառայության պետի գործառույթները կատարելու է Աշտարակի տեղամասի առևտրային ծառայության պետը, որը փորձառու չէ և աշխատանքի է ընդունվել այս տարվա մարտ ամսին։ 

Կառուցվածքային փոփոխությունները որպես «նոու-հաու». «Վեոլիան» պարզաբանում է

Կրճատումների մասին պարզաբանումներ տալու խնդրանքով դիմեցինք «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն ընկերությունը չցանկացավ բանավոր պատասխանել մեր հարցերին։ Փոխարենը մեզ ուղարկեցին գրավոր պատասխան, որում նշված է, որ կառուցվածքային փոփոխությունները ընկերությունում իրականացվող բարեփոխումների առաջին քայլն են․

«Ներկայում ընթանում են կադրային փոփոխություններ, առկա թիմի վերապատրաստման, առաջնակարգ ու որակավորված մասնագետների ներգրավման աշխատանքներ։ Այս ամենն իրականացվում է մեր քաղաքացիների և նրանց մատուցվող ծառայությունների ու սպասարկման որակի բարելավման համար»։ Ընկերության պատասխանն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։ 

Արկադիի խոսքով, աշխատողներից շատերը փորձելու են դիմել նաև իշխանություններին և ներկայացնելու են երկու պահանջ՝ կասեցնել կրճատումների գործընթացը և ստուգումների ենթարկել «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter