HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Խոակին Կապառոս․ «Հավաքականում կան երիտասարդ խաղացողներ, որոնք ապացուցելու բան ունեն»

Հայաստանի ազգային հավաքականը մեծ խանդավառությամբ է մոտեցել Ազգերի լիգայի հերթական խաղարկությանը։ Այս մասին մրցաշարի մեկնարկային տուրի՝ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ խաղի նախօերին կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Ըստ իսպանացի մասնագետի Հյուսիսային Մակեդոնիան շատ լավ թիմ ունի, կան բարձրակարգ խաղացողներ, սակայն Հայաստանի ընտրանին էլ ամեն ինչ անելու է արժանի խաղ ցույցադրելու համար։

Մակեդոնացի լրագրողի հարցին, թե Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև տեղի ունեցած նախորդ հանդիպումներից որոշակի վերլուծություններ կատարե՞լ է, Կապառոսը նշեց, որ նույնիսկ մեկ շաբաթում շատ բան կարող է փոխվել աշխարհում, էլ չասած տարիների վաղեմության հանդիպումների մասին։ Իսպանացի մարզիչը չցանկացավ անդրադառնալ նախկինում կայացած խաղերին։

Հարցին, թե փորձելու՞ է իսպանական ֆուտբոլի ոճը ներդնել Հայաստանի հավաքականում, Խոակին Կապառոսը դա անհնար համարեց, քանի որ խոսքը տարբեր ֆուտբոլիստների մասին է․

«Ամեն դեպքում ես աշխատել եմ շատ բարձրակարգ թիմերում՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլի ամենաբարձր մակարդակի վրա։ Հույս ունեմ, որ իմ փորձով օգտակար կլինեմ Հայաստանի հավաքականին։ Թիմում կան և՛ վետերաններ, և՛ նորեկներ։ Երիտասարդ ֆուտբոլիստները ապացուցելու բան ունեն»,- ընդգծեց Խոակին Կապառոսը։

Անդրադառնալով այն հարցին, թե Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի հավաքականի խաղի վրա, Կապառոսը նշեց հետևյալը․

«Ամենաուժեղ ֆուտբոլիստը թիմում չէ, նամանավանդ այն դեպքում, երբ խոսքը Մխիթարյանի նման բարձրակարգ խաղացողի մասին է, բայց ունենք այն, ինչ ունենք, և այժմ թիմը պետք է կարողանա շատ ուժեղ թիմային խաղ ցուցադրել և կենտրոնանալ իր որակների վրա»։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի մեկնարկային տուրի Հյուսիսային Մակեդոնիա -  Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Սկոպյեի Տոշե Պրոեսկու անվան մարզադաշտում։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter