HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Նովիչոկ»-ը հայտնաբերվել է Նավալնու մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ

Գերմանիայի զինված ուժերի՝ Բունդեսվերի լաբորատորիան, «Charite» կլինիկայի խնդրանքով, հետազոտել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու մաշկի, արյան ու մեզի նմուշները և բոլոր երեքում հայտնաբերել «Նովիչոկ» խմբի թույնի հետքեր։ Այդ մասին գրում է «Der Speigel» պարբերականը։

Գերմանական պարբերականի տվյալներով՝ այդ մասին Բունդեսթագի անդամների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտպանության հարցերով պետական քարտուղար Գերդ Հուֆեն։ Նավալնու մաշկի, արյան և մեզի նմուշներում թույնի հետքերը եղել են նվազագույն, սակայն, այնուամենայնիվ, եղել են։ Նույն պարբերականը նաև գրում է, որ «Նովիչոկ»-ի հետքերը հաջողվել է հայտնաբերել նաև այն շշի վրա, որը եղել է ընդդիմադիր գործչի մոտ։ Նավալնու ընտանիքի անդամները պահել էին շիշը և փոխանցել Բեռլինի բժիշկներին։ Ենթադրվում է, որ Նավալնին շշից ջուր է խմել թունավորումից հետո, և այդ իսկ պատճառով թույնի հետքերը մնացել են շշի վրա։

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ին վատացել էր Տոմսկ-Մոսկվա ինքնաթիռում։ Նա հոսպիտալացվել էր Օմսկում, իսկ երկու օր անց տեղափոխվել Բեռլինի «Charite» կլինիկա։ Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Նավալնին Ռուսաստանում թունավորվել է «Նովիչոկ» խմբի թույնով։ Այդպիսի եզրահանգման գերմանացի բժիշկները եկել էին անալիզների արդյունքներից ելնելով, որն իրականացվել էր «Charite» կլինիկայի խնդրանքով։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Նավալնուն անվանել է «հանցագործության զոհ» և Ռուսաստանից պահանջում բացատրություններ։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները սպառնացել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Կրեմլն էլ հայտարարել է, որ չի տեսնում որևէ հիմնավորում՝ Ռուսաստանին առաջադրված մեղադրանքների հիմքում։

Լուսանկարը՝ Kirill Kudryavtsev/Agence France-Presse — Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter