HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ «Նովիչոկ»-ով Նավալնու թունավորումը լուրջ հետևանքներ կունենա Ռուսաստանի համար

Գերմանիայի կառավարությունը սեպտեմբերի 2-ին ստացել է «անհերքելի ապացույցներ» այն բանի մասին, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութից։ Նորությունը, որը գերմանական կառավարության հայտարարության մեջ կոչվում է «շոկային իրադարձություն», ստացվել է դաշնային ռազմական լաբորատորիայում իրականացված հետազոտությունից հետո։ Գերմանացի բազմաթիվ քաղաքական գործիչներ, Բունդեսթագի առանձին պատգամավորներից մինչև կանցլեր Անգելա Մերկելը, արդեն իսկ կարծիք են հայտնել Նավալնու թունավորման վերաբերյալ։ Նրանք Ռուսաստանից սպասում են բացատրությունների և պատրաստ են դիմել պատասխան քայլերի, եթե այդ բացատրություններն ընդունելի չլինեն։

Ալեքսեյ Նավալնին դեռևս գտնվում է Բեռլինի «Charite» կլինիկայում։ Նա արհեստական կոմայի մեջ է և միացված է թոքերի արհեստական շնչառության ապարատին։ Սեպտեմբերի 1-ին կլինիկայի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշվում էր, որ Նավալնու վիճակը լուրջ է, ախտանիշները աստիճանաբար վերանում են, սական  վերականգնումը, ամենայն հավանականությամբ, կլինի երկար, չեն բացառվում օրգանիզմի վրա երկարաժամկետ հետևանքների հնարավորությունը։

Դեռ նախորդ երկուշաբթի՝ օգոստոսի 24-ին կլինիկան հայտարարել էր, որ Նավալնու մոտ կասկածվում է թունավորում, քանի որ հայտնաբերվել են խոլինէսթերազի ինհիբիտորներ։ Այսինքն գերմանացի բժիշկները միանգամից հերքել էին ճնշման ընկնելու և նյութափոխանակության համակարգի խախտման վարկածները։ Նախորդ շաբաթ գերմանական «Spiegel» պարբերականը հայտնել էր, որ «Charite»-ի բժիշկներն օգնության համար դիմել են Բունդեսվերի՝ Գերմանիայի զինված ուժերի լաբորատորիաներից մեկին։

Մյունխենում գտնվող լաբորատորիայում, խիստ գաղտնիության պայմաններում, աշխատում են քիմիական զենքի և թույների հարցերով մասնագիտացված ռազմական փորձագետները։ Հենց նրանք են Նավալնու օրգանիզմում հայտնաբերել «Նովիչոկ»-ի հետքեր։ Տարածված հաղորդագրությունից հետո համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել կանցլեր Մերկելը, արտաքին գործերի նախարար Մաասը, ներքին գործերի, ֆինանսների, պաշտպանության, արդարադատության նախարարները և Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության առաջնորդը։ Գերմանիայի կառավարությունը խստագույնս քննադատել էր հարձակումը և հավելել, որ ռուսական կառավարությունը պետք է անմիջապես բացատրություն տա կատարվածի վերաբերյալ։ Գերմանիայի կառավարությունը խոստացել էր իրավիճակը քննարկել նաև ՆԱՏՕ-ի և Եվրամիության գործընկերների հետ, ինչպես նաև դիմել Քիմիական զենքի արգելման կազմակերպություն։

Գերմանական կառավարության անդամների ընդհանուր հայտարարությունից մի քանի ժամ անց Անգելա Մերկելը իր ելույթում Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել պատասխանել առաջադրված հարցերին։ Նա Նավալնիին անվանել է «հանցագործության զոհ» և հայտարարել, որ «ինչ-որ մեկը փորձել է լռեցնել նրան»։ «Մենք սպասում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը բացատրություններ կտա։ Հիմա առաջանում են դժվարագույն հարցեր, որոնց կարող է պատասխանել միայն Ռուսաստանի կառավարությունը և պետք է պատասխանի»,- հավելել է Մերկելը։ 

Օգոստոսի 2-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը։ Գերմանիայում ռուսական դեսպանության կայք էջում հրապարակվել է հանդիպման վերաբերյալ կարճ հաղորդագրություն, որտեղ ՌԴ դեսպանությունը կոչ է արել «գործընկերներին խուսափել պատահարի քաղաքականացումից» և հույս հայտնել «ամբողջական համագործակցության և տեղեկատվության փոխանակման»։ Տեղեկատվություն փոխանակում եզրույթը հղում է ՆԳՆ Տոմսկի շրջանային բաժնից ստացված տեղեկատվությանը, որն օգոստոսի 27-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունն ուղարկել էր Գերմանիայի արդարադատության նախարարություն։

Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի քրեական իրավունքի պրոֆեսոր Մարտին Հեգենի խոսքերով՝ գերմանական իրավապահ մարմինները կարող են ինքնուրույն որոշել՝ տրամադրել արդյոք հարցված տեղեկատվությունը ռուսական կողմին, հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին։ Ռուսաստանի դատախազությունը հիմնվում է Փոխադարձ իրավական օգնության եվրոպական կոնվենցիայի վրա։ Մարտին Հեգենի կարծիքով՝ «Գերմանիան Ռուսաստանին կտրամադրի տեղեկատվություն միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կիրականացնի անկախ օբյեկտիվ հետաքննություն։ Բարդ է ասել է, որ Գերմանիան կաջակցի և կընդունի հետաքննության արդյունքները, քանի որ վերջինս ունի քաղաքական մոտիվացիա»։

Մեկ այլ հարց է այն, թե արդյոք Գերմանիայի դատախազությունը կարող է հարուցել քրեական գործ։ Մարտին Հեգենը բացատրում է, որ Նավալնին Ռուսաստանի քաղաքացի է, որը թունավորվել է Ռուսաստանի տարածքում, ինչը դուրս է գերմանական արդարադատությունից։ «Այդուհանդերձ, այն կարող է հայտնվել գերմանական արդարադատության սահմաններում այն դեպքում, եթե արդեն «Charite»-ում գտնվելու ժամանակ, այսինքն Գերմանիայում, ի հայտ գան Ռուսաստանում իրականացված հանցագործության որոշակի լուրջ հետևանքներ։ Օրինակ՝ հաստատվեն օրգանիզմի համար վտանգավոր ծանր հետևանքներ»,- նշել է Հեգենը։

Հեգենն ամեն դեպքում այն մտքին է, որ Գերմանիան կարող է և կիրականացնի հետաքնություն, սակայն փաստը մնում է այն, որ դրա արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ Գերմանիայում դատարան դիմելու համար։ Սակայն այս պարագայում դատախազությունը պետք է որոշի, թե ինչպես օգտագործել հետաքննության արդյունքները. դրանք փոխանցել Ռուսաստան՞ն, թե՞ տրամադրել գերմանական կառավարությանը։

Գերմանիայի կողմից Ռուսաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներից մեկը «Հյուսիսային հոսք-2» գազատարն է, որի լոբինգով շարունակում է զբաղվել Գերմանիան, չնայած նրան, որ ԵՄ գործընկերների մի մասն իր հրապարակային անհամաձայնությունն է հայտնում գազատարի կառուցման վերաբերյալ։ «Charite» կլինիկայի առաջին հաղորդագրությունից անմիջապես հետո Կանաչների կուսակցության մի քանի պատգամավորներ առաջարկել են պատժամիջոցներ կիրառել գազատարի նկատմամբ։ Սա հատկանշական է այն պարագայում, որ կանաչները հենց ի սկզբանե եղել են գազատարի կառուցման ընդդիմադիրների շարքում։

Հիմա գազատարի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանն սատարում է նաև Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետգեն, որը հավակնում է նաև ՔԴԿ-ի ղեկավարի պաշտոնին։ «Անհրաժեշտ է Եվրոպայի պատասխանը։ Մենք պետք է բռնենք խիստ քաղաքական գիծ և պետք է պատասխանենք միևնույն լեզվով, որը հասկանում է Պուտինը։ Իսկ դա գազի արտահանումն է»։ Նրա հետ համաձայն է նաև Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ղեկավար, դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը։ «Եթե մենք մեր գործընկերների հետ միասին ցանկանում ենք Մոսկվային հստակ ազդակ ուղարկել, տնտեսական հարաբերությունները պետք է լինեն օրակարգում, իսկ դա նշանակում է, որ այդ թվում է նաև Հյուսիսային հոսք-2-ը»,- նշել է Իշինգերը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա ինքնաթիռում վատացել էր ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնու առողջական վիճակը։ Կիրա Յարմիշի խոսքերով՝ Տոմսկի օդանավակայանում Նավալնին միայն թեյ է խմել։ Օդանավի ուղևորները հրապարակել են տեսանյութ, որտեղ լսվում է, թե ինչպես է ճչում ընդդիմադիր գործիչը։

Օմսկում օդանավի արտակարգ վայրէջք կատարելուց հետո՝ Նավալնին հոսպիտալացվել է։ Այնտեղ նա միացվել է թոքերի արհեստական շնչառության ապարատին։ Օգոստոսի 22-ի առավոտյան Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել է Բեռլին։ Նրա աջակիցներից Լեոնիդ Վոլկովի խոսքերով՝ չարթերային թռիչքի համար վճարել են Բորիս Զիմինը և նրա ընտանիքին պատկանող հիմնադրամը, իսկ տեղափոխումը կազմակերպել է «Cinema for Peace» հիմնադրամը։

Ավելի վաղ, Նավալնու կողմնակիցները պնդում էին, որ նրան թունավորել են, սակայն ռուս բժիշկները թունավորման հետքեր չեն հայտնաբերել։ Չի հարուցվել նաև քրեական գործ՝ հնարավոր թունավորման փաստով։

Լուսանկարը՝ Markus Schreiber / POOL / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter