HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայում մեկնարկեց Հս․ Մակեդոնիայից կրած պարտությամբ

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Սկոպյեի Տոշե Պրոեսկու անվան մարզադաշտում։ Թիմերն ընդգրկված են C դիվիզիոնի երկրորդ խմբում։

Հանդիպումը մեր ընտրանու համար մեկնարկեց վատագույն սցենարով։ Արդեն 2-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Էլիֆ Էլմասի նկատմամբ, իսկ նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Էզգան Ալիոսկին։ Առաջին խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում։ Մեր թիմի կազմում ամենառեալ գոլային պահերն ունեցավ Ալեքսանդր Կարապետյանը․ առաջին դեպքում նրա գլխով հարվածը հետ մղեց մակեդոնացիների դարապասապահը, իսկ երկրորդ դեպքում հարվածը շեղ ընթացավ։ Խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականի դարպասին նշանակվեց ևս մեկ 11 մետրանոց, այս անգամ խաղի կանոնները խախտել էր Հովհաննես Համբարձումյանը, և 38-րդ րոպեին Իլիյա Նեստորովսկին դիպուկ հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ երկրորդ գնդակն ուղարկելով Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշող, 34-ամյա Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը։

Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ հավասար պայքարում, սակայն Հայաստանի հավաքականը ավելի համարձակ էր գրոհում, մեր թիմի խաղին ակտիվություն էին հաղորդել փոխարինման մտած Տիգրան Բարսեղյանն ու Էդգար Բաբայանը: Նրանք մի քանի հարվածներ կատարեցին մրցակցի դարպասին, սակայն դրանցից ոչ մեկն արդյունավետ չստացվեց։ Ամենաիրական գոլային պահը, սակայն, ունեցավ հենակետային կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը, որի մոտ տարածությունից կատարած հարվածը դրսի հատվածից դիպավ դարպասային ցանցին։ Խոակին Կապառոսի սաների՝ հանդիպման ընթացքում բեկում մտցնելու բոլոր ջանքերը, մեծ հաշվով, ապարդյուն անցան։ Միայն մրցավարի ավելացրած ամենավերջին րոպեին հաջողվեց գրավել Հյուսիսային Մակեդոնիայի դարպասը։ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի նկատմամբ կանոնները խախտելու համար 11 մետրանոց նշանակվեց, որն էլ հստակ իրացրեց Տիգրան Բարսեղյանը, և հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

C դիվիզիոնի երկրորդ խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 20։00-ին Էստոնիայի հավաքականը կընդունի Վրաստանի ընտրանուն։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականն իր հանդիպումը կանցկացնի 3 օր անց՝ սեպտեմբերի 8-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում՝ հյուրընկալելով Էստոնիայի ազգային ընտրանուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter