
Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափի հնգապատկման նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության դրամական փոխհատուցման չափը հնգապատկել: Գործող օրենքով վիրավորանքի համար փոխհատուցման չափը մեկ միլիոն դրամ է, զրպարտության համար` երկու միլիոն դրամ, պատգամավորն առաջարկում է փոխհատուցման չափը հնգապատկել` դարձնելով 5 և 10 միլիոն դրամ:
Ըստ նախագծի հեղինակի` տեղեկատվական դաշտում իրավիճակ է, երբ վիրավորանք և զրպարտություն գրեթե ամեն օր կարելի է հանդիպել մամուլում թե իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների հասցեին: Սիմոնյանն ընդգծեց` սա օրենք չէ լրատվամիջոցի դեմ, այլ` ստի, վիրավորանքի ու զրպարտության դեմ է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի համոզմամբ` գումարային շեմի բարձրացմամբ խնդիրը չի լուծվի. միտումնավոր իրականացվող վիրավորանքը և զրպարտությունմը քողարկելու միջոցներ կան:
«Այս կերպ մենք անհավասար պայմանների մեջ ենք դնում այն միջոցները, որոնք լրատվամիջոց են համարվում և այն տեղեկատվության միջոցները, որոնք չեն համարվում ԶԼՄ-ի կարգավորման առարկա: Խոսքը օրինակ՝ յություբյան ալիւքների մասին է, կեղծ օգտատերերի և այլնի: Նրանք կարող են կեղծ տեղեկատվություն հրապարակել, և ԶԼՄ-ները, հղում կատարելով սկզբնաղբյուրին, վերարտադրեն և պատասխանատվությունից կարող են խուսափել այդ կեղծ էջերը», -ասաց նա:
Կառավարության դիրքորոշումը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, ում խոսքով` արդար հավասարակշռություն պետք է լինի անձի արժանապատվության իրավական պաշտպանության և խոսքի ազատության միջև: Կառավարությունը սակայն համաձայն չէ փոխհատուցման չափը հնգապատկելուն, գործադիրն առաջարկում է վիրավորանքի դեպքում փոխհատուցման չափը սահմանել ոչ ավելի քան երկու միլիոն դրամ, իսկ զրպարտության դեպքում` ոչ ավելի քան երեք միլիոն: Այս առաջարկը նրա համար է, որ խոսքի ազատությունը չսահմանափակվի, նաև հիմք է հանդիսացել դատական գործերը, քանի որ նույնիսկ առավելագույն շեմը չի կիրառվում:
Նախագիծը ներկայացվեց քվեարկության Ալեն Սիմոնյանի առաջարկով, այն ընդունվեց և հստակեցվեց, որ Կառավարության առաջարկը կներկայացվի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ:
Լուսանկարում` ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը
Մեկնաբանել