HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպան պատրաստվում է կիրառել կորոնավիրուսի դեմ պայքարի շվեդական մոդելը. առանց ամբողջական սահմանափակումների ձմեռ է սպասվում

Եվրոպան պատրաստվում է կորոնավիրուսով առաջին ամբողջական ձմռանը և համավարակի երկրորդ ալիքին, սակայն միտված է խուսափել այնպիսի սահմանափակումներից, որոնք այս գարնանը կաթվածահար էին արել կյանքը հին աշխարհամասում։ Համընդհանուր կարանտինը մեծ հարված հասցրեց հանրությանն ու տնտեսությանը, այդ իսկ պատճառով քաղաքական գործիչները փնտրում են ուղիներ, որպեսզի եվրոպական երկրները կարողանան խուսափել ամբողջական սահմանափակումներից։ «BBC»-ն փորձել է հասկանալ, թե ինչու են եվրոպական երկրներն ամեն գնով փորձում խուսափել ամբողջական սահմանափակումներից։

Ամռան ամիսներին սահմանափակումներից դուրս գալը եվրոպական երկրներում ուղեկցվեց կորոնավիրուսի նոր դեպքերի աճով, սակայն այս օրերին մահացության ցուցանիշներն ու հոսպիտալացման ծավալները բարձր չեն։ Մարդիկ հոգնել են, դժգոհների և կարանտինի դեմ ցույցերի դուրս եկող քաղաքացիների թիվն աճել է։ Բիզնեսի, բնակչության և պետությունների եկամուտները կրճատվում են, իսկ արհեստական ճանապարհով տնտեսության խթանման ծախսերը շարունակաբար աճում։

Այս ամենը եվրոպացիներին հույս է տալիս ձմեռն անցկացնել առանց տոտալ սահմանափակումների՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ և՛ բժշկությունը, և՛ քաղաքացիները, և՛ մասնավոր ոլորտը աստիճանաբար հարմարվում են վիրուսի հետ կյանքին։ Նրանք կրում են դիմակներ, լվանում են ձեռքերը, պահում են սոցիալական հեռավորություն, աշխատում են տնից։ Էմոցիոնալ իտալացիները և իսպանացիներն իրենց պահում են ավելի պասիվ սկանդինավցիների նման և հույս ունեն, որ Եվրոպան կորդեգրի կորոնավիրուսի դեմ պայքարի շվեդական մոդելը, որտեղ չեն փակվել խանութները, սրճարանները, գրասենյակները և սահմանները։

Նոր սահմանափակումներին արդեն իսկ դեմ են արտահայտվել հին աշխարհամասի ամենաազդեցիկ քաղաքական գործիչները՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Էմանուել Մակրոնը, մինչ Լազուրե ափի իր նստավայրում Մերկելի հետ հանդիպումը, «Paris Match» ամսագրին տված հարցազրույցում նշել է. «Մենք չենք կարող մեզ թույլ տալ կանգնեցնել կյանքը երկրում։ Այդպես չի լինում, որ հասարակության մեջ առկա ռիսկերը զրոյացվեն»։

Մակրոնի հետ հանդիպումից հետո Մերկելը նշել է, որ ԵՄ-ում ոչ ոք չի ցանկանում գարնանային սարսափի կրկնություն, երբ երկրագնդի 450 միլիոն բնակչություն ունեցող քաղաքական և տնտեսական ամենամեծ միության անդամները հանկարծակի բաժանվեցին կամ սահմանազատվեցին միմյանցից։ «Որպես քաղաքական գործիչներ մենք պետք է ամեն գնով ձգտենք խուսափել սահմանների նոր փակումից։ Սակայն մենք պետք է գործենք միասնաբար»,- հավելել է Մերկելը։ Ամբողջական սահմանափակումների օրերին ԵՄ անդամ 27 պետությունները ոչ միայն փակեցին իրենց սահմանները աշխարհի առաջ, այլև՝ մեկը մյուսի։

Տնտեսագետները կարծում են, որ այս տարի Եվրոպական միության տնտեսության անկումը կգերազանցի 8 %-ը։ Կորոնավիրուսի առաջին ալիքի ընթացքում (2020 թվականի փետրվարից հուլիս) ծառայությունների ոլորտն ընդհանուր առմամբ կրճատվել է 16,4 %-ով, իսկ զբոսաշրջային ծառայությունների ոլորտի անկումը հասել է 75 %-ի։ Հուլիսի կեսերից աշխուժություն է նկատվել միայն ռեստորանային բիզնեսում, սակայն այնտեղ էլ շրջանառությունը վերականգնվել է կիսով չափ։ Հյուրանոցները և ավիաընկերությունները դեռ խորը ճգնաժամի մեջ են։

Այսպիսի տեմպերով բիզնեսը ոչ միայն չի կարող հաղթահարել կորոնավիրուսի երկրորդ ալիքը, այլև վտանգում է իր գոյությունը։ Իհարկե, դեռևս փաստ չէ, որ վիրուսը ձմռանը կվերադառնա նույն ուժգնությամբ, սակայն երկրորդ ալիքի վտանգը Եվրոպայում զգացվել է դպրոցականների և ուսանողների՝ ուսումնական հաստատություններ վերադառնալուց հետո։

Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան նշել է, որ Իտալիայում բացառվում է նոր սահմանափակումների հնարավորությունը։ «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ Իտալիայում հիվանդանոցներն առավել լավ են պատրաստված, անալիզներն առավել արագ են արվում, իսկ վարակվածների միջին տարիքը մոտ 30 է, որոնց մեծ մասը չունեն ախտանիշներ։ Օգոստոսի վերջի տվյալներով՝ Իտալիայի վերակենդանացման բաժանմունքներում գտնվող պացիենտների թիվը չի գերազանցում 70-ը, այն դեպքում, երբ գարնանն այդ թիվը գերազանցում էր 4000-ը։

Գերմանիայի առողջապահության նախարարը ևս փաստել է,որ Գերմանիայում չեն լինի ամբողջական սահմանափակումներ։ «Մենք վստահաբար մտնում ենք աշուն-ձմեռ շրջափուլ։ Մեր երկրում կարիք չի լինի կիրառել ամբողջական սահմանափակումներ»,- նշել է նախարար Յենս Շպանը։ Ըստ նրա՝ վստահության պատճառներից մեկն այն է, որ բժիշկները և քաղաքական գործիչները վերջին ամիսներին սովորել են առավել լավ պայքարել համավարակի դեմ։

Լուսանկարը՝ AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter