HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը կրկին ցանկանում է մասնավորեցնել առողջապահական ԲԿ-ները` առանց պրոֆիլի պահպանման. ԱԺ հանձնաժողովը դեմ է

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկին, որով մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական ընկերությունների պրոֆիլի պահպանման լիազորությունը յուրաքանչյուր դեպքով վերապահվելու էր Կառավարությանը:

Այս նախագիծը արդեն երկու անգամ ներկայացվել էր խորհրդարանական հանձնաժողովին, սակայն այս տեսքով պատգամավորները դեմ էին արտահայտվել` ընդգծելով, որ ճիշտ չէ խորհրդարանական նման լիազորությունը վերապահել Կառավարությանը, և պետք է յուրաքանչյուր դեպքով խորհրդարանին հաշվետվություն ներկայացվի մասնավորեցվող ընկերության պրոֆիլի պահպանման, չպահպանվելու դեպքում ընկերության հետագա գործունեության, տարածքով հետաքրքրված ընկերության և այլ հարցերի մասին:

Նախագծի հետաձգումից ամիսներ անց, սակայն, Կառավարության ներկայացուցիչը գրեթե նույն նախագիծը ներկայացրեց` մասնավորեցվող առողջապահական յուրաքանչյուր ընկերության պրոֆիլի պահպանման իրավասությունը վերապահելով իրեն: Սա առաջացրեց հանձնաժողովի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորների վրդովմունքը:

Այս անգամ նախագծի հիմնական զեկուցողը ոչ թե պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն էր, այլ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վարդան Կոստանյանը, որի խոսքով` մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական ընկերություններից հինգն է մնացել մասնավորեցնելու, որոնց մասնավորեցման փուլում մի շարք խնդիրներ են ի հայտ եկել: Այդ ընկերություններն են` Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Նևրոզների կլինիկան, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն, «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ-ն և «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն:

Ըստ Կառավարության ներկայացուցչի` առողջապահության ոլորտի մասնագետների հետ քննարկումների արդյունքում Կառավարությունը հանգել է այն եզրակացության, որ այս ընկերություններից պրոֆիլի պահպանման պահանջով մասնավորեցման է ենթակա միայն Ռադիոիզոտոպների արտադրության կլինիկան, մյուսները ենթակա են մասնավորեցման առանց պրոֆիլի պահպանման: Հիշեցնենք, որ Կուրորտաբանության ինտիտուտը զբաղվում է Հայաստանի հանքային ջրերի ուսումնասիրությամբ: Այն իր տեսակով Հայաստանում միակն է: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը մեզ հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ Կուրորտաբանության ինստիտուտի դեպքում առհասարակ չի քննարկել պրոֆիլի փոփոխությունը, քանի որ գիտական պոտենցիալի մասին Կառավարությունում քաջատեղյակ են, սակայն չեն բացառում, որ ինստիտուտն այլ տարածքում գործի:

Փոխնախարարը նաև ընդգծեց, որ օրինակ` Նևրոզների կլինիկան բավարար եկամուտ չի կարողանում ապահովել, իսկ մյուս տարվանից սկսած առողջապահության նախարարությունը մտադիր չէ այդ կլինիկային պետպատվեր տրամադրել, ինչն էլ կարող է հանգեցնել ընկերության լուծարման:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց` մի քանի անգամ հետաձգելուց հետո հարցը նույն տեսքով հանձնաժողովին ներկայացնելը անհարգալից է հանձնաժողովի և առհասարակ խորհրդարանի նկատմամբ: Պատգամավորը կոչ արեց կոնկրետ առաջարկի դեպքում մեկ այլ նախագիծ ներկայացնել` հավելելով, որ եթե օրինակ՝ Անձավաբուժական կենտրոնի տեղում մտադրություն կա 50 հարկանի կոմպլեքս կառուցել, ապա այդ տեսքով պետք է նախագիծ ներկայացնել: Թունյանի խոսքով` հարցը կքննարկվի նաև առողջապահական ոլորտի ներկայացուցիչների և ԱԺ համապատասխան հանձնաժողովի անդամների ներկայությամբ:

Նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց:

Լուսանկարում` Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter