HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանի ափին քաղաքաշինական նորմերի խախտումներով առանձնատուն է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ ««Սևան» ազգային պարկ»-ին պատկանող ափամերձ տարածքում 2019 թ.-ից նոր առանձնատուն է կառուցվում։ Կառուցապատումը քաղաքաշինական նորմերի խախտմամբ է իրականացվում։ «Հետք»–ը պարզել է, որ կառուցապատողը ճանապարհաշինական «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է։

Արման Հակոբջանյանը ԼՂՀ քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի որդին է։ Մարատ Հակոբջանյանը հիմնադրել է ճանապարհաշինական խոշոր՝ «Կապավոր» ՍՊ ընկերությունը, որի տնօրենների խորհրդի նախագահը Արման Հակոբջանյանն է։ «Կապավոր» ՍՊԸ-ն ճանապարհներ է կառուցել Արցախում և Հայաստանում։ Այս ընկերությունը եղել է Վանաձոր–Ալավերդի–Բագրատաշեն ճանապարհի կապալառուներից մեկը։ Արման Հակոբջանյանը հրաժարվեզ մեզ պարզաբանում տալ։

««Սևան» ազգային պարկ»-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնք, գյուղ Դրախտիկ, 1-ին փողոց 88/3 հասցեում գտնվող 1066 քմ և նույն փողոցի 88/4 հասցեի 1000 քմ հողամասերի կառուցապատման իրավունքը պատկանում է Արման Մարատի Հակոբջանյանին։ Կառուցապատման իրավունքը հողամասերի նկատմամբ ծագել է 2018 և 2019 թթ.-ին՝ նվիրատվության պայմանագրի հիման վրա։ Այսինքն` Արման Հակոբջանյանը նվեր է ստացել ազգային պարկին պատկանող ընդհանուր 2066 քմ հողի կառուցապատման իրավունքը։

Հողահատկացումը կատարվել է կառուցապատման իրավունքի նպատակով, որի ժամկետը սահմանված է մինչև 2032 թ.-ը։ Հողակտորների վարձավճարը սահմանվել է 10660 և 10000 դրամ։ «Սևան ազգային պարկ»-ից հարցրել էինք նաև, թե ի՞նչ նիշերի վրա են գտնվում հողամասերը։ Պարզվում է՝ դրանք գտնվում են 1900,58-ից մինչև 1913,72 մետր նիշերի վրա։ Սա այն դեպքում, երբ «Սևան ազգային պարկ»-ն այս տարի գույքագրել է Սևանի ափին գտնվող և 1905 բացարձակ նիշերից ներքև գտնվող շինությունները, որոնք պետք է քանդվեն, քանի որ Սևանի մակարդակը պետք է բարձրանա մինչև 1903.5 նիշ, իսկ ալիքի բարձրությունը հաշվարկվել է 1.5 մ։

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը Արման Հակոբջանյանին 2019 թ.-ի սեպտեմբերի 2-ին տրամադրել է ճարտարապետահատակագծային առաջադրանք (Նախագծման թույլտվություն)։ Ըստ այդ փաստաթղթի` պետք է նախագծվեր Դրախտիկ 1-ին փողոց 88/3–4 հասցեում անհատական հանգստի գոտի։ Հողամասը հատուկ պահպանվող հողերի նպատակային նշանակություն ունի։ Ճարտապետահատակագծային պահանջներից է եղել նախագծել քոթեջային անհատական հանգստի գոտի, կառուցապատման ծավալը հողամասի 23%-ը պետք է կազմի, իսկ կանաչապատման ծավալը՝ 80 %: Կոյուղու համար պետք է նախատեսել մաքրման կայան հանգստացողների քանակի հաշվարկով։ Լրացուցիչ պայման է սահմանվել պարզ և բնապահպանական փորձաքննությունը։ Նախագծման թույլտվությունից 18 օր հետո՝ 2019 թ.-ի սեպտեմբերի 20-ին Շողակաթ համայնքի ղեկավարը կառուցապատողին տրամադրել է շինարարական թույլտվություն։

2020 թ.-ի օգոստոսի 31-ին Շողակաթ համայնքի ղեկավարը կասեցրել է նախկինում իր տրամադրած նախագծման և շինթույլտվության որոշումները։ Համայնքի ղեկավարն այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 31-ին խախտումներ է հայտնաբերել նախագծման թույլտվության տրամադրման կարգում։ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի պաշտոնակատար Սարգիս Պետրոսյանը տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հուլիսի 14-ի հանձնարարագրով ուսումնասիրել է Դրախտիկ 1-ին փողոց 88/3-4 հասցեում հանգստի գոտու կառուցման համար տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախագծման թույլտվությունը տրամադրվել է կառավարության 2015 թ.-ի 596-Ն և 2015 թ.-ի 2404-Ն որոշումներով սահմանաված կարգերի խախտումներով, որի կապակցությամբ Շողակաթ համայնքի ղեկավարը ենթարկվել է 50 հազար դրամ վարչական պատասխանատվության, իսկ ճարատարապետահատակագծային առաջադրանքը կասեցվել է։ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի պաշտոնակատար Սարգիս Պետրոսյանի որոշման մեջ ասված է․ «ՀՀ օրենսդրության սահմանված կարգով ճարտարապետահատակագծային առաջադրանքի (կից ներկայացվող կառուցապատման սխեմայով) տրամադրման գործառույթն իրականացնել՝ համաձայնեցնելով պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ»։

Կառավարության 2015 թ.-ի 596-Ն որոշմամբ սահմանված է, որ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, պատմամշակութային հուշարձանների և դրանց պահպանական գոտիների տարածքներում կառուցապատվող հողամասն ընդգրկող տարածքի համար սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծի բացակայության դեպքում, ինչպես նաև N 4 հավելվածի N 3 ցանկով սահմանված հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտներ ու քաղաքաշինական համալիրներ նախագծելիս` առաջադրանքով կարող է նախատեսվել նաև նախագծի միջանկյալ` «Էսքիզային նախագիծ» կամ «Կառուցապատման սխեմա» փուլի մշակման պայման` օբյեկտի ծավալատարածական և ճարտարապետահատակագծային լուծումներն իրավասու մարմնի կամ շահագրգիռ մարմինների հետ նախապես համաձայնեցման համար: Կառավարության 2015 թ.-ի 2404-Ն որոշումն էլ վերաբերում է միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումներին։ Սահմանված է, որ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները և դրանց հարող տարածքներն առանձնացվում են որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ: Որոշման 4-րդ կետը սահմանում է, որ «Նոր կառուցապատման իրականացումը, գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցումը և գործառական նշանակության փոփոխությունն իրականացնել սահմանված կարգով` ապահովելով բնակավայրերից դուրս տարածքներում ճանապարհի կողային տեսանելիության պահանջները՝ հաշված երթևեկելի մասի եզրից` ա) միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար` 18.0 մետր, բ) հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար` 15.0 մետր»:

Մարատ Հակոբջանյանի կառուցապատումը սկիզբ է առնում անմիջապես Սևան-Ծովագյող-Վարդենիս Մ–14 հանրապետական նշանակության ճանապարհից։ Պարսպի մյուս մասն էլ ձգվում է մինչև Սևանա լիճը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը այս տարվա օգոստոսի 29-ին ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այս կառուցապատմանը՝ նշել էր, որ ինչպես այդ տարածքում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան պարիսպներն են ձգվում մինչև լիճը, այնպես էլ՝ նոր կառուցվողինը։ Նույն օրը շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ շինարարությունը կասեցվել է։ 2020 թվականի օգոստոսի 26-ին՝ Շրջակա միջավայրի նախարարության ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի և Սևանի մասնաճյուղի աշխատակիցներն արձանագրել են, որ սույն շինարարությունն իրականացվել է ազգային պարկի ենթակա տարածքում՝ առանց բնապահպանական փորձաքննության։ Դավիթ Գրիգորյանը կցել է նաև ազգային պարկի տեսուչների կազմած արձանագրությունը, որը նույնպես ստորագրված է օգոստոսի 26-ի ամսաթվով։

«Թեև տարածքի վարձակալն ունեցել է համայնքի կողմից տրամադրված շինարարության թույլտվություն, սակայն հաշվի առնելով պարտադիր բնապահպանական փորձաքննության անցկացման անհրաժեշտությունը՝ ««Սևան» ազգային պարկը» համապատասխան ծանուցմամբ տեղեկացրել է շինության սեփականատիրոջն առկա անհամապատասխանության մասին։

«ՇՄԱԳ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի համաձայն՝  բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող ցանկացած գործունեություն ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության։ Ելնելով վերոգրյալից, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով, օրենքով սահմանված կարգով շինարարությունն անհապաղ դադարեցվել է»,- նշել է Դավիթ Գրիգորյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter