HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ հանձնաժողովը մերժեց միայնակ թոշակառուների կոմունալ վարձավճարների փոխհատուցման նախագիծը

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր կոմունալ վճարումների համար դրամական փոխհատուցում տրամադրել միայնակ տարեց թոշակառուներին (5000-ական դրամ):

Հիմնական զեկուցողի խոսքով` նախագծի շահառուները այն թոշակառուներն են, որոնք չունեն ժառանգներ, և կենսաթոշակը նրանց միակ եկամուտն է: Պատգամավորը հայտնեց, որ այցելել է հեռավոր համայնքներ և պարզել, որ այնտեղ տները հիմնականում փայտով են ջեռուցվում, իսկ մեկ խորանարդ մետր փայտի արժեքը 20 հազար դրամից ավելի է:

Սրբուհի Գրիգորյանի ներկայացրած վիճակագրության համաձայն` Հայաստանում հաշվառված է 11 851 միայնակ տարեց, որոնցից յուրաքանչյուրին եթե պետական բյուջեից ամսական կտրվածքով փոխհատուցվի 5000 դրամ, ապա տարեկան կտրվածքով փոխհատուցման ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 711,1 մլն դրամ:

Կառավարության տեսակետը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանը, որը հիշեցրեց, որ Կառավարությունն արդեն իսկ իրականացնում է կոմունալ վարձավճարների փոխհատուցման ծրագիր, ուստի նպատակահարմար չէ նման նախաձեռնությունը: Փոխնախարարը նաև ընդգծեց, որ հստակ չէ, թե այս նախագծով ովքեր են դառնալու շահառուներ, քանի որ օրենսդրության մեջ չկա նման ձևակերպում` միայնակ տարեց թոշակառու, կան միայնակ թոշակառուներ, որոնք խնամողներ չունեն, սակայն այս շարքում կան նաև հաշմանդամության կարգ ունեցող թոշակառուներ, որոնք տարեց չեն: Փոխնախարարի խոսքով` սպառված գազի և էլեկտրաէնեգիայի  փոխհատուցման ծրագրով Կառավարությունն առնվազն 4200 դրամի աջակցություն է տրամադրում: Նման աջակցություն տրամադրվում է 70 հազար ընտանիքի:

Սրբուհի Գրիգորյանը հակադարձեց` գյուղական համայնքների մեծ մասում գազ չկա, ուստի սպառած գազի 30% փոխհատուցումն անիմաստ է: Փոխնախարարը հստակեցրեց` 7759 ընտանիք սպառած գազի փոխհատուցում է ստանում, 10815 ընտանիք` էլեկտրաէներգիայի:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել և նեկայացնել լրամշակված տարբերակը, օրինակ՝ սպառած էլեկտրաէնեգիայի փոխհատուցման չափն ավելացնել` հաշվի առնելով, որ որոշ համայնքներում բնական գազ չկա, սակայն Սրբուհի Գրիգորյանը նախագիծը ներկայացրեց քվեարկության: Նախագիծը հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter