HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խաղողի բերքն առատ է, բայց մթերողները ֆինանսական դժվարություններ ունեն

Այս տարի Հայաստանում ակնկալվում է խաղողի տեխնիկական տեսակների մոտ 175 հազար տոննա համախառն բերք։ Նախորդ տարիների համեմատ բերքն առատ է, ինչը մթերման դժվարություններ կարող է առաջացնել: Դրա նախադրյալներն արդեն կան: Մի շարք գործարաններ կրճատել են մթերման ծավալները: Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների, սպառման ցածր ցուցանիշների, տնտեսական ակնկման պատճառով ընկել է նաեւ մթերման գինը:

Օրեր առաջ Արմավիրի մարզի Այգեվան, Սարդարապատ, Բամբակաշատ համայնքների խաղողագործները բողոքի ակցիա էին իրականացնում: Սարդարապատցի Կարեն Սիսակյանն ասում է, որ այս տարի խաղողի մթերման գինը գործարաններն իջեցրել են: Եթե նախորդ տարի կոնյակի հումքի համար խաղողը մթերվել է 150-160 դրամով, այս տարի 135 դրամ են առաջարկում, իսկ գինու խաղողի գինը 220-230 դրամից նվազել է 160 դրամի:

Թեև սեպտեմբերի 1-ից որոշ գործարաններ արդեն սկսել են խաղողի մթերման գործընթացը, սակայն հիմնական բերքահավաքը սպասվում է սեպտեմբերի 12-ից հետո: «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ մթերման գործընթացը կանոնակարգելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը ընթացիկ տարվա խաղողի մթերման ծավալների մոնիթորինգ է կատարել, ըստ որի՝ մթերող ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մթերելու շուրջ 177 հազար տոննա խաղող։

Նախարարի տեղակալի փոխանցած տվյալներից դատելով՝ գործարանները մթերելու են արտադրված ամբողջ խաղողը, մինչդեռ իրականությունն այլ է: Գյուղացիները փաստում են, որ գործարանները կրճատել են մթերման ծավալները: Օրինակ՝ խաղողի մթերման ծավալները կրճատել է «Երևանի կոնյակի գործարան»-ը, որի հետ գյուղացիներն ունեն պայմանագրեր: Բողոքի ակցիայի ժամանակ նրանք նաև այս առնչությամբ էին դժգոհում:

«Երևանի կոնյակի գործարան»-ի մամուլի պատասխանատու Զարուհի Սարիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պայմանավորված ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակով՝ գործարանն, իրոք, այս տարի նվազեցրել է մթերումների ծավալը: Սակայն, Զ. Սարիբեկյանը հավաստիացնում է, որ այն գյուղացիները, ովքեր ունեն նախապես կնքված պայմանագրեր, մթերման դժվարություններ չեն ունենա:

«Ընդհանուր դաշտը շատ խառն է, մարդիկ կան, որ պայմանագրեր չունեն և այլն, այստեղ է խնդիր առաջանում, որը մեր գործարանի հետ կապ չունի»,-նշում է Զ. Սարիբեկյանը՝ հավելելով, որ տարվա սկզբին և ընթացքում գյուղացու հետ գործարանի մասնագետներն արձանագրում են ակնկալվող բերքը և ընթացքում, կախված եղանակային պայմաններից, հավելվածների տեսքով վերանայվում է քանակը:

«Երևանի կոնյակի գործարան»-ն այս տարի մթերելու է 25 000 տոննա: 2019թ.-ին գործարանը մթերել է 29 000 տոննա: Մամուլի պատասխանատուի խոսքով՝ գործարանն այս տարի խաղողը մթերելու է 155 դրամով՝ նախորդ տարվա 150 դրամի փոխարեն: Գինը բոլորի համար նույնն է՝ անկախ կոնյակի համար պիտանի խաղողի տեսակից կամ շաքարայնության աստիճանից:

«155 դրամը մեր կողմից ներկայացվել է բոլոր շահագրգիռ կողմերին, առաջին հերթին գյուղացուն՝ դեռևս ապրիլ ամսից: Այդ ժամանակ է սկսվել պայմանագրերի կնքումը և անհասկանալի է գյուղացիների դժգոհությունը»,-ասում  Զարուհի Սարիբեկյանը: Նրա հավաստմամբ՝ «Երևանի կոնյակի գործարան»-ը չի դիմել կառավարության աջակցման ծրագրերին:

Էկոնոմիկայի նախարարության հարցումների համաձայն՝ կոնյակի արտադրության նպատակով գնվող խաղողի գինն այս տարի տատանվելու է 135-155 դրամի միջակայքում, իսկ գինու արտադրության նպատակով խաղողը կգնվի համեմատաբար ավելի բարձր գնով:

«Հիմնական խնդիրներից են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված պատրաստի արտադրանքի իրացման ծավալների նվազումը, ֆինանսական մուտքերի կրճատումը և ազատ պահամանների սակավությունը»,-ասում է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նշենք, որ Կառավարության 2020թ. օգոստոսի 13-ի նիստում ընդունվել է էկոնոմիկայի նախարարության մշակած «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը հաստատելու մասին» թիվ 1355-Լ որոշումը։

Կառավարությունը որոշել է աջակցել խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողներին պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացման հետ կապված ռիսկերը մեղմելու, խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման պայմանները բարելավելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումներն առանց խոչընդոտների իրականացնելու հարցերում:

Ինչպես տեղեկացնում է փոխնախարարը, որոշումը կայացնելիս հաշվի են առել նաև վերամշակողների առաջարկությունները: Միջոցառման շրջանակներում, Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող սուբսիդավորման ծրագրով խաղողի մթերման վարկերը կտրամադրվեն 0% տոկոսադրույքով և 2 տարի մարման ժամկետով: Մինչև 6 ամիս արտոնյալ ժամկետ է տրվում մայր գումարի մարման համար։ Խաղողի մեծաքանակ մթերումներ իրականացնելու նպատակով մեծացվել է նաև տրամադրվող վարկերի չափը՝ մինչև 3 մլրդ դրամ։ Բացի այդ, փոփոխություններ են կատարվել նախարարության կողմից իրականացվող ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում: Գյուղատնտեսական հումքի վերամշակում իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող լիզինգի չափը 450 մլն դրամից դարձել է մինչև 1 մլրդ դրամ: Իսկ այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը 100 հազար լիտրը (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող չափով կոնյակ և կոնյակի սպիրտ իրացնող, այդ թվում՝ արտահանող տնտեսավարողներին նախատեսվել է ցուցաբերել լրացուցիչ աջակցություն՝ իրացման ծավալից կախված:

Սակայն, պարզվում է, որ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումից ոչ բոլոր խաղող մթերողներն են կարողանում օգտվել, ինչն էլ իր հերթին անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում շուկայում: Ծրագրի շահառու դառնալու պարտադիր պայման է, որ մթերող ընկերությունն ունենա բարվոք վարկային պատմություն, և վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չունենա գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պատմություններ:

ՄԱՊ ընկերության ֆինանսական տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ  գործարանը խաղողի մթերման տասնյակ տարիների փորձ ունի, սակայն այս տարի, պայմանավորված կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններով, իրավիճակը փոքր-ինչ այլ է: Գործարանը չի կարողացել ստանալ Կառավարության աջակցությունը՝ 0%-ով վարկ, քանի որ ունեցել է ժամկետանց վարկեր: Ա. Խաչատրյանը կարծում է, որ այդ կետի վրա չպետք է ուշադրություն դարձնեին, քանի որ բոլոր դեպքերում ֆինանսավորումը կատարվում է բանկերի կողմից: Մինչդեռ, ըստ ֆինանսական տնօրենի, ՄԱՊ-ը բանկերի համար հուսալի գործընկեր է, և այժմ էլ ստիպված է լինելու նույն բանկերից 8%-ով դոլարային վարկ վերցնել, որպեսզի կարողանա գյուղացիներին վճարել: Մինչդեռ կարող էին վարկ ստանալ 0%-ով:

«Ծրագրում առաջ քաշված պայմանը, կարծում եմ, իրատեսական չէ, քանի որ այս տիպի ձեռնարկություններն ունեն տարբեր տեսակի վարկեր, վարկային փաթեթներ: Ենթադրենք՝ 5-10 վարկ ունենք, եթե ամեն վարկն էլ ամսվա ընթացքում 1-2 օր ուշացնենք, ստացվում է, որ տարվա կտրվածքով մոտ 60-70 օր ուշացում ենք ունենում, բայց ոչ դասակարգում: Հետաքրքիր է, որ այս պայմաններում բանկերը մեզ ճանաչում են որպես բարեխիղճ վարկառու, բայց կառավարության որոշման մեջ այդ կետը շատ խիստ է դրված: Հույս ունենք, որ այդ կետը մի քիչ կմեղմացնեն, քանի որ բերքը շատ է, գործարանները պետք է կարողանան այդ ծավալի բերքը մթերել: Մենք էլ մտածում էինք կառավարության ընդունած 24-րդ ծրագրին կմասնակցենք, բայց չստացվեց: Հիմա մթերումն իրականացնելու ենք մեր ուժերով»,-ասում է Անդրանիկ Խաչատրյանը:

ՄԱՊ-ը 15 000 տոննա խաղող մթերելու պայմանագիր ունի գյուղացիների հետ: Անդրանիկ Խաչատրյանն ասում է, որ եթե Կառավարության աջակցությունը լիներ, ավելի շատ կարող էին մթերել՝ 20 000 տոննա և ավելի: Այս տարի կոնյակի համար նախատեսված  սպիտակ սորտերը ՄԱՊ-ում մթերելու են 140 դրամով, իսկ կարմիր սորտի խաղողը՝ 170: Նախորդ տարվա համեմատ այս տարի խաղողի գինը ՄԱՊ-ում ևս էժանացել է: Անդրանիկ Խաչատրյանը պարզաբանեց, որ գնի նվազումը պայմանավորված է Հայաստանում արտադրանքի իրացման ծավալների նվազմամբ՝ մոտ 50%:

Գործարանի ֆինանսական տնօրենը նշեց, որ փոխարենն աճել են արտահանման ծավալները, քանի որ նոր գործընկերներ են կարողացել գտնել, և այս տարվա մեծ ծավալի մթերումն էլ հենց այդ հանգամանքով է պայմանավորված: «Այս տարի աննախադեպ խաղողի բերքատվություն է: Սեփական այգիներ էլ ունենք, տեսնում ենք: Ամեն դեպքում գործարանի հնարավորություններն անսահմանափակ չեն, որ կարողանանք ամբողջ խաղողը մթերել: Մեզ էլ վտանգ կա, չենք կարողանա այդքան գումար վճարել, ոչ էլ ցանկանում ենք գյուղացուն վատ վիճակի մեջ դնել: Մենք զուգահեռ նաև լոլիկի բերքն ենք ընդունում, արդեն 2500 տոննա լոլիկ ենք ընդունել»,-նշեց Անդրանիկ Խաչատրյանը:

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ պարբերաբար հանդիպել են խաղողագործների հետ, լսել նրանց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերել են խաղողի մթերման գներին և գործարանների կողմից օգտագործվող կշեռքների ճշգրտությանը: Շուկայական տնտեսության պայմաններում մթերման գները ձևավորվում են առաջարկի և պահանջարկի հիման վրա և, ըստ նախարարի տեղակալի, պետական կառավարման մարմինները գների ձևավորմանը միջամտելու իրավասություններ չունեն։

«Ինչ վերաբերում է կշեռքների ճշգրտության վերաբերյալ մտահոգությանը, ապա Էկոնոմիկայի նախարարի հրամանով հանձնարարվել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրենին, որ մինչև մթերումներ սկսելն ապահովի խաղող մթերող կազմակերպությունների մթերման կետերում տեղակայված կշեռքների ստուգաչափումը և կապարակնքումը, ինչպես նաև կստեղծվեն մոնիտորինգային խմբեր, որոնք մթերման ժամանակաշրջանում ամենօրյա այցեր կիրականացնեն մթերման կայաններ ողջ գործընթացի վերահսկելիությունն ապահովելու նպատակով»,-փոխանցում է Արման Խոջոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter