HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ասում են՝ հաղթողին չեն դատում, բայց պետք է իրատես լինել

Չնայած երեկ Հայաստանի ազգային հավաքականը 2-0 հաշվով առավելության հասավ Էստոնիայի նկատմամբ՝ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում տանելով առաջին հաղթանակը, զգացողությունները մի տեսակ հակասական են:

Պատճառը, թերեւս, այն է, որ հանդիպումից առաջ շատերս այլ ֆուտբոլ էինք սպասում մեր ընտրանուց: Ասում են՝ հաղթողին չեն դատում, բայց պետք է իրատես լինել ու խոստովանել, որ մերոնց թերացումներն ու վրիպումներն անհետեւանք էին մնում էստոնացիների շոշափելիորեն թույլ լինելու «շնորհիվ»: Այս պարագայում, «C» լիգայի 2-րդ խմբում ունենալով էստոնացիներից ավելի ուժեղ Հս. Մակեդոնիայի ու Վրաստանի նման մրցակիցներ, պետք է մանրակրկիտ ուսումնասիրել եւ շտկել բացթողումները հոկտեմբերյան խաղերից առաջ, որոնց արդյունքները զգալի ազդեցություն են ունենալու խմբում առաջին տեղը գրավելու նպատակի իրականացման վրա: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին մեր ընտրանին Երեւանում ընդունելու է Վրաստանին, իսկ նույն ամսվա 14-ին հյուր է գնալու Էստոնիային:

Վերադառնալով երեկվա խաղին՝ նշենք, որ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Սկոպիեի առաջին հանդիպման համեմատ 3 փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում: Պաշտպանությունում Համբարձումյան-Հարոյան-Չալըշըր եռյակին Սերոբ Գրիգորյանի փոխարեն ձախից միացել էր Արման Հովհաննիսյանը: Հենակետայինի գոտում կրկին Գրիգորյան-Վբեյմար զույգն էր, ենթահարձակվողի գոտում Արշակ Կորյանն էր, ինչպես առաջին խաղում, իսկ ահա եզրային կիսապաշտպաններն այս անգամ առաջ էին քաշվել՝ դառնալով հարձակվողներ: Ձախից Բայրամյանի փոխարեն Ղադիմյանն էր, աջից՝ Բարսեղյանը Կամո Հովհաննիսյանի փոխարեն: Կենտրոնում Կարապետյանն էր:

Մարզչի ընտրությունը հասկանալի էր. ընտրվել էր ընդգծված հարձակողական կազմ, քանի որ սեփական հարկի տակ հաղթանակը օդ ու ջրի պես հարկավոր էր առաջին խաղում պարտված մեր թիմին, ընդ որում՝ աթլետիկ տվյալներով էստոնացիների դեմ այս խաղում նախապատվությունը տրվել էր հենց Ղադիմյանին ու Բարսեղյանին, որոնցից առաջինը Սկոպիեում այդպես էլ չխաղաց, այսինքն՝ Բայրամյանի համեմատ ավելի թարմ էր, նաեւ ֆիզիկական տվյալներով Խորենից ավելի խոշոր է, ինչը կարող էր օգտակար լինել, մասնավորապես, օդային մենապայքարներում, իսկ Բարսեղյանի ներկայությունը սպասված ու հասկանալի էր, քանի որ վերջինս, Սկոպիեում դուրս գալով փոխարինման եւ թարմություն մտցնելով խաղի մեջ, ցույց տվեց, որ պետք է լիներ մեկնարկային կազմում:    

Միանգամից ասենք, որ Ղադիմյանն ակնկալիքները չարդարացրեց. բելառուսական «Նեմանի» առաջատարներից մեկն աչքի ընկնելու հնարավորություններ ուներ, որոնցից հատկապես մեկը երկրորդ կեսում, երբ մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Հեյնի դեմ, պարտավոր էր եզրափակել գոլային հարվածով, սակայն ինքն իրեն խաբեց, խճճվեց ու ընկավ խոտածածկին՝ կորցնելով գոլ խփելու հրաշալի առիթը: Զարմանալի էր, որ Կապառոսը միայն 73-րդ րոպեին փոխարինեց Գեղամին, այնինչ դրանից ավելի շուտ կարելի էր սպասել նույն Բայրամյանին, ով չնայած փոքրամարմին է, բավականին ճկուն եւ շարժունակ է եւ կարող է բարձրահասակ ու համեմատաբար դանդաղ մրցակցի հոգնած պաշտպանների նյարդերը քայքայել:

Էլ ավելի զարմանալի էր Ազգերի լիգայի այս խաղարկության առաջին երկու խաղերում ենթահարձակվողի պատասխանատու դիրքում Կորյանի ներկայությունն ամբողջ 2,5 ժամ: Արշակն առաջին խաղում հանդես եկավ 90 րոպե, իսկ Երեւանում փոխարինվեց միայն 64-րդ րոպեին, չնայած թվում էր, թե երեկվա խաղում գոնե երկրորդ խաղակեսի մեկնարկից պետք է տեսնեինք Վահան Բիչախչյանին: Անկեղծ լինենք՝ Կորյանի գործողություններն անցած երկու խաղերի կտրվածքով չեն տպավորել: Բնականաբար, թիմում կա խաղակցվածության խնդիր, ինչի մասին գրել էինք նախորդ հոդվածում, եւ այդ մասին երեւանյան հանդիպումից առաջ ասաց նաեւ Կորյանը: Բայց դրանից զատ՝ պետք է փաստել, որ Կորյանն այս ընթացքում աչքի չի ընկել խաղ կառուցելու, գրոհներ սկսելու, եզրերի, հենակետայինների ու հարձակման թեւի միջեւ կապող օղակի դեր խաղալու հատկանիշներով: Հենց այս ֆոնին է, որ հարց է ծագում, թե նրանից ինչով է պակաս Բիչախչյանը:

Ճիշտ է, հենց Կորյանի փոխանցման շնորհիվ 43-րդ րոպեին Կարապետյանը գեղեցիկ հարվածով գրավեց Էստոնիայի դարպասը, սակայն դրանից զատ դժվար է հիշել այլ վտանգավոր դրվագ՝ ստեղծված ենթահարձակվողի կողմից: Ավելին՝ Կորյանի փոխանցումներում շատ էր խոտանը, դրանք հաճախ չէին հասնում հասցեատիրոջը արագ եւ ոչ դիպուկ լինելու պատճառով, ինչից ընկնում էր առանց այն էլ աչք չշոյող խաղի տեմպը:

Մերոնց խաղը դժգույն էր հատկապես առաջին կեսում, այնինչ սպասելի էր, որ հենց խաղասկզբից Կապառոսի թիմը նետվելու է առաջ՝ արագ գոլ խփելու եւ հանդիպման ելքը կանխորոշելու: Ակնկալիքներին հակառակ՝ Հայաստանի հավաքականը շարժվում էր դանդաղ, մի տեսակ ծանր: Իմաստալից, սուր գրոհներ եւ անցումներ չէինք տեսնում, շատ էին փոխանցումները դեպի հետ: Մակեդոնացիների հետ մրցավեճի նման այս անգամ էլ տեսանք Վբեյմարի սխալ փոխանցումները հենակետայինի գոտում, որոնք չեզոքացնելով, էստոնացիները, բարեբախտաբար, չկարողացան վտանգավոր հակագրոհներ ձեռնարկել մեր դարպասի ուղղությամբ:

Քանի որ ենթահարձակվողի գոտում խաղ կառուցել չէր ստացվում, հայ ֆուտբոլիստները փորձում էին խաղը սրել թիկունքի եզրերից դեպի գրոհի կենտրոն ու թեւեր երկար փոխանցումներ կատարելով, բայց դրանք էլ պարբերաբար ձախողվում էին կա՛մ ոչ դիպուկ լինելու, կա՛մ էստոնացի պաշտպանների ջանքերով: Մեկ անգամ չենք գրել, որ երկար օդային փոխանցումները մեր թիմի ոճը չեն: Դրա համար մենք չունենք համապատասխան կատարողներ, ավելին՝ հավաքականի կազմում, մեր գնահատմամբ, միայն մի հոգի կա, ով գլխով կարողանում է իսկապես բարձրակարգ խաղ ցույց տալ: Դա Ալեքսանդր Կարապետյանն է, բայց նա էլ չի կարող ամեն անգամ հաղթող դուրս գալ մրցակցի պաշտպանների շրջափակման մեջ (խոսքը գլխով գոլ խփելու մասին է, եւ այստեղ կարող ենք առանձնացնել նաեւ Հովհաննես Համբարձումյանին): Լրիվ այլ հարց է օդից եկած գնդակների հետեւից արագ հասնելու եւ ոտքով սանձելու ունակությունը, որը բարձրակարգ հավաքականներում եւ ակումբներում առանցքային դեր ունի:

Հայաստանի հավաքականի խաղաքարտը արագ եւ լայն ճակատով սուր գրոհներն ու հակագրոհներն են, որոնք զարգանում են ոչ թե հեռահար օդային, այլ մեկ-երկու կարճ եւ միջին տարածության դիպուկ եւ կտրող փոխանցումներով: Պատմական հաղթանակներ գրանցելիս մեր թիմը մեկ անգամ չէ այսպես գոլեր խփել: Անհրաժեշտ է նաեւ զարգացնել 20-25 մ եւ ավելի մեծ տարածություններից ուժեղ հարվածների կուլտուրան: Անգուլոյի գոլը դրա ապացույցն է:  

Երեկվա հանդիպմանը բեկումնային եղավ 43-րդ րոպեին Կարապետյանի գոլը, որից հետո՝ երկրորդ խաղակեսում, մերոնք ավելի վստահ ու աշխույժ սկսեցին գործել, փոխանցումներն ավելի հստակ ու հասցեական էին, չնայած ռեալ գոլային պահեր Կապառոսի սաները չկարողացան շատ ստեղծել:

Թարմություն հաղորդեցին Բայրամյանն ու Բիչախչյանը: Վերջինս իր նորամուտի խաղում կարող էր աչքի ընկնել մեկի փոխարեն երկու անգամ: Եթե երկրորդ հարվածը շեղ ստացվեց, ապա առաջինի դեպքում դարպասապահը կրծքով հեռացրեց գնդակը, սակայն Կարապետյանը սկուտեղի վրա այն մատուցեց Անգուլոյին, ում հեռահար, ուժեղ հարվածից հետո գնդակն ուղղահայաց դարպասաձողից անդրադարձով մտավ ցանցը: Գեղեցիկ գոլ էր, ինչպես առաջինը: Եթե Սաշան ազգային թիմում անցկացրած 15-րդ խաղում խփեց իր 6-րդ գոլը, ապա Անգուլոն արդեն երկրորդ խաղում բացեց գոլերի հաշիվը:

Կապառոսը գոհ է մնացել թիմի խաղից, ինչը հասկանալի է. այս կազմում նորեկները շատ են, ինքը՝ մարզիչն էլ, նոր է. միմյանց ավելի լավ ըմբռնելու, աստիճանաբար հունի մեջ ընկնելու խնդիր կա, չմոռանանք նաեւ, որ հոկտեմբերին սպասվում է այս անգամ տարբեր պատճառներով հավաքականին չմիացած Մխիթարյանի, Ղազարյանի ու Ադամյանի ներկայությունը: Մարզիչները պետք է նաեւ վերջինների կարեւոր մասնակցությամբ փորձեն կյանքի կոչել իրենց մտահղացումները: Թե ինչ կստացվի իսպանացի մարզիչների ու հայ ֆուտբոլիստների համագործակցությունից, ցույց կտա ժամանակը:

Մեր խմբում ընդգրկված Վրաստանն ու Հս. Մակեդոնիան երեկ Թբիլիսիում 1-1 խաղացին, ինչը բխում է մեր շահերից: Այս պահին նշված երկու թիմերը 4-ական միավորով գլխավորում են խումբը, սակայն 3 միավոր ունեցող Հայաստանի ընտրանին արդեն հոկտեմբերին կարող է ստանձնել խմբի առաջատարությունը:

Լուսանկարները՝ ՀՖՖ ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter