HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է իր հասցեին մահվան սպառնալիքների մասին

Բելառուսում իշխանության զավթման գործով ձերբակալված Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է ուժայինների կողմից սպառնալիքների մասին։ Նա գտնվում է Մինսկի քննչական մեկուսարանում, որտեղ սեպտեմբերի 10-ին նա հարցաքննվել է կասկածյալի կարգավիճակում։

Կոլեսնիկովան մտնում է Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության կազմում։ Այս շաբաթ Բելառուսի ուժայիններն սկսել են այդ կազմակերպության անդամների նկատմամբ հետապնդումներ։ Կազմակերպության նախագահության միակ անդամը, որը շարունակում է մնալ ազատության մեջ, Գրականության նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչն է։ 

Սեպտեմբերի 10-ի առավոտյան Մարիա Կոլեսնիկովայի պաշտպանը Բելառուսի քննչական կոմիտե հայտարարություն է ներկայացրել՝ քրեական գործ հարուցելու համար։ Նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի շտաբը հայտնել է, որ հայտարարության մեջ նշվում են Բելառուսի կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության և Պետական անվտանգության կոմիտեի կոնկրետ պաշտոնյաների անվանումներն ու պաշտոնները, որոնք սպառնացել են Կոլեսնիկովային։

«Նշված անձինք սպառնացել են ինձ զրկել կյանքից։ Մասնավորապես, նրանք հայտարարել են, որ եթե ես ինքնակամ չլքեմ Բելառուսի Հանրապետության տարածքը, ինձ ամեն դեպքում դուրս կհանեն. ողջ, թե մաս առ մաս։ Նրանցից ոմանք էլ հայտարարել են, որ ինձ կազատազրկեն մինչև 25 տարով, կալանավայրում ինձ համար խնդիրներ կստեղծեն»,- նշվում է հայտարարության մեջ։

Կոլեսնիկովան պատմել է նաև իր առևանգման մանրամասները։ «Այն բանից հետո, երբ Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները հասկացան, որ ինքնակամ Բելառուսից չեմ հեռանա, իմ գլխին պարկ անցկացրեցին, մտցրեցին միկրոավտոբուս և տարան բելառուսա-ուկրաինական պետական սահման, որտեղ ուժի գործադրմամբ, իմ կամքին հակառակ, փորձեցին ինձ դուրս վռնդել Բելառուսի Հանրապետությունից»,- նշել է նա։ Երբ Կոլեսնիկովան պատռել է իր անձնագիրը, որպեսզի չկարողանան իրեն հանել երկրից, նրան նորից նստեցրել են միկրոավտոբուս և տարել Մոզիրի սահմանային ջոկատ, որտեղ գտնվել է մինչև սեպտեմբերի 8-ի առավոտ։

«Իմ նկատմամբ կիրառվել են քրեօրեն պատժելի մի քանի արարքներ. մարդու առևանգում (Բելառուսի ՔՕ, հոդված 182), անօրինական ազատազրկում (Բելառուսի ՔՕ, հոդված 183), մահվան սպառնալիքներ (Բելառուսի ՔՕ, հոդված 186)»։

Մարիա Կոլեսնիկովան պահանջում է քրեական գործ հարուցել այդ անձանց նկատմամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Բելառուսի ընդդիմության համակարգող խորհուրդը հայտարարել էր, որ Մինսկի կենտրոնում անհետացել է Մարիա Կոլեսնիկովան։ Ավելի ուշ, պարզ դարձավ, որ նա առևանգվել է։ Ընդդիմադիր երկու այլ գործիչներ՝ Իվան Կրավցովը և Անտոն Ռոդնենկովը տեղափոխվել են Ուկրաինա։

Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան Կոլեսնիկովայի, Ռոդնենկովի և Կրավցովի անհետացումն անվանել էր ընդդիմությանը վախեցնելու նպատակ հետապնդող գործողություն, որը միտված է համակարգող խորհրդի աշխատանքների տապալմանը։

Լուսանկարը՝ Sergey Gapon / AFP / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter