HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինչն է կանգնած Եվրոպայում կորոնավիրուսի ցուցանիշների աճի հետևում և ինչու պետք չէ խուճապի մատնվել

Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ, որոնց թվում են Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան, ահազանգում են կորոնավիրուսի վարակվածների թվի աճի կապակցությամբ։ Ֆրանսիան Եվրոպայում երրորդն է մահացության ցուցանիշներով (ավելի քան 30 000)՝ զիջելով միայն Մեծ Բրիտանիային և Իսպանիային։ Վերջերս այնտեղ գրանցվել է օրական կտրվածքով վարակման դեպքերի ռեկորդ (մոտ 1700), իսկ ընդհանուր առմամբ Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 344 հազարը։

Մահացության ցուցանիշներով էլ Ֆրանսիան աշխարհում յոթերորդն է, և երկրի իշխանությունները հետևում են վիրուսի տարածման տեմպերին, որպեսզի անհրաժեշտության դեպքում խստացվեն կարանտինային սահմանափակումները։ Ֆրանսիայի իշխանությունները մտահոգ են, որ 2020 թվականի նոյեմբերին երկրում կարող է սկսվել հիվանդության երկրորդ ալիքը։

Իսպանիայում, որտեղ կարանտինային սահմանափակումները սկսեցին թուլացվել 2020 թվականի հունիսին, արդեն հուլիս ամսից կրկին սկսեցին աճել վարակման նոր դեպքերի թվերը։ Երկրում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսի 534 000 դեպք։ Մահացության ցուցանիշներով Իսպանիան մի փոքր է զիջում Ֆրանսիային։

Մեծ Բրիտանիայում, որն առաջատարն է Եվրոպայում կորոնավիրուսի ցուցանիշներով, միայն վերջին երեք օրերին նոր դեպքերի թիվը գերազանցել է 2000-ը։ Վարակման աճի միջին մակարդակը 4 անգամ գերազանցում է հուլիսի միջին ցուցանիշներին։

Արդյո՞ք այս թվերի աճն արտահայտում է Եվրոպայում իրավիճակի իրական պատկերը։ «BBC»-ն փորձել է հասկանալ, թե արդյոք անհանգստանալու կարիք կա։ Առկա իրավիճակի իրական պատկերը հասկանալու համար, մասնագետներն առաջարկում են ուշադրություն դարձնել հետևյալ հինգ կարևոր գործոնների վրա.

1.Հիվանդության «գագաթնակետը» իրականում գագաթնակետ չէր

Մեծ Բրիտանիայում ապրիլին գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 6000 նոր դեպք, ինչը ենթադրում է, որ սեպտեմբերի այս օրերին գրանցված նոր դեպքերի թիվը մոտենում է այդ գագաթնակետին։ Սակայն Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակի սկզբին, ինչպես եվրոպական մյուս երկրներում, անալիզներն անում էին միայն հիվանդանոցներում գտնվող պացիենտների համար, քանի որ ոչ ոք պատրաստ չէր զանգվածային թեստավորման։ Իսկ ընտրողական թեստավորումը ենթադրում էր, որ բնակչության հիմնական հատվածը չի հայտնվել բժիշկների ձեռքում, այն դեպքում, երբ ներկայումս թեստավորումը դարձել է զանգվածային։ Դա է պատճառը, որ այսօրվա թվերի համեմատումը, այսպես կոչված, պիկի թվերի հետ, որը գրանցվել է մարտ-ապրիլ ամիսներին, տեղին չէ։

Հիգիենայի և արևադարձային բժշկության Լոնդոնի դպրոցի գնահատականներով՝ մարտին վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում կարող էր հասնել 100 000-ի։ Սակայն այդ մասին ոչ ոք չգիտի, քանի որ զանգվածային թեստավորումը սկսվել է միայն մարտի կեսերին, իսկ իրավամբ զանգվածային այն դարձել է միայն վերջերս (Գերմանիայում և Իսպանիայում ավելի վաղ)։

Պարզ է, որ նույնիսկ այսօր հնարավոր է լինում հայտնաբերել վարակման ոչ բոլոր դեպքերը, սակայն այդ թիվը չի հասնում 5 %-ի, ինչպես դա եղել է համավարակի սկզբին։ Այնպես որ, եթե նույնիսկ վիճակագրորեն աճում է նոր դեպքերի թիվը, այսօր վարակման մակարդակը շատ ավելի քիչ է, քան պիկի ժամանակ։

2.Լրացուցիչ թեստերի գործոն

Արդեն այն բանից հետո, երբ սկսվեց զանգվածային թեստավորումը, ամենօրյա և ամենշաբաթյա թեստերի թիվն սկսեց աճել։ Սա կապված է նրա հետ, որ բացվում են նոր կենտրոններ և աճում է լաբորատորիաների թողունակությունը։ Իսկ դա նշանակում է, որ հիմա մասնագետները կարող են ավելի լավ հետևել վիրուսի տարածմանը, քան զանգվածային թեստավորման սկզբնական շրջանում։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ նոր դեպքերի թիվն իրոք սահմռկեցուցիչ է, սակայն եթե հաշվի առնենք, որ հունիսի կեսերին թեստերի թիվը 80 %-ով աճել է, վարակման թվերի աճը այդքան էլ մեծ և սահմռկեցուցիչ չէ։

3.Վարակման օջախներում իրականացվում է զանգվածային թեստավորում

Թեստավորման իրականացման հնարավորությունների ընդլայնումը նշանակում է, որ իշխանությունների ձեռքերն այլևս կապված չեն։ Այսօր, օրինակ, Մեծ Բրիտանիայի կառավարության տրամադրության տակ կան ավելի քան 100 մոբիլ լաբորատորիաներ, որոնք հնարավոր է ուղարկել վարակման օջախներ։ Դա հնարավորություն է տալիս այդպիսի շրջաններում թեստավորել այնպիսի մարդկանց, որոնք չունեն նույնիսկ ակնհայտ ախտանիշներ։

Նույնը կատարվում է նաև այլ երկրներում։ Օրինակ, Իսպանիայում թեստավորվում են ամբողջական շրջաններ, որտեղ նկատվում է վարակման թվերի աճ։ Այդպիսի օջախներին հատուկ ուշադրության տրամադրումը նշանակում է, որ վիճակագրորեն պետք է աճեն նաև դրական թեստերի թվերը։ Օրինակ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում նոր դեպքերի մեկ քառորդը գրանցվել է 20 մունիցիպալիտետներում, որոնք կազմում են երկրի մունիցիպալիտետների ընդհանուր թվի միայն 5 %-ը։

4.Հոսպիտալացվածների թվի աճը ցածր է վարակվածների թվի աճից

Վերջին մի քանի օրերի ընթացքում Մեծ Բրիտանիայում մի փոքր աճել են կորոնավիրուսով ախտորոշված պացիենտների հոսպիտալացման թվերը, սակայն այն աճում է ոչ այնքան արագ, ինչպես վարակման դեպքերի թվերը։ Պատկերը շատ հեռու է նրանից, որը դիտվել է մարտին, երբ հիվանդանոցները բառացիորեն լեփ լեցուն էին։ Իրավիճակը նույնն է նաև Իսպանիայում և Ֆրանսիայում։

Հիմնական բացատրություններից մեկը կայանում է նրանում, որ թեստավորման ընթացքում հայտնաբերվում են անսիմպտոմ դեպքեր, որոնց պարագայում հոսպիտալացման կարիք չկա։ Դերակատարություն ունի նաև այն հանգամանքը, որ նոր դեպքերը հիմնականում հայտնաբերվում են երիտասարդների շրջանում, որոնց մոտ հիմնականում հիվանդությունն ունենում է թեթև ընթացք։ Ընդ որում, հիվանդության աճը մեզ հիշեցնում է այն մասին, որ վիրուսը որևէ տեղ չի անհետացել և համավարակի արագ էսկալյացիան նախկինի պես հնարավոր է։

5.Վարակման նոր դեպքերը հիմնականում արձանագրվում են երիտասարդների շրջանում

Անգլիայի հանրային առողջապահության համակարգի տվյալներով՝ 20-39 տարեկան անձանց շրջանում ամենաշատն է հայտնաբերվում կորոնավիրուս, քան տարիքային մյուս խմբերի շրջանում։ Հարց է առաջանում,թե ինչու է սա տեղի ունենում։

Պատճառները կարող են լինեն վարքագծային կամ ժողովրդագրական: Երիտասարդներն ստիպված են լինում գնալ աշխատանքի, որն իր տեսակով կարող է ենթադրել տարբեր մարդկանց հետ շփումներ։ Երիտասարդները հաճախ կիսում են տունը կամ բնակարանը ընկերների հետ։ Եվ վերջիվերջո նրանք սիրում են այցելել տարբեր հաստատություններ, ինչպես օրինակ, բարեր, սրճարաններ կամ էլ գիշերային ակումբներ։

Պատճառներից մեկն էլ դարձյալ կարող է լինել այն, որ կորոնավիրուսի թեստավորումը հասանելի է դարձել հանրության լայն շրջանակների համար։ Զանգվածային թեստավորման արդյունքում բնակչության այս խմբի շրջանում հայտնաբերված դեպքերի թիվը, այդուհանդերձ, չի ազդել հիվանդանոցներում առկա պատկերի վրա, քանի որ դեպքերի մեծ մասում հիվանդությունն ունի թեթև ընթացք և չի ենթադրում հոսպիտալացում։

Լուսանկարը՝ Richard Heathcote/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter