HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայում և Ուկրաինայում գրանցվել են կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր, իսկ Կատալոնիան նոր բռնկման վտանգի առջև է

Սեպտեմբերի 11-ին լրացել է կես տարին այն օրվանից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է COVID-19-ի համավարակի մասին։

Այն տարածվել է ողջ աշխարհում, բացառությամբ մի քանի կղզային երկրների։ ԱՀԿ-ի տվյալներով` կորոնավիրուս չի հայտնաբերվել Վանուատուում, Կիրիբատիում, Միկրոնեզիայում, Տոնգայում, Պալաուում, Տուվալուում, Նաուրուում, Սողոմոնի և Մարշալյան կղզիներում, ինչպես նաև Սամոայում։ Չկան տեղեկություններ նաև Թուրքմենստանում և Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի դեպքերի մասին, չնայած այս երկրների պարագայում փորձագետներն այն կարծիքին են, որ իշխանությունները թաքցնում են իրական տվյալները։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ներկայում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի գրեթե 28,6 միլիոն դեպք, մահացել մոտ 917 հազար մարդ։

Ֆրանսիայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 9 843 նոր դեպք, ինչը կորոնավիրուսի համավարակից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է այս երկրում։ Սեպտեմբերի 11-ին ֆրանսիական իշխանությունները խստացրել են մի շարք սահմանափակումներ, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր տոտալ լոքդաունից։

Իսպանիայի Կատալոնիա ինքնավար շրջանում սեպտեմբերի 11-ին նշվում է Կատալոնիայի ազգային օրը, ինչի կապակցությամբ տեղական իշխանությունները փողոց են հանել մոտ 48 հազար մարդու։ Տոնակատարության շրջանակներում, շրջանի ողջ տարածքում, կազմակերպվել է շուրջ 100 երթ։ Կատալոնիայի ազգային ասամբլեան պնդում է, որ ձեռնարկվել են անվտանգության բոլոր միջոցները և պահպանվել են հիգիենայի կանոնները։ Ավելի վաղ, Բարսելոնայի բժշկական քոլեջի նախագահ Խաումե Պադրոսը իշխանություններին և քաղաքացիներին կոչ էր արել հրաժարվել զանգվածային միջոցառումներից։

Արևմտյան Եվրոպայի մի շարք շրջաններում համաճարակաբանական իրավիճակը դարձյալ վատացել է։ Իսպանիան, վարակվածների թվով, կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է (մոտ 576,7 հազար)։ Այստեղ մահացել է մոտ 29,7 հազար մարդ։

Համավարակի ողջ ընթացքում Շվեյցարիան հազվադեպ է հիշատակվել կորոնավիրուսի վերաբերյալ լուրերի տեսանկյունից։ Սակայն վերջին մի քանի օրերին Ֆրայբուրգ կանտոնի երկու ծերանոցներում կորոնավիրուսի բռնկում է սկսվել։ COVID-19 է հայտնաբերվել 90 մարդու մոտ (ծերանոցի 58 շահառուի և 32 աշխատակցի), 8 մարդ էլ մահացել է։ Սոցիալական ծառայությունները փորձում են տարեց մարդկանց բաշխել հիվանդանոցներով, որտեղ նրանք կստանան ավելի լավ խնամք։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով շվեյցարական ծերանոցներում էականորեն կրճատվել է նաև աշխատակիցների թիվը։ Շվեյցարիայում վարակվածների թիվը գերազանցում է 46 հազարը, մահացել է ավելի քան 1700 մարդ։

Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել նաև Ուկրաինայում (3 144) և Չեխիայում (1 382)։ Երկու երկրների իշխանություններն էլ կարծում են, որ մարդիկ թուլացրել են զգոնությունը և սկսել չհետևել հիգիենայի կանոններին։

Մի քանի ժամից Մեծ Բրիտանիայում դարձյալ պարտադիր կդառնա երկշաբաթյա պարտադիր կարանտինը բոլոր այն անձանց համար, որոնք կվերադառնան Պորտուգալիայից։ Բացառություն են կազմում միայն Ազորյան կղզիները և Մադեյրան։ Կարանտինը վերականգնվում է նաև Հունգարիայից ժամանածների վրա, իսկ Անգլիան (Ուելսից և Շոտլանդիայից առանձին) ցուցակում ներառել է նաև Ֆրանսիական Պոլինեզիան։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները Հունգարիայում և Պորտուգալիայում առկա համաճարակային իրավիճակը համարում են անբարենպաստ, սակայն զուգահեռաբար պարտադիր կարանտինի ենթակա երկրների ցանկից հեռացրել են Շվեդիային, որը կորոնավիրուսի համավարակից ի վեր չի գնացել լոքդաունի։

Հնդկաստանում դարձյալ գրանցվել է օրական կտրվածքով հակառեկորդ (մոտ 96 000 նոր դեպք)։ Արդեն մեկ շաբաթից ավելին է երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցում է 90 հազարը։ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 4,5 միլիոնը (երկրորդն է աշխարհում), մահացել է մոտ 77,6 հազար մարդ։

ԱՄՆ-ն շարունակում է առաջատարը մնալ կորոնավիրուսի ընդհանուր ցուցանիշներով և մահվան դեպքերի թվով։ Երկրի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին կոչ է արել ամերիկացիներին «տնից դուրս չգալ» առաջիկա ամիսներին։ «Չի կարելի թերագնահատել համավարակի պոտենցիալը։ Չի կարելի հուսադրվել և նայել վարդագույն ակնոցներով։ Մենք պետք է ցուցաբերենք ուշադրություն և կարողանանք հաղթահարել առաջիկա աշունն ու ձմեռը, որը հեշտ չի լինելու»,- նշել է Ֆաուչին։

Համավարակի ողջ ընթացքում Ֆաուչիի և Դոնալդ Թրամփի միջև բազմիցս առաջացել են տարաձայնություններ՝ կարանտինի նկատմամբ ունեցած տարբեր հայացքների պատճառով։ Օգոստոսին բժիշկը խոստովանել էր, որ իր հասցեին ստացել է մահվան սպառնալիք, իսկ նրա դուստրերին հետապնդել են հասակակիցները։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter